Հայոց Ցեղասպանության 100-ամյակը ապրիլի 24-ին նշեցինք հավուր պատշաճի: Այդ օրն ամբողջ աշխարհը խոսեց Ցեղասպանության մասին եւ դատապարտեց այն: Խոսքեր ասվեցին, որ շոյեցին մեր ազգային ինքնասիրությունը եւ հաճելի էին մեր արժանապատվության եւ արդարության զգացումի համար: Բայց ապրիլի 25-ից իսկ արդեն՝ աշխարհն անցավ իր սովորական քաղաքական անցուդարձին եւ բարձրագոչ ճառերից ու գեղեցիկ արարողակարգերից հետո Հայաստանը վերադարձավ իր առօրյա՝ անվտանգության, գոյատեւման եւ սոցիալ-տնտեսական կացության համար նույն ահռելի մարտահրավերներին:
Այս առումով Ցեղասպանության հիշատակման միջոցառումները ոչինչ չեն փոխել եւ չէին կարող փոխել:
Երկիրը շարունակում է խեղդվել մենաշնորհների և անհագուրդ կոռուպցիայի ճիրաններում:
Արտագաղթը շարունակվում է աղետալի տեմպերով, իսկ վերջին շրջանում դեռ մի բան էլ ավելացել է:
Ընտրությունները շարունակվում են կեղծվել՝ օտարելով քաղաքացիներին պետական կառավարման ինստիտուտներից:
Քաղաքական ընդդիմախոսները, ովքեր վտանգ են ներկայացնում իշխող ռեժիմի համար, ենթարկվում են բռնությունների և ռեպրեսիաների:
16 քաղբանտարկյալներ այսօր գտնվում են Հայաստանի բանտերում:
Կործանված է ազատ տնտեսական նախաձեռնությունը և մրցակցությունը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը գտնվում է մշտական անկման մեջ, սնելով աղքատությունն ու գործազրկությունը:
Չկա օրենք ու արդարադատություն և մարդիկ կորցրել են հավատը երկրի զարգացման հեռանկարի նկատմամբ:
Երկրի անվտանգությունը խարխլված է և ամեն օր աճում է պատերազմի վերսկսման վտանգը:
Այսքանից հետո արդյոք կարո՞ղ ենք ասել, որ որպես ազգ մենք ճիշտ ենք նշում Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Միանշանակ՝ ոչ:
Ճիշտ նշելը կնշանակեր ստեղծել հզոր, ազատ, ժողովրդավարական պետություն, որը կդառնար իր քաղաքացիների համար ազատ, բարեկեցիկ և ստեղծարար կյանքի ապահով օրրան:
Ահա սա՛ պետք է լինի մեր նպատակը, և միայն ա՛յդ դեպքում մենք կկարողանանք արձանագրել, որ պատշաճ կերպով հարգել ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, և գոնե ինչ-որ չափով առաջ գնացել նրա հետևանքների հաղթահարման ճանապարհով։
[youtube id=”qMD50035od0″ width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]