«ՉԻ» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

– Պարոն Զուրաբյան, Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հարցում իրեն պետք է լայն քաղաքական կոնսոլիդացիա։ Նախագահականում այդ հանդիպումներից հետո, ի՞նչ եք կարծում, քաղաքական լայն կոնսոլիդացիան կայացավ, թե ոչ։

– Ոչ մի կոնսոլիդացիա տեղի չի ունեցել, տեղի է ունեցել քաղաքական դաշտի բռնաբարություն։ Ով առանց այդ էլ ծախված էր, նրան առանձնապես գայթակղելու անհրաժեշտություն չկար։ Ով դիմադրում էր՝ նրանց նկատմամբ կատարվեցին ահաբեկչական ճնշումներ։ Ու արդյունքում՝ իբր, թե տեղի ունեցավ քաղաքական դաշտի «կոնսոլիդացիա»։ Իրականում միայն այն ձեւը, որով կազմակերպվեց այդ «կոնսոլիդացիան», արդեն ոչ լեգիտիմ է դարձնում սահմանադրական այս ողջ գործընթացը եւ դրա հետեւանքով ընդունվելիք սահմանադրությունը։ Հիշեցնեմ՝ ԲՀԿ-ի վրա եղան հարձակումներ եւ ըստ էության խախտվել են սահմանադրական իրավունքները՝ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը, միավորումներ կազմելու, այսինքն՝ կուսակցությունների մեջ միավորվելու իրավունքը, երբ կոնկրետ մարդկանց ասվեց, որ չեն կարող լինել այսինչ կուսակցության անդամ։ Ոտնահարվել է ազատ կարծիք հայտնելու իրավունքը, ինչպես նաեւ՝ տեղեկություններ տարածելու իրավունքը։ Նկատի ունեմ «Կենտրոն» հեռուստաընկերության լռեցումը, որը նախագահականի ճնշման տակ 180 աստիճանով փոխեց իր ինֆորմացիոն քաղաքականությունն ու սկսեց անել այն, ինչ ձեռնտու է Ս.Սարգսյանին։ Եվ ահա ժողովրդավարական այս հիմնարար ազատությունների խախտումով ծնունդ է առնում ոչ լեգիտիմ մի սահմանադրություն, որի միակ նպատակն է Սերժ Սարգսյանի անձնական իշխանության հավերժացումը։

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այսպես շտապում այդ հարցում՝ այդ  հանդիպումների  հաջորդ օրն իսկ հաստատելով հայեցակարգը։

– Սերժ Սարգսյանի շտապելու անհրաժեշտության մասին մենք վաղուց ենք խոսել։ Նրա թիմը քանդվում է, որովհետեւ տեսնում էր՝ Ս.Սարգսյանը չի կարող ապահովել սեփական իշխանության երկարաձգումը, ամեն անգամ հետաձգելով սահմանադրական ռեֆորմը։ Ու եթե այս անգամ էլ նա հետաձգեր  այն, ինչ խոստացել էր հոկտեմբերին, Ս.Սարգսյանի թիմն ուղղակի փլուզվելու էր։ Հենց դա է պատճառը, որ փետրվարի 12-ին նա նախահարձակ եղավ, խաղից դուրս հանեց ԲՀԿ-ին, իսկ արդեն մարտի 12-ին ապահովեց քաղաքական դաշտի «լայն կոնսոլիդացիան»։ Բայց դա ավելի շատ նման է այն կոնսոլիդացիային, որ տեղի է ունենում համակենտրոնացման ճամբարներում։

– Ի դեպ, Սերժ Սարգսյանը հանդիպել է 7 կուսակցության ներկայացուցիչների հետ, եւ կարծես հնչեղ է ստացվում՝ 7 քաղաքական ուժ, որոնք ներկայացված են ԱԺ-ում։

– Մենք դեռ չունենք ԲՀԿ-ի ու Ժառանգության վերջնական դիրքորոշումը։ Նախկինում նրանք հստակ միավորվել էին մեզ հետ՝ սահմանադրական փոփոխությունների մերժման խնդրում, քանի որ համարում էին դա Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման գործընթաց։ Իրենց դիրքորոշմանը ես չեմ ցանկանում գնահատական տալ, մինչեւ նրանք պաշտոնապես չհստակեցնեն այն։ Ինչ վերաբերում է մնացած, այսպես կոչված, կուսակցություններին, ապա համարել, որ նրանք ներկայացնում են որեւէ մեկին, բացի այդ հանդիպումներին ներկա մարդկանցից, ուղղակի զավեշտալի կլիներ։

– Երկրի կառավարման մոդելի փոփոխության եւ խորհրդարանական համակարգի անցման մասին Ս.Սարգսյանն այնուամենայնիվ, բացասաբար է արտահայտվել՝ ասելով, թե չգիտի՝ որն է ճիշտ։ «Կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել։ Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ»,- ասել է նա։ Սակայն մյուս կողմից նա հաստատում է այն հայեցակարգը, որ ենթադրում է անցում՝ խորհրդարանական կառավարման համակարգի։ Սա ինչպե՞ս հասկանանք։

– Սերժ Սարգսյանը մարտի 13-ին ասել է, «Ես դեռեւս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարեւորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը եւ կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում»։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ըստ էության, հայտնվում է մի ավանտյուրիստի դերում, որը պատրաստ է իր իսկ համոզմունքի դեմ գնալով, վտանգել երկրի անվտանգությունն ու կայունությունը, միայն թե կարողանա երկարաձգել իր իշխանությունը։ Ավելին,  սա առաջին օրինակն է աշխարհի պատմության մեջ, երբ երկրի ղեկավարը նախաձեռնում է սահմանադրական կառավարման մոդելի փոփոխություն մի վիճակում, երբ մշտապես կողմնակից է եղել կառավարման գործող մոդելին եւ հակառակվել է կառավարման այն մոդելին, որին հիմա առաջարկում է անցում կատարել։ Այսքանից  հետո անգամ Սերժ Սարգսյանին հնարավոր չէ համարել «կոնսոլիդացված» այս առաջարկի շուրջ։ Դրա համար էլ այս «կոնսոլիդացիան» ավելին, քան սեփական նեղ անձնական շահեր հետապնդող մի քանի քաղաքական գործիչների ամոթալի գործարք, համարել չի կարելի։

– Քանի որ ՀԱԿ-ը հայտարարել է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն վերածելու է Ս.Սարգսյանի վստահության հանրաքվեի, հիմա ո՞նց եք տեսնում Կոնգրեսի հետագա պայքարը։

– Իրեն հարգող ոչ մի ազգ չի կարող հանդուրժել բռնապետության ամրապնդման նպատակով անցկացվող սահմանադրական փոփոխությունը։ Բնական է, որ Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով սեփական իշխանությունը երկարաձգելու ջանքերը մերժող բոլոր առողջ ուժերը պետք է մեր հանրությանը համախմբեն ու սահմանադրական հանրաքվեն վերածեն Սերժ Սարգսյանի իշխանությանն անվստահություն հայտնելու համաժողովրդական հանրաքվեի։

Pin It on Pinterest