1412421327,9729«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանության եւ դեմոկրատական ազատությունների պաշտպանության գործում մեծ վաստակ ունեցող 14 հայտնի իրավապաշտպան ու հասարակական կազմակերպություններ եւ 7 քաղաքական ուժեր որոշել են ստեղծել Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտե: Այս կապակցությամբ զրուցեցինք Հայ ազգային կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ, ով նշեց, որ Ստրասբուրգյան կոմիտեի առաքելությունը լինելու է քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների իրավունքների պաշտպանությունը: «Իրավապաշտպանական այլ գործունեությամբ այս կոմիտեն չի զբաղվելու: Մինչեւ հիմա բազմաթիվ իրապաշտպան կազմակերպություններ չեն ունեցել ընդհանրական մոտեցում քաղբանտարկյալի կարգավիճակը սահամանելու մասով: Նրանք իրենց համար սահմանել էին չափանիշներ եւ առաջնորդվում էին այդ չափանիշներով: ԵԽԽՎ-ն, կարելի է ասել, առաջինն էր, որ սահմանեց  քաղբանտարկյալների կարգավիճակը որոշելու չափանիշներ՝ հատուկ բանաձեւ ընդունելով: Այդ պահից սկսած՝ սահմանվեցին միջազգային կարգի հեղինակավոր կառույցի կողմից ընդհանրական չափանիշներ: Սա հնարավորություն տվեց այդ հարցում մեկտեղել մոտեցումները, եւ առաջացավ Հայաստանում այդպիսի մի կոմիտե ստեղծելու գաղափարը, որը կդառնա տարբեր քաղաքական ուժերի եւ իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ կառույց, ովքեր ընդունում են Ստրասբուրգում ընդունված այդ չափանիշները եւ պատրաստ են դրանով առաջնորդվել, դրանց հիման վրա կայացնել որոշումներ: Այսպիսով՝ ստեղծվեց կառույց, որն առանձին իրավաբանական անձ, հասարակական կազմակերպություն չէ, սա ընդամենը կուսակցությունների եւ իրավապաշտպան կազմակերպությունների համախումբ է, որում ընդգրկված են այն կուսակցությունները եւ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել այդ բնագավառում եւ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»,- նշեց Սամվել Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ Ստրասբուրգյան կոմիտեի ստեղծումը չի նշանակում, որ կոմիտեի մեջ չմտած այլ կազմակերպություններ չեն կարող տալ իրենց գնահատականները: «Բայց քանի որ այս կառույցում միավորվում են շատ կազմակերպություններ, հետեւաբար՝ նրանց եզրակացությունը շատ ավելի ազդեցիկ կլինի: Այսինքն՝ այդ եզրակացությունը կճանաչվի թե՛ մեր հասարակության, թե՛ ԵԽԽՎ-ի, թե՛ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանի հանձնակատարի կողմից,- ասաց Սամվել Աբրահամյանը՝ հավելելով: -Եթե այսքան կազմակերպություններ տալիս են միասնական եզրակացություն որեւէ մեկի վերաբերյալ, ապա այդ եզրակացության կշիռը շատ մեծ է: Սա հաստատել է նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը՝ բարձր գնահատելով Ստրասբուրգյան կոմիտեի ստեղծումը եւ նշելով, որ իրենք հաշվի կառնեն կոմիտեի եզրակացությունները: Վերջինս կոմիտեի հետ համագործակցության պատրաստակամություն է նաեւ հայտնել»:

Կոնգրեսի գործադիր քարտուղարի խոսքով՝ սա Եվրոպայում առաջին դեպքն է, եւ հնարավոր է, որ Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո մյուսների համար դառնա որոշակի ազդակ: «Խոսքը վերաբերում է այն երկրներին, որտեղ ստեղծված իրավիճակը նման է Հայաստանի վիճակին՝ առկա են մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ խնդիրներ, քաղբանտարկյալներ»,- ասաց նա:

Սամվել Աբրահամյանը հայտնեց, որ կազմակերպությունների կողմից կոմիտեի ձեւավորման հարցով ընդունվել են որոշակի չափանիշներ, սկզբունքներ: «Նախ՝ կոմիտեի ընտրությունը կատարում են հիմնադիրները՝ այն կազմակերպությունները, որոնք հռչակել են կոմիտեի ստեղծումը: Որպեսզի այս կոմիտեն անկողմնակալ դիտվի, քաղաքական կուսակցությունների մասնակցությունը այս պրոցեսին սահմանափակվում է նրանով, որ նրանք հանդես են գալիս որպես հիմնադիրներ եւ մասնակցում են կոմիտեի անդամների ընտրությանը, բայց կոմիտեի թեկնածուներին առաջարկում են իրապաշտպան կազմակերպությունները: Արդյունքում՝ այս կոմիտեն դառնում է մի յուրատեսակ հասարակական դատարան՝ ընդդեմ պետության բռնությունների: «Դատավորները» ինքնառաջադրվում են, իսկ ամբողջ «ժողովուրդը ընտրում» է: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա նրանք պետք է լինեն մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ներդրում ունեցած մարդիկ եւ հիմնադիրների կողմից հաստատվեն կոնսենսուսով: Այստեղ լուծվում է մի խնդիր՝  ապահովվում է անկողմանկալությունը, իսկ քաղաքական կուսակցությունների ներկայությունը այդ կոմիտեում չի լինում, որովհետեւ քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ, որպես կանոն, դեպքերի մեծ մասում հենց քաղաքականությամբ զբաղվող մարդիկ են, եւ որպեսզի այնպիսի տպավորություն չստեղծվի, թե քաղաքական գործիչները իրենք իրենց պաշտպանելու համար կոմիտե են ստեղծում, այդ պատճառով էլ կոմիտեի սկզբունքներում հաստատվեց, որ կուսակցությունները թեկնածուներ չեն առաջադրում, եւ սա դառնում է  շատ անկողմնակալ մարմին»,- տեղեկացրեց Սամվել Աբրահամյանը՝ ընդգծելով, որ կոնսենսուսով ընտրության մեթոդը որոշվել է այն պատճառով, որ ապահովվի կոմիտեի բարձր լեգիտիմությունը:

«Այսինքն, երբ առաջադրվում է մի թեկնածու, նրա շուրջ պետք է կոնսենսուս լինի՝ բոլորը պետք է համաձայն լինեն, որ տվյալ անձը լինի կոմիտեի կազմում: Դրանով այս կոմիտեի կազմը դառնում է շատ բարձր լեգիտիմություն ունեցող մարմին, եւ դրա հեղինակությունը որեւէ մեկը կասկածի տակ չի դնում»,- ասաց նա:

Սամվել Աբրահամյանի խոսքով՝ կոմիտեի անդամների թիվը եւ կանոնակարգը դեռեւս չի հաստատվել: Ընտրությունը կկատարվի անդամների թվի հաստատումից հետո: «Կոմիտեն ձեւավորվելուն պես կդառնա լրիվ անկախ մարմին, հիմնադիրները այլեւս կոմիտեի գործունեության հետ կապ չեն ունենա: Նրանք միայն լիազորություն են ունենում կոմիտեի նոր անդամներ ընտրելու հարցում, իսկ ընտրությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Սակայն հնարավոր է նաեւ, որ հիմնադիրը հետ կանչի կոմիտեի անդամին, սակայն այդ որոշումը պետք է ընդունվի կոնսենսուս մինուս մեկ ձայնով, իսկ նման հարց կարող է դրվել հիմնադիրների 1/3-ի կողմից: Եթե ապահովվում են կոնսենսուս մինուս մեկ ձայները, ապա այդ մարդուն անվստահություն է հայտնվում»,- հայտնեց «Հայ ազգային կոնգրեսի» գործադիր քարտուղարը:

Նա նշեց, որ Ստրասբուրգյան կոմիտեի ստեղծման գործընթացին մասնակցել են 7 կուսակցություն՝ Հայ ազգային կոնգրեսը, Ժառանգությունը, ՀԺԿ-ն, ՎՍԴՀԿ-ն, Ժողովրդավարական հայրենիքը, ԱԻՄ-ը եւ քաղաքական ուժերից Հիմնադիր խորհրդարանը: Իսկ իրավապաշտպան կազմակերպությունները ավելի շատ են:

«Թե ինչպե՞ս են տեղի ունենալու քննարկումները, նիստերը, ո՞վ է հայցով մտնելու  «հասարակական դատարան», այդ մեխանիզմերը պետք է սահմանվեն կանոնակարգով, որը դեռեւս պատրաստ չէ: Կոմիտեի ընտրությունը տեղի կունենա հրապարակային, որից հետո կսահմանվի կանոնակարգը: Ցանկալի է, որ կանոնակարգի մշակումը կատարվի հենց կոմիտեի կողմից, որը հետագայում կքննարկվի հիմնադիրների կողմից եւ կհաստատվի: Քանի որ սա առանձին կազմակերպություն չէ, առանձին գրասենյակ չունի, առանձին իրավաբանական անձ չէ,  ես կարծում եմ, որ կոմիտեին շատ չծանրաբեռնելու համար ճիշտ կլինի, որ կոմիտեին դիմեն կազմակերպությունները, այլ ոչ անհատները: Ենթադրենք՝ Հայ ազգային կոնգրեսը դիմում է կոմիտեին եւ առաջարկում, որ ինչ-որ մեկին ճանաչեն քաղբանտարկայլ կամ քաղհալածյալ, եւ բերում է հիմնավորումներ ու նիստի ժամանակ պաշտպանում է իր հայցը: Դրանից հետո կոմիտեն քննարկում է եւ որոշում կայացնում: Ցանկացած կազմակերպություն կարող է կոմիտեին դիմել: Սակայն, կրկին նշեմ, որ սա դեռ միայն իմ տեսակետն է, որը կարող է չընդունվել»,- նշեց նա:

Սամվել Աբրահամյանը հավելեց նաեւ, որ աշխատանքը շատ լավ իրականացնելու դեպքում կոմիտեն կդառնա լուրջ եւ ազդեցիկ մարմին թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ Հայաստանում, որի հետ հաշվի չեն կարող չնստել: «Այն դառնում է ներկայացուցչական, անկողմնակալ եւ լեգիտիմ մարմին»,- եզրափակեց Սամվել Աբրահամյանը:

Մարիամ Մուրադյան

www.ilur.am

Pin It on Pinterest