[youtube id=”IA7p9IZOQ0E” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ի նիստին քննարկման դրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Նշենք, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջարկվել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը, ում հարցեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.

«Այն հարցը, որ ցանկանում էի տալ Հովհաննես Սահակյանին, կտամ ձեզ, քանի որ այն առնչվում է ձեր անձին և ձեր հերթական ընտրությանը այս պաշտոնում: Պարոն Սահակյանը, կարծում եմ, հետո նույնպես հնարավորություն կունենա պատասխանելու, բայց դա ձեզ էլ է վերաբերում:

2011 թվականից դուք աշխատում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: Այդ ընթացքում տեղի են ունեցել խայտառակ ընտրություններ՝ 2012, 2013 թվականներին, 2015 թվականի հանրաքվեն, էլ չեմ ասում բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ: Դրանք անաստված ձևով կեղծվել են: Դրա մասին բոլորը գիտեն:

Ես հիշում եմ, որ 2015 թվականին, որպես Սահմանադրական հանրաքվեի ոչ-ի շտաբի պետ, անձամբ դիմել եմ բողոքով ԿԸՀ, և առնչվել ենք ձեզ հետ: Մենք ձեզ բերեցինք մի ամբողջ պատկեր, թե ինչպես է ամբողջ Հայաստանով կեղծվել հանրաքվեն, թե ինչպիսի հակասություններ են առաջացել ժողովրդագրական տվյալների և ձեր կողմից հրապարակված արդյունքների միջև, բերեցինք բազմաթիվ փաստեր, տեսանյութեր և այլն: Եվ ընդամենը մի բան ձեզնից պահանջեցինք: Ասացինք՝ հինգ տեղամասում պատահական ընտրությամբ եկեք վերահաշվարկ անցկացնենք, բացենք, տեսնենք՝ ինչ է կատարվում: Դուք մերժեցիք դա՝ ասելով, որ նման լիազորություն չունեք:

Ուզում եմ հրապարակել, որ ԸՕ 46-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ «Բողոքը քննող ընտրական հանձնաժողովն ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել»: Դա վերաբերում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Նշանակում էր, որ դուք կարող էիք այդպիսի գործողություններ կատարել, որոնցով կհայթայթեիք անհրաժեշտ ապացույցները: Դուք դա չարեցիք: Դա նշանակում է, որ հենց ձեր մակարդակով ապացուցվեց, որ Կենտրանական ընտրական հանձնաժողովը պարտակում է բոլոր այդ ընտրակեղծարարության հետ կապված հանցագործությունները:

Եվ հիմա մենք ստորագրում ենք համաձայնագիր իշխանությունների հետ նոր ընտրակարգի՝ ստորագրված ցուցակների հրապարակման, տեսախցիկների տեղադրման մասին, այսինքն՝ պետք է ժողովրդի մոտ ինչ-որ վստահություն ստեղծենք ընտրությունների նկատմամբ, և հիմա Ազգային ժողով են բերում ընտրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նույն կազմը: Արդյո՞ք սա ընդհանրապես կարող է նպաստել ընտրությունների նկատմամբ վստահելիությանը: Եվ ամենակարևորը, պատասխանեք, թե ինչո՞ւ եք պարտակել այդ բոլոր ընտրակեղծարարության հետ կապված հանցագործությունները»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հետևյալ կերպ արձագանքեց Լևոն Զուրաբյանի հարցադրումներին.

«Նախ՝ ընտրությունների վերաբերյալ ներկայացված գնահատականներին բացարձակապես համամիտ չեմ, դրանք բացարձակապես ձեր սուբյեկտիվ գնահատականներն են: Ես կփորձեմ այդ ամենին շատ հակիրճ անդրադառնալ փաստերի միջոցով՝ չնայած առիթ եմ ունեցել երկու հանրապետական ընտրություններից հետո այստեղ հանդես գալ համապատասխան զեկույցով՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան և այդ զեկույցների շրջանակներում առավել քան մանրամասն ներկայացրել եմ բոլոր հանգամանքները այդ ընտրությունների հետ կապված:

Հիշատակվում են 2011, 2012 թվականի ընտրությունները, Երևանի ավագանու ընտրությունները մոռացաք, դա էլ կարելի էր հիշատակել: Այդ ընտրությունների ժամանակ կարելի է հիշել, թե ինչքան է եղել վերահաշվարկը, ինչքան է արվել, ինչքան է փոփոխվել: Այս ամենի արդյունքում, երբ նույն ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ վերահաշվարկի դիմումներ կային, երբ այդ դիմումների բավարարում իրականացվեց, հաշվարկ գնաց: Երևանի ավագանու ժամանակ, եթե չեմ սխալվում մոտ 150 դիմումի պայմաններում 127 տեղամասերում վերահաշվարկ արվեց, ոչ մի արդյունքի փոփոխություն չեղավ, բայց անգամ այս պայմաններում մեր գնահատականները թերևս չփոխվեցին, և հետևաբար այս առումով ես կարող եմ միանշանակ փաստել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբևէ որևէ խնդիր չի ունեցել պարտակելու որևէ հանցագործություն:

Ինչ վերաբերում է հանրաքվեի ժամանակ ներկայացված ձեր դիմումներին: Այո՛, ներկայացվել են դիմումներ, այդ դիմումները բերվել են, իրենցում ունեցել են նշված առանձին փաստեր, քննարկվել են, նշվել: Իսկ ինչ վերաբերում է ապացույցների հայթայթմանը, ապա թերևս թիվ մեկ սկզբունքը հետևյալն է, որ որևէ ապացույց պետք է ձեռք բերվի օրենքով սահմանված հիմքով, և չի կարող լինել ապացույց, որը ձեռք է բերվում ապօրինի ճանապարհով: Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանել է, որ դիմումը որ ժամկետներում որ հանձնաժողովին պետք է տանել ներկայացնել, ձևավորել ապացույցներ և ներկայացնել համապատասխան հանձնաժողովին: Այս գործողությունների բացի լրացումը այլ հանձնաժողովի միջոցով ուղղակիորեն նախատեսված չէ ԸՕ-ով: Եվ այդ առումով ես կարծում եմ, որ Ընտրական հանձնաժողովի որոշումները, որոնք կայացվել են 2011 թվականից ի վեր՝ իմ պաշտոնավարման շրջանում, դրանք բոլորն էլ համապատասխանել են այն փաստական հանգամանքներին, որոնք առկա են եղել ընտրության արդյունքների հետ կապված: Իսկ ընտրությունների ժամանակ պատկերացնել ուղղակի իդեալական վիճակ, որ որևէ խախտում չի լինում, բնավ այդպես չի կարելի, բայց միշտ պետք է գնահատվի տվյալ խախտումների ազդեցությունը ընտրության արդյունքի տեսանկյունից:

Եվ ԿԸՀ-ն այն ընտրություններով, որոնցով ամփոփում է ընտրության արդյունքները, դրանց հետ կապված հենց նման գնահատականի է արժանացրել այդ ձեռք բերված ապացույցները և որոշումներում էլ փաստել, որ այդ ապացույցները ըստ էության, որոնք որ ներկայացվել են, այն հանգամանքները, որոնք որ առկա են, դրանք ոչ մեկը չի հերքել, որ առկա են, բայց և միաժամանակ փաստել, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել այն արդյունքի վրա, որը առկա է: Սա է իրավունքի տարրական պահանջը, ինչը արել է ԿԸՀ-ն և երբևէ որևէ նման հանցագորոծություն կամ որևէ փաստ պարտակելու ո՛չ խնդիր, ո՛չ անհրաժեշտություն չի ունեցել և չի էլ արել»:

Լևոն Զուրաբյանն օգտվեց արձագանքման իրավունքից.

«Պարոն Մուկուչյան, ես, իհարկե, ձեզ կպատասխանեմ իմ ելույթում, որի համար ինձ ձեզանից պետք է իմ հարցի պատասխանը: Այս նախադասությունը՝ «բողոքը քննող ընտրական հանձնաժողովն ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել», դուք ինչպե՞ս եք մեկնաբանում, եթե մենք ձեզ ներկայացրել ենք կոնկրետ փաստեր: Դա ի՞նչ լիազորություն է ձեզ համար նշանակում, դուք ո՞նց կարող եք ապացույցներ հայթայթել: Խնդրում եմ նշել ձեր այդ ամբողջ զինանոցը: Ո՞նց դուք դա կարող եք անել»,- կրկին իր հարցը հնչեցրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

ԿԸՀ նախագահի պատասխանը հետևյալն էր.

«Պարոն Զուրաբյան, դրանք կարող են ամենատարբեր լինել: Օրինակ, եթե խոսքը վերաբերում է վերահաշվարկին, վերահաշվարկ ԿԸՀ-ն չի կարող անել: Բայց երբ, օրինակ, դիմումում վկայակոչվում է որևէ անձի անուն, ԿԸՀ-ն վերջինիս կարող է կանչել, դիմումի քննության ընթացքում լսել և այլն: Բայց պետք է հաշվի առնել մի շատ կարևորագույն հանգամանք. ընտրությունների ժամանակ թե նախորդ և թե այս օրենսգրքերը ամրագրել են բողոքարկումների շատ հստակ մեխանիզմներ, մասնավորապես՝ որ դիմումը որտեղ պետք է ներկայացվի, և սա պատահական չէ, որովհետև հաշվի առնելով, որ կարող են լինել ավելի մեծածավալ բողոքներ, դիմումներ, ամրագրվել է հետևյալ մոտեցումը. տեղամասային ընտրական հանձնաժողովները վարչական վարույթ չեն իրականացնում: Այդ ամբողջը իրականացնում են ընտրատարածքային հանձնաժողովները: Ընտրատարածքային հանձնաժողովը կայացնում է որոշում, որից հետո դա կարող է բողոքարկվել ԿԸՀ: Հակառակ պարագայում չդիմելով իրավական պաշտպանության պատշաճ մեխանիզմներին, որոնք ամրագրված են ԸՕ-ում և ունենալ, ասենք, ինչ-որ ծավալի նյութեր և դրանցով փորձել ծանրաբեռնել ԿԸՀ-ն ու պահանջել այդ բոլոր փաստական հանգամանքներով քննարկումներ, դա ուղղակի անհնար կլինի իրականացնել:

Դրա համար է օրենսգիրքը հստակ սահմանել, որ աստիճանում ինչ դիմում պետք է տարվի, ինչպես պետք է քննությունը իրականացվի: Սա է ամբողջ խնդիրը: Մենք ունենք ՏԻՄ ընտրություններ, որտեղ օրենքը շատ հստակ ամրագրումներ ունի, որ արդյունքները ամփոփում են տարածքային ընտրական հանձնաժողովները, և դիմումները պետք է ներկայացվի այնտեղ: Երեկ մենք ԿԸՀ-ում ստացանք մոտ 105 դիմում, և հետաքրքիրն ինչն է, որ բոլոր դիմումներում ուղղակի ամրագրված է հետևյալը. խնդրում ենք ձեր միջոցով փոխանցել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին: Այսինքն՝ դիմումի առավել օբյեկտիվ քննությունն է պահանջում, որ դիմում ներկայացնողը ոչ թե պետք է ուղղակի դիմումը ԿԸՀ-ի միջոցով վերահասցեագրում անի, այլ ինքը անձամբ պետք է տանի, որովհետև ժամկետը կարճ է, պետք է հասցնեն գործառույթները իրականացնեն: Սա է ամբողջ խնդիրը»:

Pin It on Pinterest