Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:
Վարչապետը վերջերս նշեց, որ աշխարհում տնտեսական պատերազմ է ընթանում, և Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի։
Ակնհայտ է, որ առկա մարտահրավերներին, անբարենպաստ զարգացումներին դիմակայելու և առհասարակ աշխարհում մեր արժանի տեղը զբաղեցնելու համար պետք է կայացնենք արդյունավետ պետություն և մրցունակ տնտեսություն։ Սակայն տարիներ շարունակ արվել է ճիշտ հակառակը։ Կոռումպացված իշխանությամբ, առկա քրեաօլիգարխիկ համակարգով գործնականում անհնար է հաղթահարել առկա համակողմանի ճգնաժամը, կասեցնել զանգվածային արտագաղթը, վերականգնել մարդկանց վստահությունը պետության նկատմամբ։
Ակնհայտ է նաև, որ այսօրվա բարդ և դժվարին իրավիճակում թե արտաքին սպառնալիքները չեզոքացնելու և թե մեր ազգային խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ուժերի համախմբում։ Միասնականությունը, ինչի մասին այսօր շատ է խոսվում, իրոք օրվա հրամայականն է։
Սակայն միասնությունը լոկ գեղեցիկ խոսքերով կամ կարգախոսներով չէ` անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։
Դրա համար, առաջին հերթին, պետք է ձևավորել ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդի աջակցությունը վայելող իշխանություն։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի համախմբել հասարակությանը, փոխել երկրում առկա անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և նախադրյալներ ստեղծել երկրի կայուն զարգացման համար։
Իշխանությունները պետք է հասկանան, որ բռնություններով, մարդկանց ահաբեկելով չեն կարող հասնել իրենց համար ցանկալի արդյունքների։
Նման գործելակերպը վտանգավոր է և հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Մենք դատապարտում ենք օրերս Բերձորում իրականացված բռնությունները, որոնք համալրում են վերջերս ազատամարտիկների, քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ կիրառված բռնարարքների շարքը, և պահանջում ենք անցկացնել անաչառ քննություն ու պատժել բոլոր մեղավորներին։ Ամեն ինչ պետք է արվի այդ միջադեպի բացասական հետևանքները հաղթահարելու համար։
Բռնությունները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, իշխանության բռնազավթումը, ամենաթողությունն ու անպատժալիությունը փլուզում են մեր պետականությունը։ Այսպես շարունակել հնարավոր չէ։ Բոլորս պետք է գիտակցենք, որ առանց ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացման և երկրում օրինականության հաստատման՝ մեր պետությունը որևէ հեռանկար չունի։
[youtube id=”XbzZVRyMhHk” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]