Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի 2015-ի գործունեության քննարկման ժամանակ ԱԺ հայ Ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդես եկավ ելույթով, որը ներկայացնում ենք ստորեւ.
Նախ՝ ցանկանում եմ անդրադառնալ կառավարության հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած թատերական ներկայացմանը, որն ըստ էության վերածվեց ՀՀԿ-ի հանրապետական խորհրդի հրապարակային նիստի: Այդ ներկայացման միակ նպատակն այն էր, որ ընդդիմությանը զրկեն կառավարությանը ժողովրդին հուզող հարցեր տալու հնարավորությունից, հարցուպատասխանի ողջ ժամանակը զբաղեցնելով հանրապետականների՝ նախապես պատրաստված գրավոր հարցերով: Ի դեպ, Սահմանադրության 80-րդ հոդվածը երաշխավորում է պատգամավորների գրավոր եւ բանավոր հարցեր տալու իրավունքը՝, մինչդեռ ԱԺ կանոնակարգի մասին օրենքի դրույթը եւ նրա կիրառումը այնպես, ինչպես երեկ տեղի ունեցավ, ըստ էության, մերժում են մեր սահմանադրական իրավունքը: Ավելի կարեւոր է, սակայն, հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ ընդդիմությանը լռեցնելու այդ փորձը:
Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության վիճակն այնքան վատ է, որ իշխող Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անում է քողարկելու համար այդ իրողությունը: Պատահական չէր, որ ԱԺ այս քառօրյան սկսեցի՝ անդրադառնալով տնտեսության ողորմելի վիճակին: Թվերն ահավոր են: Կրկնեմ՝ մարտի 20-ին Հայաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է տնտեսության անկման աղետալի տեմպերի մասին վկայող տվյալներ: Անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների հետ համեմատած, առեւտրաշրջանառությունն ընկել է 28%-ով, արտահանումը՝ 25%-ով, ներմուծումը՝ 28,5%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝16%-ով, իսկ 19%-ով, ավելացել է գործազուրկների թիվը։ Հայաստանի միջազգային պահուստները պակասել են՝ հասնելով 1 մլրդ 260 մլն դոլարի, համարյա հավասարվելով ներմուծման երեք ամիսների ծավալի անընդունելի շեմին: Տնտեսության գահավիժման այս ֆոնի վրա կառավարությունը 500 մլն-ով ավելացնում է պետական պարտքը, ցույց տալով, որ չունի տնտեսության առողջացման որեւէ դեղատոմս, այլ՝ ընդամենը ժամանակավոր լուծումներ է փնտրում, որոնք էլ ավելի են ծանրացնելու հետագա անկումը:
Հարց կտաք՝ ի՞նչ կապ ունի այս ամենը՝ քննարկվող հարցի հետ: Բանն այն է, որ տնտեսությունը փլուզվում է, որովհետեւ այն ըստ էության հիմնված է ոչ թե Հայաստանի բնակչության կողմից գործարարության կամ արտադրության, այլ արտաքին ներարկումների հիման վրա գոյացող բնակչության գնողունակության վրա: Այդ ներարկումներն ապահովում են մասնավոր տրանսֆերտները եւ կառավարության կողմից վերցվող վարկերն ու դրամաշնորհները: Նման մոդելը կարող է գոյատեւել միայն մեկ դեպքում, եթե մենք ունենք արտաքին ներարկման մշտական աղբյուր, այսինքն՝ երբ որեւէ պետություն կամ պետությունների խումբ, ինչ-ինչ շահերից ելնելով տասնամյակներ շարունակ ֆինանսավորում է Հայաստանին: Բայց նման հրաշքներ չեն լինում: Այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ արտաքին ներարկումները, ներառյալ Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտները կտրուկ ընկել են եւ այդ պահին է, որ երեւում է մեր տնտեսական համակարգի ողջ սնանկությունը:
Չարիքի հիմքը կոռուպցիոն ռեժիմն է, որը զբաղված է սեփական հարստացմամբ, վերահսկելով տնտեսության շուկաները: Քանի որ այն չի կարող վերահսկել արտահանման շուկաները եւ իշխանության լծակները կարող են կիրառվել միայն ներքին շուկաների նկատմամբ, իշխող ռեժիմը իր հարստացման հիմնական աղբյուրը դարձրել է ապօրինի մենաշնորհների կամ քվոտաների բաշխումը լայն սպառման ապրանքատեսակների շուկաներում: Մերկապարանոց չհնչելու համար, անդրադառնանք պարենային շուկաների հետազոտությանը: Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ համաձայն հայաստանյան լուրջ տնտեսագետների հետազոտությունների, 2008-2012 թվականներին լայն սպառման այնպիսի պարենային ապրանքատեսակներ, ինչպիսիք են՝ խոզի, տավարի, հավի միսը, բուսական յուղը, կարագը, ալյուրը, ցորենը, սուրճը, շաքարավազը Հայաստանում բնակչությանը վաճառվում են 100-255 տոկոսով ավելի բարձր գնով, քան պաշտոնական ներմուծման գինն է: Քանի որ առեւտրական կազմակերպությունների կողմից կիրառվող վերադիրը շատ փոքր է, սա նշանակում է, որ ներկրողները ստանում են գերշահույթներ: Թեեւ պարոն Շաբոյանը այստեղ հայտարարեց, որ գերշահույթն ինքնին չարաշահում չէ եւ օրենքի խախտում չէ, այնուամենայնիվ, ցանկացած գրագետ տնտեսագետ կարող է բացատրել, որ երկարաժամկետ գերշահույթի հնարավորությունը կարող է լինել միայն մենաշնորհի կամ գերիշխող դիրքի չարաշահման դեպքում: Պարզից էլ պարզ է, որ եթե որեւէ շուկայում առաջանում է գերշահույթ, բայց նաեւ՝ երկրում առկա է մրցակցային մթնոլորտ, ապա այդ ոլորտն անմիջապես կմտնեն մրցակիցներ, եւ առաջացած մրցակցության հետեւանքով շահութաբերությունը շուկայում կմտնի սովորական շրջանակների մեջ: Հայաստանի պարենային շուկաներում, ինչպես նաեւ բենզինի, ընդհանրապես՝ վառելիքի, շուկայում տասնամյակներ շարունակ գոյություն ունի գերշահույթ: Սա ունի միայն մեկ բացատրություն՝ իշխանությունը ապօրինի արտոնություններ է ստեղծել իր հետ կապված մի քանի խոշոր գործարարի համար, ովքեր տարիներ շարունակ, օգտվելով այդ ապօրինի արտոնություններից, ստանում են գերշահույթներ, եւ օգտագործում այդ գերշահույթը իրենց համար արտոնություններ ապահովող իշխանության վերարտադրման համար՝ ընտրակաշառքի եւ այլ մեթոդներով ընտրակեղծարարության ապահովման միջոցով:
Ահա այս է Սերժ Սարգսյանի ռեժիմի ամբողջ բովանդակությունն ու գաղտնիքը, եւ այս է մեր երկրում ստեղծված արատավոր համակարգի գլխավոր չարիքը: Սրա պատճառով է, որ կյանքը մի քանի անգամ թանկ է՝ մղելով միլիոնավոր մարդկանց աղքատության ու արտագաղթի, սրա պատճառով է, որ Հայաստանում չի զարգանում գործարարությունը, արդյունաբերությունը եւ Հայաստանը մրցունակ չէ համաշխարհային շուկաներում:
Եթե Հայաստանում իսկապես արդյունավետ պայքար մղվեր մենաշնորհների եւ գերիշխող դիրք ունեցող ձեռնարկությունների չարաշահումների դեմ, մենք այսօր կապրեինք բոլորովին այլ մի երկրում, որտեղ ծաղկում է ձեռնարկատիրությունը, մարդիկ մի քանի անգամ ավելի բարձր կենսամակարդակ ունեն, եւ որտեղ տեղի են ունենում միլիարդավոր ներդրումներ: Այս ամենը հնարավոր է ապահովել արդյունավետ պետական քաղաքականության պարագայում, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: Մինչդեռ, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե տնտեսական մրցակցության, այլ՝ մենաշնորհների պաշտպանության քաղաքականություն է: Այս առումով ես կցանկանամ անդրադառնալ երկու խնդրի:
Առաջինը դա վարվող քաղաքականության հակասությունն է տնտեսական մրցակցության ապահովման սահմանադրական երաշխիքների հետ: Սահմանադրության 8-րդ հոդվածը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը»: Իսկ համաձայն 33.1 հոդվածի` «Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են: Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»: Սահմանադրական այս նորմերը շրջանցելու նպատակով իշխանությունները կիրառում են հետեւյալ հնարքները:
Առաջինը, որ երեկ բացահայտեց պարոն Շաբոյանը, այն է, որ դե ֆակտո գոյություն ունեցող մենաշնորհներն այդպիսին չեն դիտարկվում, եթե թեկուզ ֆորմալ առումով շուկայի 1-2 տոկոսը պատկանում է մեկ այլ ընկերության: Սրանով, իհարկե, իշխանությունները գտել ենմի արդարացում, օրինակ՝ շաքարավազի մենաշնորհի պահպանման գործում: Պարզվում է, որ քանի որ կա թեկուզ եւ չնչին մասնաբաժնով մրցակից, ապա «Ալեքս-Գրիգ» ընկերությունը չի համարվում մենաշնորհ ունեցող, ուստի, ենթակա չէ սահմանադրական այն նորմի կիրառմանը, ըստ որի, «մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով»: Ինչպես ասված է հայտնի ֆիլմում, «ձեռքի ճարպկություն եւ ոչ մի խարդախություն»:
Երկրորդ հնարքը, որին դիմում է իշխանությունը, այն է, որ գերիշխող դիրք ունեցող ձեռնարկությունների գոյությունը՝ հակառակ ամբողջ ազատ աշխարհում կիրառվող նորմերի, ինքնին չարիք չի դիտարկվում, այլ՝ չարիք է դիտարկվում գերիշխող դիրքի չարաշահումը: Սրա մասին ամենաբաց կերպով ասված է Հայ Ազգային Կոնգրեսի «Համակարգված կոռուպցիա, մենաշնորհներ, ազատ տնտեսական մրցակցության խաթարում» հարցապնդմանը կառավարության պատասխանի մեջ. մեջբերում եմ՝ «Հարկ է նշել, որ ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված հիմնական օրենսդրական ակտը՝ «Տնտեսական մրցակցությանպաշտպանության մասին» ՀՀ օրենքը ուղղված է ոչ թե մենաշնորհների կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեմ պայքարին, այլ՝ պաշտպանելու տնտեսվարող սուբյեկտներին եւ սպառողներին տնտեսական մրցակցության հետ կապված չարաշահումներից»: Այս մարդիկ կյանքից հետ են մնացել առնվազն 100 տարով, որովհետեւ ծանոթ չեն հակամենաշնորհային այնպիսի օրենսդրության, որը 1896թ. մտցվել է Ամերիկայում, այնուհետեւ տարածվել ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքով առաջնորդվող ամբողջ աշխարհի երկրներում: Ավելի հակաշուկայական մոտեցում ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Այս մոտեցումը արատավոր է առնվազն երկու պատճառով. առաջին՝ նա չի պայքարում հակամենաշնորհային մթնոլորտի հիմնական պատճառների դեմ, եւ երկրորդ՝ շուկայի մրցակցային կարգավորումը փոխարինում է պետության վերահսկողությամբ, ինչը պարարտ հող է ստեղծում չարաշահումների եւ կոռուպցիայի համար:
Երկրորդը՝ դա ուղղակիորեն ՏՄՊՊՀ-ի թերացումների վերաբերող խնդիրն է: Պարենային, ինչպես նաեւ լայն սպառման ապրանքների շուկայում գերշահույթների առկայությունը ցույց է տալիս որ անգամ մեր վարվող պետական քաղաքականության հռչակված սկզբունքների շրջանակներում, այն է՝ պայքարել գերիշխող դիրք ունեցող ձեռնարկությունների կողմից չարաշահումների դեմ, այս կառույցը կատարելապես ձախողվել է: Սա կարող է ունենալ երկու պատճառ. մեկը, որ դուք, պարոն Շաբոյան, պրոֆեսիոնալ չեք եւ ուղղակի չեք տիրապետում ձեր հանձնաժողովի կարգավորման ոլորտում տեղի ունեցողին: Բայց ես դրան չեմ հավատում: Կարծում եմ, որ իրական պատճառն այն է, որ դուք գիտակցաբար համաձայնվել եք դառնալ Սերժ Սարգսյանի ձեռքում մի գործիք, որը մի կողմից տպավորություն է ստեղծում միջազգային հանրության ու մեր հասարակության համար, թե իբր Հայաստանում պայքար է տարվում մենաշնորհների դեմ, մյուս կողմից, ստեղծել նույն այդ հանցավոր մենաշնորհային գործունեության օրինականացման շղարշը: Եթե դա է ձեր առաքելությունը, ապա դա շատ անպատվաբեր է:
Ամփոփեմ. ՏՄՊՊՀ-ի ծրագիրը ունի զրոյական արժեք եւ արդյունավետություն, այն շրջանցել է Հայաստանի տնտեսական համակարգի ապաքինման համար անհրաժեշտ ամենակարեւոր միջոցառումները: ՏՄՊՊՀ-ն ձախողվել է եւ հակամենաշնորհային օրենսդրության բարելավմանն ուղղված օրինագծերի մշակման, եւ գործող օրենսդրության իր առաքելությունը կատարելու գործում:
Սակայն պարզ է,որ այս ձախողումների հիմնական պատասխանատվությունը վերագրում ենք ոչ թե ձեզ, պարոն Շաբոյան, այլ՝ Սերժ Սարգսյանին: Եվ զգուշացնում ենք՝ եթե մոտակա ամիսներին չձեռնարկվեն այս արատավոր համակարգը կազմաքանդելու եւ մրցակցություն ապահովելու արմատական քայլեր, ապա Հայաստանին սպասվում են շատ ծանր ժամանակներ, տնտեսական փլուզում, հարվածներ մեր անվտանգությանն ու կայունությանը, որի ամբողջ պատասխանատվությունը կիսում է Սերժ Սարգսյանի իշխող ռեժիմը:
[youtube id=”kE-c4R1bjDY” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]