Ժողովուրդներն են որոշում այս կամ այն համակագի հետ ինտեգրումը, ոչ թե իշխանությունները, հայ ժողովուրդը միշտ ինտեգրվել է եւ հիմա էլ ինտեգրվում է առանց իշխանութունների կամքի: Այսօր ԱԺ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի անդամների հետ ԵՄ փորձագիտական պատվիրակության հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հանդիպման ընթացքում ԵՄ պատվիրակները ցանկություն հայտնեցին հայաստանյան քաղաքական շրջանակներից կարծիքներ լսել, թե ինչ կերպ են նրանք պատկերացնում ԵՏՄ անդամակցությունից հետո Եվրամիության հետ հետագա հարաբերությունները: Հանդիպմանը մասնակցող գրեթե բոլոր հայ խորհրդարանականները համոզմունք հայտնեցին, որ ԵՄ հետ ինտեգրացիան պետք է շարունակական լինի: Առաջարկներ եղան՝ մինչեւ 2015-ի հունվար ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը եւ տնտեսական համագործակցության նոր ձեւաչափ մշակել՝ հաշվի առնելով անդամակցությունը ԵՏՄ-ին: Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի պատվիրակներին հիշեցրեց, որ ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին միանալու՝ Սերժ Սարգսյանի որոշումը անակնկալ է եղել հայ հասարակության համար եւ չի քննարկվել քաղաքական շրջանակներում:
Արամ Մանուկյանն իր հերթին ընդգծեց, որ հակառակ կարծիք չի կարող լինել՝ Եվրոպայի հետ հարաբերությունները պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա:
«Ուղղակի ճիշտ քաղաքականությունը կլինի այն, որ դա չլինի այլ համակարգերի դեմ ուղղված: Այսօրվա իրավիճակում էլ պետք է առավելագույնը քաղել ե՛ւ ԵՄ-ից, ե՛ւ ԵՏՄ-ից», – ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ ներկայացնում է խորհրդարանի մեծագույն ընդդիմադիր ուժը եւ մի կուսակցություն, որը Եվրոպայի լիբերալների կուսակցության լիիրավ անդամ է:
«Մեր մոտեցումը հստակ է՝ լրիվ ինտեգրացիա եվրոպական կառույցների հետ, լավագույն հարաբերություններ ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ եւ բարեկամական հարաբերություններ բոլոր հարեւանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Փոքր երկրների համար շատ բարեկամներ ունենալն անհրաժեշտություն է: Մեր ժողովուրդը միայն մի բանի հետ չի ինտեգրվում՝ դա չընտրված իշխանություններն են, որոնք ձախողված են բոլոր ոլորտներում՝ թե արտաքին, թե ներքին», – ասաց պատգամավորը:
Արամ Մանուկայնը նշեց երկու կարեւոր գործոններ, որոնք խանգարեցին ԵՄ երկրների հետ Հայաստանի ինտեգրացմանը, նախ՝ այն, որ եվրոպական կառույցները աջակցեցին Հայաստանի չընտրված իշխանություններին եւ աչք փակեցին մի քանի կեղծված ընտրությունների առաջ: Բացի դրանից, ըստ Արամ Մանուկյանի, ժողովրդի համար ծանր հարված էին Մարտի մեկի դեպքերը, առնվազն 10 զոհերը եւ 150 քաղբանտարկյալները: «Եվրոպացիները գիտեն՝ ովքեր են սպանդի հեղինակները, գիտեն, որ 10 սպանություններից ոչ մեկը բացահայտված չէ, եւ լուռ վերաբերմունքը նշանակում է աջակցություն իշխանություններին», – ասաց Մանուկյանը՝ նշելով, որ այս երկու գործոնները խաթարեցին Հայաստանի ժողովրդի հավատը եվրոպական արժեքների նկատմամբ: «Մեր ցանկությունը՝ համագործակցելու եվրոպացիների հետ այս դաշտում է՝ աջակցել ժողովրդավարությանը, ոչ թե իշխանություններին: Եվ երբ որ եվրոպացիները անաչառ կերպով կաջակցեն Հայաստանում ժողովրդավարական պրոցեսներին, մեր ինտեգրացիան կլինի ավելի արդյունավետ», – ասաց պատգամավորը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ Խորհրդարանի երեք քաղաքական ուժեր հզոր հանրահավաքներ են կազմակերպել եւ փորձելու են առաջիկայում անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: