1412670880,2464Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով «Առավոտի» լրագրողի հացին, թե արդյո՞ք հինգշաբթի օրը տեղի ունենալիք ՀՀԿ Խորհրդի նիստում հստակեցում կմտցվի սահմանադրական բարեփոխումների հարցում՝ Է. Շարմազանովը դրական պատասխան է տվել:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանը պատրաստվում է հայտարարել այս հարցում իր նահանջի մասին: Նման քայլի հիմքում նախ 2014թ. հոկտեմբերի 17-ի իր խոսնակի հարցազրույցն է tert.am կայքին, ապա նոյեմբերի 10-ին Ս. Սարգսյանի մեկնաբանությունը «Արմենպրես»-ին:

Երկուսում էլ կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ առանց քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի անհնարին է ստանալ լավ Սահմանադրություն: Ավելին, Սերժ Սարգսյանը պնդում էր, որ այդ ամենը անելու է մինչև փետրվար. «Իմ մոտեցումները բոլորին հայտնի են. ես կարծում եմ՝ մենք այս ժամանակահատվածը, մինչև փետրվար, կօգտագործենք արդյունավետ՝ քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետև առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման, դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն: Մեզ համար դա շատ էական է, և կարևորը սա է, որպեսզի մենք ունենանք որակապես ավելի լավ Սահմանադրություն, քան այսօր գործող Սահմանադրությունն է: Հարցի հետ կապված մնացած խնդիրները, կամ հարցի շուրջ պտտվող մնացած խնդիրները էական չեն և ես կարծում եմ՝ պետք չէ ժամանակ կորցնել, այլ պետք է աշխատել»:

Ասված է շատ հստակ ու պարզ, ժամկետն էլ արդեն տաս օր է՝ ինչ լրացել է: Քաղաքական կոնսուլտացիաների մասին որևէ բան հասարակությանը հայտնի չէ՝ այդ մասին չկա որևէ խոսք նախագահական կայքում: Թերևս, հաշտվելով ուժերի հաշվեկշռի հետ՝ Սերժ Սարգսյանը պարզապես հրաժարվել է կոնսուլտացիաներ սկսելու իր նախապես հայտնած նախաձեռնությունից: Որքան էլ անհետևողական և սեփական խոսքերը չգնահատող լինի մարդը, նման իրադարձությունների լույսի ներքո գրեթե անհնարին է, որ այս անգամ էլ Սերժ Սարգսյանը որդեգրի մեկ այլ՝ երկիրը անկանխատեսելի զարգացումների ճանապարհով տանող մարտավարություն: Ի վերջո, նա ասել է, որ «լավ Սահմանադրություն առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ունենալ», հետևաբար, այն, ինչ մինչ այսօր մշակվել է, լավը չէ և չի էլ կարող լավը լինել. այդ թերի փաստաթղթով հնարավոր չէ առաջ շարժվել և հասարակության աջակցությունը հայցել:

Այսպիսով, նրան այլ բան չի մնում, քան հայտնել իր կապիտուլիացիայի՝ Սահմանադրության փոփոխության իր նախաձեռնության ձախողման մասին:

Այս իրադարձությունը պետք է պատշաճ գնահատական ստանա. Սերժ Սարգսյանը հասկանում է միայն ճնշման լեզուն, նա ունակ չէ գնալ քաղաքական կոնսուլտացիաների, պայմանավորվածությունների, լարվածությունը մեղմելու՝ ամբողջ աշխարհում ընդունված քաղաքական գործիչների համար ընկալելի և սովորական ճանապարհով: Նա այն մարդը չէ, ով կնստի բանակցային սեղանի շուրջ և կփորձի փոխընդունելի պայմանավորվածությունների գալ, նա բանակցում է միայն ճնշելու, խաբելու, դիմացինին ստորացնելու, պայմանավորվածությունները ապագայում անտեսելու մտադրությամբ: Հարցրեք եվրոպացի պաշտոնյաներին: Նրանք լավ գիտեն, թե ինպես և ինչքան է խաբել իրենց Ս. Սարգսյանը: Բոլորս հիշում ենք նաև 2011 թ. երկխոսությունը Ս. Սարգսյանի հետ՝ ժամանակը ձգելուց հետո նա ձերբակալեց Տիգրան Առաքելյանին՝ հասկանալով, որ Կոնգրեսը չի շարունակի բանակցությունները նման պայմաններում:

Ս. Սարգսյանի նման վարքագիծը այլընտրանք չի թողնում, քան փորձել լրացուցիչ ճնշումներով՝ հանրահավաքներով, երթերով, պիկետներով և նստացույցներով հասնել Համաժողովրդական շարժման առաջ դրված պահանջներին, հատկապես հաշվի առնելով սահմանադրական գործընթացից նրա հնարավոր հրաժարվելու հետևանքով արդեն յուրայինների շրջանում իր հեղինակության աստիճանական կորուստը:

աղբյուրը՝ www.ilur.am

Pin It on Pinterest