Գագիկ Յանգիրյան »»

Գողական կյանքի օրենքները տիրապետող են ոչ միայն հասարակության առանձին շերտերում ու խմբերում, այլև ընդգրկվում են ամբողջական բնակավայրեր, նույնիսկ քաղաքներ:

Հասարակական կարծիքը հաճախ ոչ միայն չի դատապարտում քրեական բարքերն ու դրանց իրական ու կեղծ կրողներին, այլև համակերպվում է վերջիններիս հետ, ընդունում հանցաշխարհի հեղինակություններին ու նրանց վարքագծի կանոնները:

Ահա թե ինչու տարեկան մոտ 50-60 հազար քրեական ակտիվ դեմոգրաֆիական տարիքի քաղաքացիների՝ հանրապետությունից արտագաղթի պայմաններում, հանցավորության վիճակում էական դրական տեղաշարժեր չեն արձանագրվում: Սպանությունների, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, կողոպուտի, ավազակության, ընդհանուր և հատուկ ռեցիդիվի տեսակարար կշիռը հանցավորության կառուցվածքում մնում են հարաբերականորեն բարձր և կայուն:

Գաղտնիք չէ, որ վարչական ու իրավապահ մեր մարմինները, վերից պարտադրված, ստիպված հանդուրժում են հանցավոր աշխարհի զուգահեռ և լեգալ գոյությունը: Հակառակ պարագայում ինչո՞վ բացատրել, որ Հայաստանն է դարձել միջազգային հանցավոր աշխարհի ներկայացուցիչների նախընտրելի հավաքատեղի:

Անհանգստացնող է հատկապես, երբ «գողական» աշխարհի օրենքները, երբեմն էլ դրանց կրողները թափանցում են պետական կառավարման մարմիններ: Պաշտոնատար «սուտի գողականների» այդ դասը այլասերում է  ինչպես պետական ապարատը, այնպես էլ ձևախեղում գողական վարքագծի կանոնները:

Դատական պաշտպանության բացակայության, իրավապահ մարմինների աջակցության անհասանելիության պայմաններում մեր քաղաքացիները ավելի ու ավելի հաճախ են հայցում հանցավոր աշխարհի հեղինակությունների աջակցությանը՝  իրենց  անձնական ու գույքային խնդիրների լուծման ակնկալիքով: Փաստորեն կարելի է եզրակացնել, որ երկրում գործում է արդարադատության ալտերնատիվ համակարգ:

Որոշ վերապահումով կարելի է պնդել, որ ոչ միայն ու ոչ այնքան իշխանություններն են քրեական աշխարհի հեղինակություններին օգտագործում իրենց քաղաքական վերարտադրման նպատակներով, որքան հանցավոր խմբավորումներն են պետական, իշխանական լծակները ծառայեցնում սեփական շահերին:

Պետության համար հասարակության ու իշխանության կրիմինալիզացիան կործանարար է: Պետք է վերջ տալ իրավապահ ու դատական համակարգերի քաղաքական նպատակներով գործադրմանը և նրանց նպատակաուղղել  իրենց սահմանադրական խնդիրների լուծմանը

[youtube id=”QyeKgfgvOHQ” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Pin It on Pinterest