1412959263,7162Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված լինելով Գագիկ Ծառուկյանին, ես կբավարարվեմ ընդամենը մի քանի դիտարկումներով։

Առաջին. Նոր Համաժողովրդական շարժման առաջին երկու հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի։ Ուստի կոչ եմ անում ամենեւին ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային (մարգինալ) ուժերի կողմից հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հետեւած հիստերիկ արձագանքին։

Նման հակազդեցությունը միանգամայն բնական է եւ բացատրվում է չափազանց պարզ մի պատճառով։ Շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք իբրեւ-թե յոթանասուն տարի պայքարել էին Հայաստանի անկախության վերականգնման համար, երբ 1990-1991 թվականներին, այդ խնդրի լուծման հնարավորությունը իրական դարձավ, մեկ ակնթարթում փոխեցին իրենց դավանանքը եւ կտրուկ դեմ արտահայտվեցին անկախությանը, որովհետեւ այն ձեռք էր բերվում ոչ թե իրենց, այլ ուրիշների շնորհիվ։ Նույն բանն է, որ տեղի է ունենում այսօր։ Իրենց ընդդիմություն համարող որոշ լուսանցքային ուժեր, սարսափած համաժողովրդական շարժման հզոր ալիքից եւ հաղթանակի հասնելու նրա հեռանկարից, կատաղի պայքար են սանձազերծել վերջինիս դեմ` նախընտրելով, որ սարգսյանական ավազակախումբը 100 տարի էլ իշխի Հայաստանում, անխնա թալանի սեփական ժողովրդին ու հիմնահատակ կործանի երկիրը, միայն թե իշխանափոխությունը չկատարվի ուրիշների ձեռքով։ Նրանց կարծիքով՝ Հայաստանում նախ պետք է ընդդիմափոխություն տեղի ունենա, եւ հետո միայն իշխանափոխություն՝ ջհանդամը թե արանքում երկրից բան չի մնա։

Լուսանցքային ուժերի պարագայում առկա է նաեւ ֆրուստրացիայի (վհատության, հուսախաբության) մեջ ընկնելու մի այլ ծանրակշիռ պատճառ. երեք տարի շարունակ պնդելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում Սերժ Սարգսյանի հետ, եւ որ Բարգավաճ Հայաստանը ոչ մի պարագայում ընդդիմություն չի դառնա, այսօր նրանք հայտնվել են իրենց կանխատեսման մեջ խայտառակ լինելու փաստի առջեւ։ Ուստի պարզ չէ, թե սրանից հետո նրանք ինչպե՞ս են զբաղվելու քաղաքականությամբ, եւ այսուհետեւ ո՞վ է հավատալու նրանց մյուս կանխատեսումներին։

Մի խոսքով, գլխովին լծվելով Համաժողովրդական շարժման դեմ ծավալված պայքարին, մարգինալները դարձել են Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ դաշնակիցները, որովհետեւ եթե ճիշտ է քաղաքական այբուբենի կարեւոր տարրերից մեկը հանդիսացող «թշնամուս թշնամին իմ բարեկամն է» բանաձեւը, ապա նույնքան ճիշտ է «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է» բանաձեւը։ Այլ կերպ մեկնաբանելու պարագայում, դավաճանված կլինեն տրամաբանության կանոնները։

Փակելով մարգինալների թեման, ես խոստանում եմ այլեւս երբեք չանդրադառնալ դրան, նույն բանն ակնկալելով նաեւ իմ գործընկերներից։ Մենք լծված ենք լրջագույն մի գործի, որից նման մանրուքների պատճառով շեղվելու իրավունք չունենք։

Երկրորդ. Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ես չխոսեցի նույն օրը Եւրասիական միությանը Հայաստանի անդամագրման պայմանագրի ստորագրման մասին, քանի որ դա տեղի էր ունեցել հանրահավաքից ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ ես սովորություն չունեմ ոտքի վրա հապշտապ գնահատականներ տալու։ Այժմ ես պատրաստ եմ այդ առթիվ ձեզ ներկայացնել իմ որոշ նկատառումները։

Նախ նշեմ, որ Եւրասիական միությանը Հայաստանի անդամագրումը, որ ես դեռ ամիսներ առաջ անշրջելի էի համարել, Մինսկում կնքված պայմանագրի ուժով արդեն կատարված փաստ կամ կայացած իրողություն է, ինչը, իմ կանխատեսման հաստատումը լինելուց բացի, նշանակում է, որ տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու եւ կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում։ Հետեւաբար, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլեւս ուշացած, անիմաստ եւ վնասակար է։ Իրականության զգացողությունը չկորցրած մարդու համար եթե ոչ այլ բան, ապա միայն Ուկրաինային վիճակված ողբերգական կացությունը բավական է դրանում համոզվելու համար։

Մեծաքանակ բնակչությամբ, հսկայական տարածքով եւ հարուստ բնական պաշարներով օժտված Ուկրաինան, հակառակ իր կրած ծանր կորուստներին, մի օր, հաստատ, ոտքի կկանգնի եւ արժանի տեղ կզբաղեցնի բարգավաճ ու հզոր պետությունների կողքին։ Մի՞թե ոմանց համար դժվար է հասկանալ, որ Հայաստանին Ուկրաինայի կորուստների թեկուզ տասներորդ մասի բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը պարզապես կվերանա աշխարհի քարտեզից։ Տարօրինակն այն է, որ նույնիսկ Արեւմուտքը ըմբռնումով է մոտենում Հայաստանի կատարած ընտրությանը, մինչդեռ մեզ մոտ մի բուռ մարդիկ ոչ մի կերպ չեն ուզում հաշվի նստել իրականության հետ եւ փորձում են մեր երկրում արհեստականորեն հակառուսական տրամադրություններ հրահրել, առանց մտածելու դրա հետեւանքների մասին եւ առանց հասկանալու, որ Հայաստանում այդպիսի տրամադրությունների հող չկա։

Հիմա, ինչ է թե Հայաստանը սարգսյանական վարչախմբի ձախորդ քաղաքականության եւ անխուսափելի զարգացումների հետեւանքով հայտնվել է Եւրասիական միությունում, դրա համար սո՞ւգ հայտարարենք, ողբա՞նք, լա՞ց լինենք, անդադար նվնվոցներով թեւաթա՞փ անենք եւ վերջնականապես վհատեցնե՞նք ժողովրդին, թե՞ հակառակը, թեւներս քշտենք եւ, օգտվելով այդ միության ընձեռած հնարավորություններից, փորձենք շենացնել, բարեկարգել մեր երկիրը։ Հայաստանի խնդիրն, ըստ այդմ Եւրասիական համակարգում այնպիսի օրինակարգ, անբասիր, արժանապատիվ եւ վստահելի իշխանություններով ներկայանալն է, որն ի վիճակի կլինի տվյալ համակարգի ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները հասցնելու նվազագույնի։

Քանի որ ակնհայտ է, որ սարգսյանական ռեժիմն այն իշխանությունը չէ, որն ի զորու է իրականացնել այդ առաքելությունը, սա էլ մի լրացուցիչ հիմք է այդ ռեժիմից շուտափույթ կերպով ազատվելու համար։ Ես համոզված եմ, որ վերը նշված արժանիքներով օժտված նոր իշխանությունների ձեւավորման պարագայում Եւրասիական միության կազմում անգամ Հայաստանը կարելի է դարձնել արեւմտյան կամ համամարդկային արժեքների, այն է` ժողովրդավարության, խոսքի, մամուլի, խղճի ազատության, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության վրա հիմնված իրավական պետություն։

Ուստի իմ կարծիքով, չափազանցված են եւ իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում նաեւ Եւրասիական միությանն անդամագրվելու հետեւանքով Հայաստանի ինքնիշխանության (սուվերենության) կորստի մասին խոսակցությունները։ Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ գործադրելու ունակություն։ Ցանկացած միջազգային կազմակերպության անդամագրվելով եւ այդ կազմակերպության անդամների հետ փոխադարձ պարտավորություններ ստանձնելով, պետությունները սեփական կամքով մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը, որովհետեւ զրկվում են այդ պարտավորությունների շրջանակում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից։

ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, Եւրոմիության անդամ եւ միջազգային կոնվենցիաներին միացած բոլոր պետություններն, այսպիսով, կորցրել են իրենց ինքնիշխանության մի մասը։ Դա նշանակում է, որ եթե անգամ Եւրասիական միության փոխարեն Հայաստանը ստորագրեր Եւրոասոցացման պայմանագիրը կամ նույնիսկ միանար Եւրոմիությանը, միեւնույն է, զրկվելու էր իր ինքնիշխանության որոշ մասից, գուցե ավելի, քան Եւրասիականի պարագայում։ Մի խոսքով, Եւրասիական միությունում Հայաստանն այնքան ինքնիշխան է լինելու, որքան Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Կիրգիզստանը։ Ինձ միամիտի տեղ դնելով, կարող են հակաճառել, որ Եւրասիական միությունում Ռուսաստանն այնուամենայնիվ ունենալու է թելադրողի դեր։ Համաձայն եմ, իսկ ո՞վ ասաց, որ միջազգային մյուս կազմակերպություններում թելադրող չկա։ ՄԱԿ-ում, օրինակ, այդ դերը կատարում են վետոյի իրավունքով օժտված գերտերությունները, իսկ Եւրոպական միությունում՝ Գերմանիան եւ Ֆրանսիան։ Չե՞ք տեսնում, թե այդ միության առաջատար պետություններն ինչպիսի խստագույն պայմաններ են դնում Բուլղարիայի, Ռումինիայի եւ մանավանդ Հունաստանի առջեւ։

Չեմ կասկածում, Եւրասիական միության վերաբերյալ այսօր հնչեցրած իմ մտքերը ոմանք ներկայացնելու են որպես ռուսամետության կամ հակաարեւմտականության արտահայտություն։ Դա ինձ բոլորովին չի հուզում, որովհետեւ իմ մոտեցումը թելադրված է ոչ թե արտաքին որեւէ կողմնորոշման նախընտրանքից, այլ բացառապես քաղաքական ռեալիզմի վերաբերյալ ունեցած կայուն համոզմունքից։ Իսկ ռեալիզմին դավաճանելն ինձ համար հավասարազոր է քաղաքական կուրության կամ արկածախնդրության՝ մանավանդ վտանգներով հղի այնպիսի իրադրությունում, որում մենք այսօր գտնվում ենք։

Երրորդ դիտարկումը վերաբերում է Համաժողովրդական շարժման ղեկավարության կողմից հասարակությանը գործողությունների ճանապարհային քարտեզ եւ հստակ ժամանակացույց ներկայացնելու պահանջին։ Որեւէ մեկին վիրավորելու մտադրություն չունենալով, անմիջապես հարկ եմ համարում նշել, որ սա անհիմն եւ քաղաքական առումով վտանգավոր պահանջ է, քանի որ բռնապետության պայմաններում վճռական պայքարի դուրս եկած քաղաքական շարժումը չի կարող եւ իրավունք էլ չունի իր բոլոր քարտերը միանգամից բացել։

Պետք է հստակ տարբերություն դնել ռազմավարության (ստրատեգիայի) եւ մարտավարական (տակտիկական) հարցերի միջեւ։ Շարժման ստրատեգիան հայտնի է եւ որեւէ գաղտնիք չի պարունակում։ Մենք բացեիբաց հայտարարում ենք, որ ծրագրել ենք սահմանադրության շրջանակներում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, որից հետո անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, նախապես, բնականաբար, հիմնովին վերափոխելով ընտրական օրենսգիրքը եւ նրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք այսուհետեւ կբացառեն լայնածավալ եւ համակարգային բնույթ կրող ընտրակեղծիքների հնարավորությունը։ Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք եւ գնալու ենք մինչեւ վերջ, այսինքն՝ մինչեւ սարգսյանական ռեժիմից լիակատար ազատագրումը, նույնն է թե՝ մինչեւ հաղթանակ։

Ինչ վերաբերում է տակտիկային, այն է` մեր հետագա գործողությունների բնույթին, քայլերի հերթագայությանը եւ միջոցառումների ժամանակացույցին, ապա դա հանրային քննարկման առարկա չի կարող դառնալ։ Եթե չեմ սխալվում, ես մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ երբ տակտիկան բացահայտվում է, այդ պահից այն դադարում է տակտիկա լինել։ Այն պարագայում, երբ պետությունները, քաղաքական կազմակերպությունները, տնտեսական կառույցները, չխորշելով անգամ հետախուզական միջոցներից, հսկայական ջանքեր են գործադրում հակառակորդի կամ մրցակցի տակտիկան պարզելու համար, ոմանք մեզանից պահանջում են, որ մենք մեր տակտիկական մտահղացումները սկուտեղի վրա մատուցենք Սերժ Սարգսյանին։

Շարժման տակտիկան բացահայտելու կարիքը չկա նաեւ մեկ այլ պատճառով։ Այս հրապարակում հավաքված ժողովուրդը հիմնականում ՀԺԿ-ի, Ժառանգության, ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի համակիրներն են, որոնք լիովին վստահում են յուրաքանչյուրն իր կազմակերպությանը։ Հետեւաբար, ոչ ոք հիմք չունի կասկածելու, որ նշված ուժերի առաջնորդները սեփական կազմակերպություններից ինչ-որ բան են թաքցնում` Շարժումը սխալ ճանապարհով տանելու նպատակով։ Քանի որ, ինչպես նախորդ հանրահավաքում նշեցի, ժողովրդի եւ մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա, ինչը մեր բռնած գործի հաջողության միակ գրավականն է, ուրեմն Համաժողովրդական շարժման ղեկավարությունը կարո՛ղ է ձեզանից հայցել տակտիկական հարցերն ինքնուրույնաբար լուծելու իրավասությունը։

Այս հարցը ես հիմա դնում եմ քվեարկության. համաձա՞յն եք Շարժման ղեկավարությանը տալ այդ իրավասությունը։

– Դե՞մ. չկա։

– Ձեռնպա՞հ. չկա։

Շնորհակալություն։

Սա էլ՝ մեր պատասխանը չարախնդացող այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե իբր մենք հաշվի չենք նստում ժողովրդի կարծիքի հետ։

* * *

Իսկ այժմ մի վերջին հորդոր։ Քանի որ առջեւում մեզ լարված պայքար է սպասում, խնդրում եմ դրանից ամենեւին չնեղսրտել, չչարանալ, չմաղձոտել, այլ ամեն ինչին վերաբերվել բարեհոգաբար, թեթեւ սրտով, նույնիսկ հումորով։ Հիշեցնեմ, որ հակառակ գերլարված իրավիճակին, հենց այդպիսի մթնոլորտ էր տիրում 1988 թվականի փետրվարյան հանրահավաքների օրերին, ինչի վկայությունն են, օրինակ, այդ ժամանակ տարածված հետեւյալ կատակները.

– Հանրահավաքներից մեկի ժամանակ ժողովրդին է մոտենում մի կողմնակի մարդ ու հարցնում. «Ապեր, էս ի՞նչ հաշիվ ա, ընչի եք հավաքվե գոռգռում»։ Պատասխանում են. «Ղարաբաղն ենք ուզում»։ «Սոչին ուզեք, Սոչին. Սոչին ավելի լավ տեղ ա»,- ասում է նա ու հեռանում։

– 88-ի փետրվարի 23-ի գիշերային երթի ժամանակ ցուցարարները «Միացե՛ք, միացե՛ք» վանկարկելով կոչ էին անում մայթերին կանգնած մարդկանց միանալ երթին։ Երբ «Կինո Հայրենիքն» անցել էինք, մայթին կանգնած տղաներից մեկը «Միացե՛ք, միացե՛ք» կոչին բարձրաձայն պատասխանեց. «Արա, ձեր էշ խելքին ընկա, մաշնես կոխին»։

– Այդ օրերին Ազատության հրապարակն այնքան խիտ էր, որ հնարավոր չէր միմյանց ոտքերը չտրորել։ Երբ մեկը կողքի կանգնածին ասում է. «Կներես ախպեր, ոտդ տրորեցի», վերջինս պատասխանում է. «Ոչինչ, ախպեր ջան»։ Երբ երկրորդ անգամ է տրորում ու նորից ներողություն խնդրում, մյուսը թե՝ «Ի՞նչ ներողություն, ցավդ տանեմ։ Ազգի խաթեր էս մեծ գործում մի տրորած ոտ ավել, մեկը պակաս, ի՞նչ նշանակություն ունի»։ Իսկ երբ երրորդ անգամ է տրորում ու էլի ներողություն խնդրում, մարդն ասում է. «Ախպեր ջան, էլի կներեմ, բայց հենց Ղարաբաղի գործը կպավ, տալու եմ գլուխդ ջարդեմ»։

– Երբ այս հրապարակում հնչեցին գործադուլի առաջին կոչերը, մի երիտասարդ բարձրացավ հարթակ եւ ասաց. «Ժողովուրդ ջան, էսօրվանից սկսած, մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը, ողջ քյավառահայությունը մի մարդու պես արաղադուլ ա հայտարարում»։

Համոզված եմ, որ նման կատակներ ու սրամտություններ ծնվելու են նաեւ այս շարժման ընթացքում, եւ դրանց առաջին նմուշներն արդեն առկա են, ինչը նշանակում է, որ մեզ բոլորիս սպասում է նույնպիսի հաջողություն, որին հասավ Ղարաբաղյան շարժումը։

[youtube id=”yGLHEMmPwoI” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Pin It on Pinterest