Հարգելի խորհրդարան,
Գաղտնիք չէ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն կազմը, որ այսօր նստած է այստեղ, հատկապես Տիգրան Մուկուչյանը, մեր ժողովրդի աչքում դարձել են ընտրակեղծարարության հիմնական խորհրդանիշը: Տիգրան Մուկուչյանին վաղուց տրված է «գլխավոր թվանկարչի» անպատվաբեր տիտղոսը, և ես պատահաբար չէ, որ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձա 2015թ. սահմանադրական հանրաքվեում Տիգրան Մուկուչյանի դերակատարմանը: Շատերը իշխանության մեջ ուզում են տպավորություն ստեղծել, թե իբր ընտրակեղծարարությունը կրում է սպոնտան, անկազմակերպ բնույթ, կատարվում է ընտրատեղամասային մակարդակներում կամ դրանց շուրջ, իսկ ահա ԿԸՀ-ն լիարժեք իրականացնում է իր լիազորությունները և բոլոր բողոքներին տալիս է արդար ընթացք: Այդ միֆը կոչված է ապացուցելու, որ ընտրակեղծարարությունը հրահանգված չէ ամենավերևից և որևէ կապ չունի երկրի ղեկավարության քաղաքական կամքի հետ:
2015թ. դեկտեմբերյան հանրաքվեից հետո ես, որպես ՈՉ-ի ընտրարշավի շտաբի ղեկավար, ներկայացրեցի ԿԸՀ-ին մի բողոք, որն իր հիմնավորվածությամբ միգուցե նախադեպը չէր ունեցել անցյալում: Հարյուրավոր տեսա- և աուդիոհոլովակներ, բազմաթիվ վկայություններ, հռչակված արդյունքների և Հայաստանի պաշտոնական ժողովրդագրական տվյալների անհամապատասխանության ապացույցներ և ընտրական գործընթացի վիճակարագական վերլուծություն, համաձայն որի՝ մոտ կես միլիոնի մասնակցությունն ուղղակի հավելագրված էր:
Այդ ամենի ուղիղ ապացույցներ ստանալու համար մենք պահանջեցինք ԿԸՀ-ից պատահական ընտրանքով բացել հինգ ընտրատեղամասի մատյանները: Դուք հրաժարվեցիք՝ ասելով, որ իրավասու չեք վերահաշվարկ կատարել: Բայց ի՞նչն էր այդ դեպքում խանգարում ուղղակի ստանալ այդ հինգ տեղամասերի մատյանները և ստուգել դրանց լրացման օրինականությունը: Չէ՞ որ, Ընտրական օրենսգրքի 46 հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «բողոքը քննող ընտրական հանձնաժողովը ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել»: Հակառակ մեր միջնորդությանը, դուք դա չարեցիք, որովհետև շատ լավ գիտեիք, թե ինչ պատկեր էր բացվելու, և պարզվելու էր, որ հանրաքվեն անամոթաբար կեղծվել է: Սա ի՞նչ է. եթե ոչ ընտրակեղծարարության պարտակում և հանցավոր անգործություն: Դա, ի դեպ, վերաբերում է ԿԸՀ-ի այստեղ հավաքված ամբողջ կազմին, քանի որ մեր պահանջը մերժվեց միաձայն:
Դուք միշտ եք այդպես վարվել. առանձին բողոքներին ընթացք եք տվել, բայց եթե խոսքն այնպիսի ապացույցների մասին է, որոնց հիման վրա կարելի է ամբողջ ընտրությունները կեղծված և անվավեր ճանաչել, դուք անմիջապես ամբողջ հանձնաժողովի ձեր կազմով դարձել եք կույր, խուլ և համր:
Կոնկրետ դուք, քանի որ նշանակվել եք 2011թ., պատասխանատվություն եք կրում 2012թ. խորհրդարանական ընտրությունների, 2013թ. նախագահական և Երևանի ավագանու, ինչպես նաև սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման համար: Այդ համատարած և համակարգային ընտրակեղծարարության պատճառով ժողովուրդը կորցրել է հավատը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Հայաստանում ոչ ոք այլևս չի հավատում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հեռացնել ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությանը: Դա է պատճառը, որ «Սասնա ծռեր» խմբի զինյալ գործողությունը անսպասելիորեն ստացավ այսքան լայն աջակցություն, ինչը չէր կարող պատահել ժողովրդավարական որևէ երկրում:
Հայաստանի քաղաքական համակարգը մշտապես նստած է լինելու վառոդի տակառի վրա, քանի դեռ լուծված չէ ընտրությունների նկատմամբ վստահության վերականգնման հարցը: Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման և բոլոր տեղամասերում տեսախցիկների տեղադրման մեր համաձայնագիրը իշխանությունների հետ ընդամենը մեկ քայլ է այդ ուղղությամբ: Դրան պետք է հետևեր իրեն վարկաբեկած ԿԸՀ-ի կազմի ամբողջական փոփոխությունը, բայց արի ու տես, որ այդ բոլոր խայտառակ ընտրությունների համար պատասխանատու հանձնաժողովին նույն կազմով ներկայացնում են Ազգային ժողովին՝ հաստատելու համար:
Ընդ որում՝ տեղի է ունեցել մի հետաքրքիր բան: Այդ կազմն առաջադրվել է պետաիրավական հանձնաժողովի 10 անդամների կողմից, ովքեր ներկայացնում են ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, ինչը դեռ հասկանալի է, բայց նրանց միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները: Հայ Ազգային Կոնգրեսի կամ այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ այս կազմը ոչ ոք չի քննարկել: Ավելին՝ այդ կոալիցիան, օգտագործելով պետաիրավական հանձնաժողովի 10 պատգամավորների ստորագրությունները, արգելակել է այլընտրանքային որևէ առաջադրում, քանի որ օրենքով առաջադրումներ կարող են կատարել 5 պատագամավոր և մնացած 4 պատգամավորները արդեն ոչ մեկին չէին կարող առաջադրել: Ստացվում է, որ հանրապետական իշխանության հետ տարբեր ժամանակաշրջաններում կոալիցիա կազմած կուսակցությունները այս անգամ էլ կոալիցիա են կազմել կեղծարար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի վերընտրության համար:
Այստեղ է թաքնված անցած ՏԻՄ ընտրությունների ամբողջ գաղտնիքը: Այս չորս կուսակցությունները, լինելով միմյանց «մարմին ի մարմնե», տարբեր ժամանակներում կազմել են իշխանության կոալիցիայի մաս, թեև ժամանակ առ ժամանակ ռոտացիոն կարգով հայտնվելով ընդդիմության շարքերում, և զարգացրել են ընտրողներին նյութական շահագրգռությամբ ու կլանային ազդեցությամբ վերահսկելու ցանցեր և իշխանությունների, իրավապահ մարմինների ու ԿԸՀ-ի հանցավոր օժանդակությամբ վերածել են ընտրությունները ձայների գնման աուկցիոնի: Պատահական չէ, որ ընտրությունների ժամանակ հենց նույն մեթոդներով մեջ-մեջ արին ընտրողների ձայները՝ հնարավորություն տալով որոշ բաժին ստանալու միայն Գյումրիի և Վանաձորի լոկալ ուժերին, որոնց մեջ որևէ վտանգ չեն տեսնում: Իսկ հիմա մեծ-մեծ խոսում են ինչ-որ քաղաքական աշխատանքի մասին, որն իրականում եղել է ոչ այլ ինչ, քան պարզագույն առուծախ, որն, ի դեպ, հակասության մեջ է մտնում Քրեական օրենսգրքի հետ:
Հիմա անդրադառնանք ԿԸՀ-ի և նրա ղեկավար Տիգրան Մուկուչյանի դերակատարությանը այս ՏԻՄ ընտրություններում: Հոկտեմբերի 1-ին Գյումրիի Բայրոնի դպրոցում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները և քարտուղարները, Մուկուչյանն անձամբ հրահանգել է, որ հանձնաժողովները հնարավորություն տան դիտորդներին և վստահված անձանց նշումներ կատարել ստորագրված մատյաններից: Մի բան, որն ուղղակիորեն արգելված է օրենքով, և շատ ճիշտ է արված: Բացատրեմ, թե ինչու:
Ընտրակեղծարարությունը բացառելու նպատակով մենք միշտ պնդել ենք, որ ընտրողների ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն, բայց դա պետք է արվի միայն ընտրությունների ավարտից հետո, ոչ թե ընթացքում: Բանն այն է, որ ընտրակաշառք բաժանած և այլ տեսակի ծառայություններ մատուցած կուսակցությունները ամեն ընտրատեղամասում կազմել էին իրենց «պարտական» ընտրողների ցուցակներ, և նրանց վստահված անձանց ու դիտորդների գործը եղել է այդ ցուցակներում ընդգրկված և իրենց կողմից, ըստ էության, գնված ընտրողների վերահսկողությունը, որի համար էլ նրանք պարբերաբար դուրս են հանել արդեն քվեարկած ընտրողների համարները:
Ահա այդ պատճառով է Տիգրան Մուկուչյանը արտոնել այդ մատյաններից տվյալների դուրսբերումը: Արդեն միայն սրանով ընտրությունները վերածվել էին կաշառված ընտրողների ցուցակների և նրանց հատիկ-հատիկ ընտրատեղամաս բերման ենթարկելու ճակատամարտի, որում, բնականաբար, դասական գաղափարական քարոզ կատարող կուսակցությունները որևէ շանս չունեին: Եվ այդ ամենը, ինչպես ես ցույց տվեցի, արվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բարձր հովանավորչությամբ:
Մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Տիգրան Մուկուչյանը և ԿԸՀ մյուս անդամները Հայաստանում տիրող ընտրակեղծարարության գլխավոր պատասխանատուներն են: Ամենևին ո՛չ: Բոլորն էլ հասկանում են, որ իրենք ընդամենը գործիք են իշխանությունների և նրանց հետ տարբեր կապերով կապված այլ կուսակցությունների ձեռքին: Բայց այդ փաստի գիտակցումը որևէ կերպ ձեզ չի մաքրում կատարված հանցագործություններին մասնակցելու և օժանադակելու մեղավորությունից: Մենք քվեարկությանը չենք մասնակցելու ձեզ հայտնի պատճառներով, բայց եթե մասնակցենք, ապա դեմ ենք քվեարկելու ԿԸՀ ամբողջ կազմին:
Իսկ հիմա ավելի ընդհանուր խոսեմ Հայաստանում ընտրական գործընթացների մասին: 2017 թվականի ապրիլի 2-ին պետք է կայանան Ազգային ժողովի ընտրությունները: Քանի որ գործող Սահմանադրությամբ այլևս նախագահական ընտրություններ չեն լինի, Հայաստանում իշխանության ձևավորման հարցը լուծվելու է հենց Ազգային ժողովի ընտրություններով: Ես վստահ եմ, որ ինչպես Սահմանադրական հանրաքվեում, մեզ կհաջողվի բացատրել ժողովրդին, որ այդ ընտրություններում լուծվում է գործող իշխանության մնալ-գնալու հարցը, ըստ էության, Հայաստանի քաղաքական ամբողջ համակարգի առողջացման հարցը:
Այն գործընթացը, որ մենք սկսեցինք 4+4+4 ֆորմատով, ուղղված էր նրան, որ մենք Հայաստանում վերջապես վերականգնենք վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այս վերջին ընտրարշավի ընթացքում հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել, և նրանք, անխտիր բոլորը, ասում էին, որ չունեն վստահություն Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ, և անիմաստ էին համարում գնալ քվեարկության: Նրանց կարծիքով՝ ամեն ինչ արդեն վաղուց որոշված է, և այդ որոշումը կախված չէ ժողովրդի քվեից, այլ միայն և միայն բաժանված կաշառքներից և վարչական ճնշումներից:
Ընտրական օրենսգրքի վերափոխման մեր համաձայնագիրը, իհարկե, լրջագույն քայլ էր ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահության վերականգնման համար, և մենք ըստ արժանվույն գնահատել ենք այդ քայլը, սակայն ԿԸՀ-ի նոր կազմի շուրջ ընդդիմության հետ բանակցություններից հրաժարվելը և Գյումրիում ու Վանաձորում նման կեղտոտ ընտրությունների անցկացումը նորից մեր ամբողջ երկիրը հետ են գցում այս հարցում:
Սակայն մենք վստահ ենք, որ ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները ժողովուրդը կընկալի քաղաքական նույն հարթության մեջ, ինչ որ այլևս չեղյալ նախագահական ընտրությունները, ուստիև Հայաստանի առողջ քաղաքական և գաղափարական ուժերը կկարողանան վերջապես այդ ընտրություններում լուծել Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցը: