HAK nkar2015թ.-ի մայիսի 16-ին կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության հերթական նիստը:

Նիստի սկզբում հաշվետվությամբ և Հայաստանի պետաիրավական համակարգում ստեղծված իրավիճակի և զարգացման տենդենցների վերլուծությամբ հանդես եկավ Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա նախանշեց համակարգում առաջացած այն խնդիրների շրջանակը, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում և որոնք հաղթահարելու ուղղությամբ էլ Կոնգրեսը պետք է գործողություններ իրականացնի:

Հաղորդմամբ հանդես եկան կուսակցության փոխնախագահներ, ԱԺ պատգամավորներ Լ. Զուրաբյանը և Ա.Մանուկյանը, որոնց ղեկավարությամբ Կոնգրեսի աշխատանքային խմբերը`մայիսի 17-ին նախատեսված տեղական հանրաքվեների նախապատրաստական փուլում, այցելել և հանդիպումներ էին ունեցել Տավուշի մարզի Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք և Լոռվա մարզի Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ և Քարինջ բնակավայրերի բնակչության և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Լ. Զուրաբյանը և Ա. Մանուկյանը նշեցին, որ հանդիպումների ժամանակ մանրամասն ներկայացվել է Կոնգրեսի տեսակետը համայնքների խոշորացման հարցում, ծանոթացել են բնակչության և տեղական իշխանությունների ներկայացուցիչների մոտեցումներին: Քննարկումների ընթացքում հավաստիացրել են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում Կոնգրեսի ներկայացուցիչները և Ազգային ժողովում Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը կգործադրեն բոլոր ջանքերը` քաղաքացիների կամարտահայտության իրական արդյունքները պաշտպանելու համար:

Վարչությունը հավանություն տվեց էլեկտրաէներգիայի թանկացման հարցով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նախաձեռնությանը, քննարկվեց էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու հարցում տարբեր քաղաքական ուժերի և հասարակական նախաձեռնությունների հետ համագործակցելու և համատեղ գործողություններ իրականացնելու հնարավորությունը:

Pin It on Pinterest