Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Օրինագծով նախատեսվում է պարտադիր 12-ամյա կրթություն՝ հանրակրթական դպրոցներում կամ մասնագիտական կրթության հաստատություններում: Օրենքի գործողությունը տարածվելու է հաջորդ ուսումնական տարում 9-րդ դասարան փոխադրված աշակերտների վրա: Օրինագծի համաձայն՝ պարտադիր կրթության շեմը 19 տարեկանն է:
Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ առաջին ընթերցման ժամանակ ներկայացված տարբերակի համեմատ թեեւ էական փոփոխություններ են կատարվել, սակայն մի շարք լուրջ խնդիրներ մնում են չլուծված: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով 12-ամյա կրթության գաղափարը՝ Մանուկյանը նշեց, որ դրա իրականացման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանալու, ինչը ածանցյալ այլ խնդիրներ է իր հետ բերելու:
«Ցանկացած գաղափար, որը չհիմնավորված ու չպատրաստված դնում ես, ստացվում է վատ արդյունք: Մեթոդը, մարդկային ռեսուրսը, դասագրքերը, շենքային պայմանները եւ այլն, առանց այս ամենի մասին պատկերացում ունենալու՝ չի կարելի բարեփոխումներ ձեռնարկել: Կրթությունը, որի դաշտում առնվազն կես միլիոն մարդ է գտնվում, պետք է բարեփոխումների ենթարկվի շատ բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում», – նշեց պատգամավորը:
Մանուկայնը նշեց, որ Հայաստանի 1400 դպրոցներից շուրջ 860-ն է միջնակարգ կրթություն տրամադրում: 250-300 դպրոցում աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը:
«Պարտադիր 12-ամյա կրթության իրականացումն այս դպրոցներում մենք ուղղակիորեն չենք կարող ապահովել: Հայաստանում 109 ավագ դպրոց կա, որից 9-ն է գյուղական համայնքներում: Շուրջ 850 գյուղական համայնքներում ունենք ընդամենը 9 ավագ դպրոց: Ինչպե՞ս պետք է մնացած գյուղերն իրականացնեն պարտադիր 12-ամյա կրթությունը», – նշեց պատգամավորը
Նա քննադատեց նաեւ մինչեւ 19 տարեկան քաղաքացիներին միջնակարգ կրթություն պարտադրելու դրույթը: «Սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրում քաղաքացին ուզում է աշխատել եւ թքած ունի քո 12-ամյա կրթության վրա: Դու ինչո՞վ ես պարտադրելու նրան: Սա դառնալու է բյուրոկրատիայի, կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց. կխեղճացնեն քաղաքացուն, որը Հայաստանից դուրս գալու եւս մեկ պատրվակ կունենա», – ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ պետությունը պետք է ապահովի, այլ ոչ թե պարտադրի անվճար կրթություն «Կրթությունն իրավունք է, եւ իշխանությունը, պետությունը պետք է այդ իրավունքի իրացումը երաշխավորի՝ ֆինանսավորի, լիցենզիա տա, պայմանագիր կնքի՝ ցանկացած ձեւ, որով նա երաշխավորում է կրթության իրավունքի իրականացումը», – նշեց նա:
Պատգամավորը նշեց նաեւ, որ հաճախակի եւ հապճեպ ռեֆորմների արդյունքում Հայաստանի կրթության մակարդակը նվազել է՝ եթե կրթության մակարդակով 2007-ին 29-րդն էինք, ապա այժմ 59-րդն ենք:
«Եթե մենք մարդուն չենք կարողանում ապահովել կոշիկով, շորով, ո՞նց ենք 12-ամյա կրթությունը դարձնում պարտադիր: Ինչպե՞ս է կարողանալու երեխան 120 կիլոմետր անցնելով գնալ մարզկենտրոն՝ ավագ դպրոցում կրթություն ստանալու: Պարզ չէ՞, որ չենք կարողանալու ապահովել դա», – ասաց նա:
[youtube id=”WGDHsg5xJVs” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]