Ազգային ժողովում՝ Կառավարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, հիմնական զեկուցող՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ում ուշադրության կենտրոնում էր մեկ միլիոն եւ ավելի գումար ստացող կանանց փոխհատուցման խնդիրը:
«Դուք մեկ միլիոն եւ ավելի գումար ստացող կանանց դեպքում ասում եք, թե օրենքի մեջ փաստվում է, որ 80 տոկոսը վճարում է պետությունը, իսկ 20 տոկոսը՝ գործատուն, եւ պնդում եք, որ որեւիցե խնդիր չի կարող լինել: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ կերպ դա կարելի՞ է ամրագրել օրենքում, որ 20 տոկոսի փոխհատուցումը գործատուն պարտավոր է վճարել մեկ միլիոն եւ ավելի գումար ստացող կանանց դեպքում: Ինչո՞ւ թողնել դա օդում եւ հույս ունենալ, որ գործատուի հետ աշխատողը որեւէ խնդիր չի ունենա: Միգուցե, դա հնարավո՞ր է ամրագրել ինչ-որ կետով»:
Նախարարի խոսքով՝ այդ դրույթը «պարտադիր» չեն ամրագրել, այլ թողել են հայեցողական, եւ վստահություն հայտնեց, որ գործատուները նույնպես շահագրգռված են լինելու այդ վճարումները կատարել: