Ազգային ժողովի անցած քառօրյային ՀՀԿ-ն դիտավորյալ այնպես արեց, որ ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն չունենան հրատապ խնդիրների մասին հարցեր բարձրացնել կառավարության ներկայացուցիչների առաջ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Մասնավորապես, պատգամավորի խոսքով, նա ուզում էր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին պարզել՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանին կանչել են Աստանա՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը:

«Եթե կանչել են՝ արհամարհել, չի գնացել, դա մի բան է նշանակում, իսկ եթե իրեն են արհամարհել, չեն կանչել՝ բոլորովին այլ բան», – ասաց Մանուկյանը:

Անձամբ նա կարծում է, որ Սարգսյանին Աստանա չեն կանչել:

«Հայաստանը եւ Սերժ Սարգսյանն իրենց համար գոյություն չունեն: Նա ֆիգուր չէ, եւ նրա հետ հաշվի չեն նստում», – ասաց պատգամավորը:

Մանուկյանի խոսքով, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անհեթեթ բացատրություն է տվել՝ իբր, «երեք երկրները, ի տարբերություն Հայաստանի, միմյանց հետ խնդիրներ ունեն, դրա համար էլ հանդիպում են»: Ըստ Արամ Մանուկյանի, չի կարող Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ պրոբլեմ լինել, որը Հայաստանին չվերաբերի, առավելեւս, որ մարտի 20-ի հանդիպմանը երեք երկրների նախագահները խնդիրների ամենալայն շրջանակ են քննարկել:

Ըստ պատգամավորի՝ ԵՏՄ ղեկավարների հաջորդ՝ մայիսի 8-ին նախատեսված հանդիպմանը Սերժ Սարգսյանը, հնարավոր է, մասնակցի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ օրը տոնվելու է Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակը՝ մասնակցությունը կլինի այս համատեքստում:

aram«Այսինքն, այդ ժամանակ ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարների շարքում նրան կարող է հրավիրեն ֆուրշետի սեղանի մոտ, բայց ԵՏՄ որոշումների ընդունման գործընթացին նա էլի չի մասնակցի», – ասաց նա: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանը կարող է կրկին հայտնվել ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության առանցքում, ինչը վնասակար կլինի մեր երկրի համար:

Իշխանությունները պատժում են ՀՀԿ-ական այն գործարարներին, ովքեր «իրենց լավ չեն պահում»,  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Խոսելով այս օրերին ՀՀԿ որոշ հայտնի ներկայացուցիչների ձեռնարկություններում իրականացվող հարկային ստուգումների մասին՝ Արամ Մանուկյանը հակիրճ նշեց. «Փոքր ձկներին, ովքեր իրենց լավ չեն պահում, պատժում են»:

Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների տարեկան զեկույցի մեջ Հայաստանը 20 ամենահետամնաց երկրների շարքում քննադատության է ենթարկվել: Ընդ որում՝ Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների հարեւանությամբ, ինչպիսիք են Սուդանը, Նիգերիան, Լիբիան, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Ադրբեջանը եւ այլք:

«Շատ անհանգստացնող է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դեմքերի եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ վերջերս իրականացվող բռնությունների ալիքը», – զեկույցից մի հատված մեջբերելով՝ ասաց նա:

Արամ Մանուկյանը ասաց նաեւ, որ Կոնգրեսի խմբակցությունը ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» գործընկերների հետ շարունակում է շփումները:

«ԲՀԿ-ն վերակազմավորման, վերակառուցման փուլում է, մենք չենք ուզում խանգարել, համբերատար կսպասենք: Համագործակցությունից, բնականաբար, չենք խուսափում, մանավանդ, որ խորհրդարանում միասին շատ բան ունենք անելու», – ասաց նա:

Pin It on Pinterest