Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննվեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացրած՝ «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրինագիծը:
Դեռեւս 2001-ին ՀՀ-ն միջազգային պարտավորություն է վերցրել կարգավորել այս ոլորտը՝ միանալով համանուն եվրոպական կոնվենցիային: Սակայն, ինչպես նշեց հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը, մինչ օրս քաղաքական մեծամասնությունը խուսափել է հարցին ընթացք տալ: Նրա խոսքով՝ անգամ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրել է կասեցնել կոնվենցիայի վավերացման գործընթացը:
Գագիկ Ջհանգիրյանը վկայակոչեց Սահմանադրության 20-րդ հոդվածը`«տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով»: «Իրավաբան լինել պետք չէ, բանասեր լինելն էլ է բավական` սա հասկանալու համար», – ասաց Ջհանգիրյանը: Նա նշեց, որ ոլորտի չկարգավորման պատճառը քաղաքական է եւ առավելապես կապված է Մարտի 1-ի դեպքերի հետ:
Պատգամավորն ասաց, որ այսօր գործող օրենսդրության համաձայն՝ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերը փոխհատուցում են ստանում միայն այն դեպքերում, երբ հայտնի է հանցագործության հեղինակը, հանցանքը բացահայտվել է, դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սակայն, ըստ նրա, փոխհատուցման խնդիրը բաց է մնում այն դեպքերի համար, երբ մեղավորն անհայտ է:
«Բայց ի՞նչ անել, երբ մեղավորը հայտնի չէ, կամ հայտնի է, բայց ՀՀ իրավապահ մարմինների համար հասանելի չէ (ասենք՝ Ռամիլ Սաֆարովի հանցանքը կամ ադրբեջանական դիպուկահարների կտարած սպանությունները), կամ՝ դատապարտյալը մահացել է կամ վճարունակ չէ», – հարցադրեց պատգամավորը՝ նշելով, որ իր ներկայացրած օրինագիծը վերաբերում է այդ դեպքերին: Ջհանգիրյանը նշեց, որ, քանի որ օրինագծի ընդունումը ֆինանսական բեռ է ավելացնելու պետբյուջեի վրա, հեղինակներն անդրադարձել են միայն բռնության դեպքերով կատարված հանցագործություններից տուժածների փոխհատուցման հարցին: Նրա խոսքով, օրինագիծը առաջին հերթին կարգավորում է նաեւ Մարտի 1-ի զոհերի փոխհատուցման հարցը, քանի որ ակնհայտորեն հանցագործությունների քննություն տարիներ ի վեր չի ընթանում:
«Հասկանալի է, որ Մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվելու, որովհետեւ քաղաքական կամք չկա, դրանց վրա քաղաքական վետո է դրված, բայց զոհերի փոխհատուցման հարցը պետք է լուծվի», – ասաց նա:
Ջհանգիրյանը նշեց, որ ըստ օրինագծի՝ տուժողը կամ նրա իրավահաջորդը փոխհատուցման պահանջ կարող է ներկայացնել այն դեպքում, երբ հանցագործությամբ տուժողին մահ է պատճառվել, եւ դեպքից անցել է մեկ տարի, կամ եթե հանցագործությամբ տուժողին ծանր կամ միջին ծանրության վնասվածք է պատճառվել, եւ դեպքից անցել է վեց ամիս:
Հիմնական զեկուցողը հիշեցրեց, որ Մարտի 1-ի հանցագործություններից մեկուկես ամիս անց՝ 2008-ի մայիսին, Կառավարության որոշմամբ՝ «Երեւան» հիմնադրամի միջոցներով փոխհատուցում է տրամադրվել մարտի 1-ին վնասված խանութների, ավտոմեքենաների տերերին, սակայն զոհերի հարազատներին մինչ օրս ոչ մի փոխհատուցում չի տրամադրվել: Մինչդեռ, ըստ պատգամավորի, կյանքի իրավունքն ավելի թանկ է, քան գույքային սեփականության իրավունքը:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին` 13 կետ ունեցող օրինագծի համար 28 կետանոց «հիմնավորում» ներկայացնելով: Հիմնվելով այդ եզրակացության վրա՝ հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը նույնպես դեմ արտահայտվեց օրինագծին: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն իր «դեմ» դիրքորոշումը պայմանավորեց հատկապես նրանով, որ օրենքի ընդունումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ենթադրում պետբյուջեի վրա, իսկ գալիք տարվա բյուջեում նման ծախս նախատեսված չէ:
Ի պատասխան կառավարության ներկայացուցչի դիտարկումների, թե օրինագծում որոշ վրիպումներ կան, Ջհանգիրյանն ասաց, թե պատրաստ է քննարկել բոլոր առաջարկությունները: Նրա խոսքով, ի վերջո, բոլոր վրիպումները կարելի է շտկել ԱԺ-ում՝ առաջինից երկրորդ ընթերցումների ընթացքում: Ջհանգիրյանը նկատեց, որ օրինագծի վերաբերյալ ընդդիմախոսների բոլոր դիտարկումներն իրականում այն չընդունելու համար պատրվակ են, ոչ թե պատճառ, որովհետեւ, ինչպես նա հիշեցրեց, «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» կոնվենցիան ՀՀ իշխանությունների կողմից հավանության է արժանացել այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն էր: «Բա այս ձեր առարկություններն էն ժամանակ որտե՞ղ էին: Նույն կառավարությունը չի՞, նույն իշխանությունը չի՞, իրավահաջորդը չե՞ք նախորդի, հրաժարվո՞ւմ եք», – հարցրեց նա::
Հանձնաժողովում «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունները ներկայացնող պատգամավորները եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ արտահայտվեցին օրինագծին: Վերջինս նույնպես նկատեց, որ մեծամասնության բացասական դիրքորոշումը բացառապես քաղաքական շարժառիթ ունի:
ՀՀԿ-ից Լեւոն Մարտիրոսյանը չհամաձայնեց Մարուքյանի դիտարկման հետ եւ առաջարկեց օրինագիծ մշակել կոնկրետ Մարտի 1-ի զոհերին փոխհատուցման վերաբերյալ: «Էդ մեկն էլ դուք արեք», – ի պատասխան՝ ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ հրաժարվելով ՀՀԿ հետ համատեղ օրինագիծ մշակելու առաջարկից: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին:
Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց մեկ տարով կասեցնել նախագծի ընթացքը:
[youtube id=”RHU9ZA8omWo#t=205″ width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]
Աղբյուրը` ilur.am