ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.
Ժողովրդավարության գլխավոր արժեքներից մեկն այն է, որ ազատ եւ արդար ընտրություններով ընտրված իշխանությունը հիմնվում է ժողովրդի վստահության ու աջակցության վրա եւ կառավարում է երկիրը հեղինակությամբ եւ փաստարկներով, այլ ոչ թե բռնաճնշումներով, հետապնդումներով ու ֆիզիկական բռնություններով: Ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի գլխավոր տարբերությունը հենց դա է. ժողովրդավարությունը կառավարում է գաղափարով, իսկ ավտորիտարիզմը՝ ուժով: Ժողովրդավարությունն, այսպիսով, թույլ է տալիս, որ երկիրը, հանրությունը զերծ լինի ներքին հակամարտություններից ու բախումներից: Ավտորիտարիզմը, ընդհակառակը, մշտապես պայթյունավտանգ հրաբուխ է, որը զսպելու միակ հնարավորությունը՝ ուժի եւ բռնությունների գործադրումն է: Այս առումով Հայաստանը, ցավոք սրտի, հենց նման մի պայթյունավտանգ երկիր է, որի ավտորիտար իշխանությունը բոլոր խնդիրներն, ի վերջո, լուծում է ուժով ճնշելու միջոցով: Դրա ամենավառ ապացույցը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններն էին, երբ քաղաքական լուծումներ որոնելու փոխարեն՝ իշխանությունը դիմեց ընտրակեղծիքների դեմ ժողովրդի ընդվզումը արյան մեջ խեղդելուն: Հազարավոր մարդիկ ենթարկվեցին բռնությունների ոստիկանական բաժանմունքներում, հարյուրավոր մարդիկ տարիներ շարունակ պահվեցին բանտերում: Հայաստանի ավտորիտար իշխանութուններին կարծես հաջողվեց ճնշել ժողովրդի ընդվզումը եւ ապահովել սեփական ապօրինի իշխանության վերարտադրումը: Աստիճանաբար, սակայն, ժողովուրդը նորից ոտքի է կանգնում: Քաղաքական ընդդիմադիր ուժերը համախմբվել են, եւ ժողովրդի լայն շերտեր նորից միավորվում են Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու նպատակով՝ պատրաստ լինելով վճռական գործողությունների: Եվ հիմա նորից իրերի անցանկալի զարգացումը կանխելու միակ միջոցը ճարահատյալ իշխանությունը համարում է բռնությունը: Դրա վկայությունն են վերջերս թափ առած լկտի բռնությունները եւ ֆիզիկական հաշվեհարդարները՝ իշխանության ընդդիմախոսների հետ:
Անցյալ տարվա վերջից մինչ այսօր դա արդեն վերածվել է բռնությունների մի ամբողջ շղթայի. Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրիկ Սարգսյանի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի, ինչպես նաեւ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունները ցույց են տալիս, որ բոլոր բնագավառներում խայտառակ ձախողումներ կրող վարչախումբն իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանը ահաբեկելու ցնորական գաղափարի մեջ։
Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է ռեժիմի այս քստմնելի կեցվածքը: Ինչքան շուտ իշխանությունները հասկանան, որ, մերժելով քաղաքական գործընթացները, գնում են սրընթաց գահավիժման ճանապարհով, այնքան լավ կլինի եւ երկրի, եւ այսօրվա ռեժիմի ներկայացուցիչների համար:
[youtube id=”bxq_70j8Rec” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]