Երկրում արդեն իսպառ ոչնչացված է ընտրությունների ինստիտուտը, ինչի հետևանքով Հայաստանը դարձել է Եվրոպայի այն սակավաթիվ երկրներից, որտեղ իշխանությունը չի կարող փոխվել ընտրությունների արդյունքում: Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման միակ խոչընդոտը, հետևաբար, մնացել է գործող Սահմանադրության 50-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ «նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի Նախագահի պաշտոնում»:
Եվ ահա իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրության փոփոխություն, որի հիմքում ընկած է երկրի կառավարման մոդելը փոխելու գաղափարը: Զավեշտալին այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանը, ինչպես ինքը հրապարակավ հայտնել է, անձամբ կողմնակից է կառավարման գործող մոդելին և դեռ վստահ չէ, որ կառավարման նոր՝ խորհրդարանական մոդելը կարող է ապահովել Հայաստանի և՛ արտաքին, և՛ ներքին կայունությունն ու անվտանգությունը՝ ընդունելով միաժամանակ, որ գործող Սահմանադրությունն այդ առումով իր առաքելությունը կատարում է:
Որևէ ժողովրդավարական ազգ երկրի կայունությունն ու անվտանգությունը երաշխավորելու կարողությունն ապացուցած սահմանադրական կառավարման ձևը երբևէ չի փոխում: Ժողովրդավարական ազգերը գիտակցում են, որ կառավարման ձևը մեկընդմիշտ հաստատված խաղի կանոն է, քաղաքական պայքարի մեկընդմիշտ գծված շրջանակ, որի փոփոխությունը վտանգավոր է, քանի որ նման դեպքում սահմանադրությունը վերածվում է իշխող քաղաքական ուժի ձեռքում սեփական իշխանությունն ամրապնդելու գործիքի, փոխանակ ծառայի իր հիմնական առաքելությանը, այն է՝ ապահովելու քաղաքական պայքարի հավասար կանոններ երկրի բոլոր քաղաքական ուժերի համար:
Երկրի քաղաքական սոցիալ-տնտեսական համակարգի արատավորությունը որևէ կապ չունի Սահմանադրության հետ, և խորացող ճգնաժամի պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխությունը հետապնդում է մեկ նպատակ՝ ապահովել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը 2018 թվականից հետո: Ոչ մի արժանապատիվ ազգ թույլ չի տա բռնապետության դեմ երաշխիք հանդիսացող սահմանադրության նկատմամբ նման ոտնձգություն: Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերը և հասարակությունը կմիավորվեն նախաձեռնած սահմանադրական գործընթացը Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու համաժողովրդական հանրաքվեի վերածելու համար
[youtube id=”46Vl–bKmwk” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]