Սիրելի հայրենակիցներ,
Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը աղմկոտ հրաժարականներն ու որոշ պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն են, որոնք արդեն իսկ պատկառելի ցանկ են կազմում՝ սկսած Գագիկ Բեգլարյանից, Հովիկ Թամամյանից ու Մարգար Օհանյանից, ավարտած Ալիկ Սարգսյանով, զույգ Կարեն Կարապետյաններով, Հովիկ Աբրահամյանով եւ Միքայել Մինասյանով։ Ակնհայտ է, որ ռեժիմի ներսում լուրջ վերադասավորումներ են կատարվում, որոնք միտված են ազատվելու նրա գծից շեղվող կամ անհավատարմության նշաններ դրսեւորող տարրերից եւ առաջիկա ընտրություններից առաջ ապահովելու իշխող քաղաքական ուժի միասնությունը, որը նրա գոյատեւման ամենահուսալի, եթե ոչ միակ, գրավականն է։ Ոչ ոք, իհարկե, լուրջ չի կարող ընդունել այն, թե այդ պաշտոնանկություններն ու քրեական հետապնդումները տեղի են ունենում խնդրո առարկա անձանց վատ աշխատանքի կամ նրանց կողմից թույլ տրված օրինազանցությունների պատճառով, որովհետեւ բոլորի համար էլ պարզ է, որ նրանք պատժվում են կա՛մ սեփական խաղեր տալու, կա՛մ էլ գողական աշխարհի կանոնները խախտելու, այն է՝ վերադասին բաժին չհատկացնելու կամ «օբշագից» իրենց իրական եկամուտները թաքցնելու պատճառով։ Հարկ է ավելացնել նաեւ, որ ռեժիմի պարագլուխների համար պետական պաշտոնյաների աշխատանքի գնահատման մյուս կարեւոր չափանիշն էլ ոչ թե նրանց բուն պարտականությունների կատարումն է, այլ ընդդիմության դեմ անօրինական պայքարում նրանց ունեցած վաստակը եւ ընտրությունների կեղծման գործում նրանց առավելագույն օգտակարությունը։ Քաղաքական շրջանակների, վերլուծաբանների եւ լրագրողների կողմից տրվել են նշված պաշտոնանկությունների պատճառներին վերաբերող զանազան հիմնավոր կամ անհիմն մեկնաբանություններ, որոնք ավելորդ եմ համարում մեջբերել, գերադասելով հարցին անդրադառնալ բոլորովին մի այլ, առաջին հայացքից վերացական կամ ակադեմիական թվացող տեսանկյունից։ Ինձ հետաքրքրողը ոչ այնքան երեւույթի մակերեսային դրսեւորումներն են, այսինքն պաշտոնանկությունների սկանդալային բնույթը կամ ներիշխանական ցնցումների արտահայտությունը լինելու հանգամանքը, որքան շատ ավելի խորքային ու մտահոգիչ մի իրողություն, որը պետական ինստիտուտների լիակատար խաթարման անհերքելի ապացույց է։
Այս առումով ես մի կողմ եմ դնում գործադիր իշխանության համակարգում եւ պետական հիմնարկությունների աշխատակազմերում տեղի ունեցած պաշտոնանկությունները, որոնք քիչ թե շատ բնականոն երեւույթ են, եւ ուզում եմ առանձնակի ուշադրություն հրավիրել ընտրովի մարմինների ղեկավարների՝ Ազգային Ժողովի նախագահի եւ Երեւանի քաղաքապետի հրաժարականների արտառոց փաստի վրա։ Վերջին երեք տարիների ընթացքում փոխվել է Ազգային Ժողովի երեք նախագահ, իսկ երկու տարվա ընթացքում՝ Երեւանի երեք քաղաքապետ։ Եթե սրան գումարենք նաեւ տարիներ առաջ Ազգային Ժողովի մի այլ նախագահի անսպասելի հրաժարականը, ապա կարծում եմ, փաստի արտառոցությունն ավելի ցցուն կդառնա։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ առանց բացառության բոլոր դեպքերում հրաժարականները եղել են ոչ թե ինքնակամ, այլ հարկադրական, այն էլ՝ ոչ թե գաղափարական կամ քաղաքական, այլ բացառապես ուրիշ նկատառումներով։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ նաեւ, որ հարկադրանքը բխել է երկրի գործող նախագահից։ Իսկ դա վկայում է, որ թե՛ Ազգային Ժողովի, եւ թե՛ Երեւանի ավագանու ղեկավարները ոչ թե ընտրվել, այլ նշանակվել են, որովհետեւ եթե իրոք ընտրված լինեին, ոչ մի նախագահ նրանց չէր կարող սեփական հայեցողությամբ պաշտոնանկ անել։ Փաստորեն վերջիններս վերածվել են խրտվիլակների, որոնց երկրի նախագահը կարող է ցանկացած պահի փողոց շպրտել։ Ինստիտուցիոնալ տեսակետից այս իրողությունն աղետալի է մանավանդ Ազգային Ժողովի պարագայում, որն, ըստ էության, 1999 թվականից սկսած, դադարել է կատարել անկախ օրենսդրական մարմնի եւ գործադիր իշխանության հակակշռի իր հիմնական դերը, վերածվելով հանրապետության նախագահի կցորդի ու հլուհնազանդ կամակատարի։ Եթե կուզեք, սա է, թերեւս, մեր պետության ամենագլխավոր համակարգային արատը, որի ուղղակի հետեւանքն են թե՛ երկրում մոլեգնող համատարած կոռուպցիան, թե՛ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բացահայտ սահմանափակումները, եւ թե՛ իշխանական գրեթե բոլոր կառույցների սանձարձակություններն ու կամայականությունները։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ խորհրդարանն անկախ օրենսդրական մարմնի եւ գործադիր իշխանության իրական հակակշռի դեր կատարել է միայն 1990–1998 թվականներին, եւ կարճ ժամանակով՝ 1999-ին։ Բավական է հիշել, թե 1990-ական թվականներին ինչ բուռն եւ բովանդակալից քաղաքական քննարկումներ էին ընթանում խորհրդարանում եւ ինչպիսի դժվարությամբ էին ընդունվում կառավարության ներկայացրած օրենքները, իսկ երբեմն հաղթահարվում էր նույնիսկ Հանրապետության նախագահի վետոն։ Եւ բոլորովին պատահական չէ, որ հենց այդ ժամանակահատվածում է, որ խորհրդարանն ունեցել է հիրավի ընտրված, եւ ոչ թե որեւէ մեկի կողմից նշանակված նախագահներ՝ հանձինս ինձ, Բաբկեն Արարքցյանի եւ Կարեն Դեմիրճյանի։ Կարծում եմ, չեք մոռացել, որ ես, Վլադիմիր Մովսիսյանի հետ մրցակցության արդյունքում, Գերագույն Խորհրդի նախագահ եմ ընտրվել չորս փուլից, իսկ Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանի հետ մրցակցության արդյունքում, հինգ-վեց փուլից հետո։ Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանին, ապա նա միահամուռ կերպով ընտրվել է Ազգային Ժողովում «Միասնություն» դաշինքի ունեցած բացարձակ մեծամասնության շնորհիվ։ Բաբկեն Արարքցյանը նաեւ խորհրդարանի միակ նախագահն է, որն իր պաշտոնից հրաժարվել է ինքնակամ, այն էլ՝ զուտ քաղաքական դրդապատճառով, չցանկանալով մասնակիցը դառնալ ձեւավորվող ավտորիտար ռեժիմի կամ, իր խոսքերով ասած, չուզենալով վերածվել վերջինիս վարձու աշխատողի։
Պետականության ինստիտուցիոնալ արատները վերհանելուց բացի, ընթացիկ կադրային փոփոխությունների կամ սկանդալային պաշտոնանկությունների շարքը բացահայտում է նաեւ մի նշանակալից քաղաքական իրողություն։ Թեեւ, ինչպես նշվեց, միտված լինելով ռեժիմի ամրապնդմանը, հախուռն պաշտոնանկություններն իրականում ոչ թե ուժեղացնում, այլ ընդհակառակը, թուլացնում են այն՝ ակամայից նպաստելով դժգոհ տարրերի կամ «օբիժնիկների» բանակի ստվարացմանը, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել հետագա քաղաքական զարգացումների վրա։ Հետեւաբար, իշխանական բուրգի ինքնահոշոտումը ոչ թե նրա հզորության, այլ հագեվարքի նշանն է՝ համաձայն Ալեքսիս Թոքվիլի այն բնորոշման, որ «Վատ իշխանության համար ամենավտանգավորն այն պահն է, երբ նա սկսում է բարեփոխել ինքնիրեն»։ Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը թույլ չլիներ եւ ավելի թուլանալու վտանգ չզգար, նա բոլորովին կարիք չէր ունենա ընտրությունների նախօրյակին այսպիսի ցնցումների գնալու։ Ժամանակին, փլուզման դատապարտված ռեժիմի փրկության նպատակով, նման ջղաձգումների եւ կադրային փոփոխությունների տենդի մեջ էր ընկել նաեւ Միխայիլ Գորբաչովը, ինչից, սակայն, նա ոչ միայն նոր բարեկամներ չշահեց, այլեւ թշնամացրեց հին բարեկամներից շատերին, քայլ առ քայլ ոչնչացնելով սեփական իշխանության հենարանը։ Իսկ թե ինչով ավարտվեց այդ ամենը, հայտնի է բոլորին։ Ամենեւին չեմ կասկածում, որ նույն վախճանն է սպասում նաեւ Սերժ Սարգսյանին ու նրա հանցագործ ռեժիմին։ Եւս մեկ դիտարկում. նախորդ ելույթներիցս մեկում ես ասացի, որ պաշտոնանկությունները շարունակվելու են, եւ իրոք շարունակվեցին։ Հիմա նորից եմ կրկնում՝ չեն դադարելու։
* * *
Ավազակապետական բուրգի թուլացման կամ քայքայման մյուս, թերեւս, ավելի նշանակալից ախտանիշն իշխող կոալիցիայի ներսում ծագած լուրջ տարաձայնություներն են, մասնավորապես Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի բացահայտ հակասությունները։ Մենք վաղուց կանխատեսել եւ բազմիցս պնդել ենք, որ իշխանական մոնոլիտը, ինչպես ցանկացած հանցագործ կառույց, վաղ թե ուշ ճաքեր է տալու, ինչն այսօր, կարծես թե, իրականություն է դառնում։ Խորացման պարագայում, նշված հակասություններն սպառնում են խարխլել ռեժիմի հիմքերը եւ երկրում բոլորովին նոր իրավիճակ ստեղծել՝ արմատապես փոխելով քաղաքական ուժերի դասավորությունը եւ հող նախապատրաստելով ընդդիմադիր դաշտի ընդլայնման համար։ Իջեւանի քաղաքապետի ընտրությունը, որը մեծ ցնցում ու տագնապ է առաջացրել Հանրապետականների ճամբարում, կարելի է համարել այդ գործընթացի խորացման առաջին նշաններից մեկը։ Ի դեպ, մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե իբր Իջեւանի քաղաքապետի ընտրություններում Դաշնակցության, Ժառանգության եւ Հայ Ազգային Կոնգրեսի տեղի կառույցներն աջակցել են Բարգավաճ Հայաստանի թեկնածուին։ Հարկ եմ համարում ընդգծել, որ Կոնգրեսի ղեկավար մարմիններն այդ ընտրությունների հետ կապված որեւէ որոշում չեն կայացրել։ Իսկ եթե տարբեր ընդդիմադիր ուժերի, այդ թվում Կոնգրեսի տեղի կառույցների կողմից իսկապես այդպիսի աջակցություն ցուցաբերվել է, ապա դա կարելի է միայն ողջունել, որովհետեւ ռեժիմի դեմ անհավասար պայքարում հաջողության հասնելու համար, իմ կարծիքով, ցանկացած ընտրություններում, սեփական թեկնածու չունենալու պարագայում, երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերը, որպես սկզբունք, պետք է աջակցեն իշխանական թեկնածուի մրցակցին, անկախ վերջինիս կուսակցական պատկանելությունից։
Իսկ այժմ ուզում եմ բացահայտել մի փոքրիկ գաղտնիք՝ հավատարիմ մնալով բաց քաղաքականություն վարելու եւ հասարակությունից ոչինչ չթաքցնելու Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած սկզբունքին։ Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի հակասությունների հետեւանքով առաջացած նոր քաղաքական իրավիճակի գնահատմանը ես պատրաստվել էի անդրադառնալ դեռեւս նախորդ հանրահավաքում, սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այդ հարցի շուրջ կոնսենսուսի չկայացման պատճառով ժամանակավորապես հրաժարվեցի այդ մտքից։ Թեեւ այսօր էլ կոնսենսուսը դեռեւս բացակայում է, այնուամենայնիվ քաղաքական գործընթացներից ետ չմնալու մտահոգությունն ինձ ստիպում է, թեկուզ ուշացած, արծարծելու հույժ հրատապ այդ հարցը։ Ներքոշարադրյալն, ըստ այդմ, ոչ թե Կոնգրեսի պաշտոնական, այլ իմ անձնական տեսակետն է, հետեւաբար, ես էլ կրում եմ նրա ողջ պատասխանատվությունը։
Իմ ելակետն այս հարցում հետեւյալն է. Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի հակամարտությունն արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ եւ հաշվի չառնել։ Ի դեմս Բարգավաճի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձեւավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում։ Արդարությունը, սակայն, պահանջում է նշել, որ նման զարգացում ժամանակին գուշակել էր քաղաքագետներից միայն մեկը՝ Արմեն Բադալյանը։ Ի դեպ, իրադարձությունների զարգացման տեսակետից, ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես կավարտվի Հանրապետականների եւ Բարգավաճի հակամարտությունը։ Եթե նույնիսկ վերջինս հերթական անգամ ընկրկի ու հարկադրված լինի առերես վերահաստատել իր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին, միեւնույն է, դա չի նշանակում, որ ինչ-որ պահի կրկին չի հրաժարվի դրանից, թեեւ, իհարկե, այդ տատանումները կարող են բացասաբար անդրադառնալ նրա վարկանիշի վրա։ Իսկ այդ վարկանիշը պարզապես զրոյի կհավասարվի, եթե Բարգավաճ Հայաստանը հստակորեն չսահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից եւ այդպիսով չխուսափի 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից։ Բարգավաճ Հայաստանն իր դեմքն իսպառ կկորցնի նաեւ այն պարագայում, եթե, բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններին մասնակցի Հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով։ Ավելի մեծ նվաստացում կամ ինքնաոչնչացման ավելի կարճ ճանապարհ Բարգավաճի համար դժվար է պատկերացնել, քանի որ նա դրանով խաչ կքաշի արժանապատիվ քաղաքական գործոն լինելու իր բոլոր հավակնությունների վրա։
Իհարկե, առայժմ դժվար է գուշակել, թե որքան հեռուն կգնան իշխանական կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները, բայց եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ Ազգային Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Հավատացած եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար։
Հնարավոր շահարկումները կանխելու նպատակով հարկ եմ համարում ավելացնել, որ սա ոչ թե Բարգավաճ Հայաստանին ուղղված համագործակցության առաջարկ է, այլ ընդամենը քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ, մանավանդ որ Կոնգրեսի եւ այդ կուսակցության միջեւ մինչ այժմ որեւէ շփում կամ նախնական քննարկում տեղի չի ունեցել։ Շահարկման մի այլ առիթ կարող է դառնալ եւ արդեն իսկ դարձել է այն, որ Կոնգրեսը թեկուզ տեսականորեն հնարավոր դիտի համագործակցել մի ուժի հետ, որին մինչ այդ ավազակապետության կամ քրեաօլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ մաս է համարել։ Քաղաքականության այբուբենին ծանոթ որեւէ մեկը, սակայն, այս տիպի քննադատությանը լուրջ չի կարող վերաբերվել, քանի որ ցանկացած գերխնդրի, տվյալ պարագայում բռնապետությունը թոթափելու նպատակի շուրջ զանազան ուժերի, անգամ երբեմնի անհաշտ հակառակորդների համագործակցությունը ոչ միայն սովորական երեւույթ է, այլեւ անհրաժեշտ քաղաքական վարքագիծ։ Վկա՝ բոլոր հեղափոխություններն ու ազգային-ազատագրական շարժումները, որոնք հաջողության չէին կարող հասնել առանց այլազան քաղաքական ուժերի համատեղ պայքարի։ Ուրիշ բան, եթե մեր ընդդիմախոսները բացեիբաց հայտարարեն, որ գերխնդիրը սխալ է, եւ ամենեւին հարկ չկա ազատվելու քոչարյանա-սերժական վարչախմբից։ Այլապես, իրենց անհասկանալի պահվածքով, նրանք հսկայական ծառայություն են մատուցում վարչախմբին։
Այս առումով չպետք է անտեսել եւս մի կարեւոր հանգամանք։ Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենն այդ համակարգի ածանցյալն են, կցորդը եւ սպասարկուն։ Իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ դիտավորյալ կերպով ատելության թիրախ են դարձնում օլիգարխներին՝ հասարակության ուշադրությունն իրենց սեփական հանցագործություններից շեղելու համար։ Իշխանության եւ օլիգարխիայի հարաբերություններին ես հանգամանորեն անդրադարձել եմ իմ ելույթներից մեկում (15.10.2010), մասնավորապես նշելով հետեւյալը. «Հասկացության բուն իմաստով՝ կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է։ Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը։ Հեղինակը իշխանությունն է, որովհետեւ առանց նրա ցանկության ու թողտվության լայնամասշտաբ կոռուպցիա գոյություն չէր կարող ունենալ։ Մի առիթով ես նշել եմ, որ գործարարներն ստիպված են մշտապես խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել իրենց իրական եկամուտները եւ այլն։ Բայց դա նրանց մեղքը չէ, այլ թերեւս դժբախտությունը, քանի որ նրանք հարկադրված են ենթարկվել այն խաղի կանոններին, որոնք սահմանել է իշխանությունը։ Նրանք չեն էլ կարող շրջանցել օրենքը, եթե գործարքի մեջ չմտնեն պետական պաշտոնյաների հետ։ Գործարարներն իրականում կատարում են իրենց հարկային պարտավորությունները, բայց նրանց մուծումները հայտնվում են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին այլ տեղ։ Նրանցից շատերը, վստահաբար, ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետեւ նույնիսկ ավելին են մուծում, քան պարտավոր են։ Այլ կերպ, սակայն, նրանք չեն կարող վարվել։ Հակառակ պարագայում կհայտնվեն բանտերում կամ ստիպված կլինեն լքել բիզնեսը։ Նույնիսկ ամենաօրինապաշտ օտարերկրյա գործարարները, երբ հայտնվում են մեր նման երկրներում, կամա թե ակամա, ենթարկվում են տեղի խաղի կանոններին՝ կաշառք բաժանում, հարկերից փախչում եւ այլն։ Քավ լիցի, ես ամենեւին միտք չունեմ արդարացնելու օլիգարխների հանցագործությունները, որոնք անթիվ են։ Ասածիս իմաստը սոսկ հետեւյալն է. դրե՛ք գործարարներին ուրիշ պայմանների մեջ, եւ նրանք կգործեն բոլորովին այլ կերպ»։ Ըստ այդմ, պետք է տարբերակված լինի նաեւ իշխանափոխությունից եւ օրենքի գերակայության հաստատումից հետո կոռումպացված իշխանավորների եւ օրինախախտ գործարարների նկատմամբ կիրառվելիք քաղաքականությունը։ Ինչպես նշել եմ նույն ելույթում, «Պետական պաշտոնյաների ձեռքով ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ոչ թե բռնագանձման եղանակով, այլ միանգամայն օրինական ճանապարհով, այսինքն՝ դատական կարգով, ինչի հնարավորությունը պարունակում է Հայաստանի ներկայիս, թեկուզ անկատար, Քրեական օրենսգիրքը։ Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ»։
* * *
Վերջում չեմ կարող չանդրադառնալ մի թյուրիմացության, որը համառորեն տարածվում է որոշ քաղաքագետների ու լրատվամիջոցների կողմից, եւ որի աղբյուրը նախորդ հանրահավաքի իմ ելույթում հնչած հետեւյալ խոսքերն են. «Հայ Ազգային Կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային Ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը» (28.10.2011)։ Որքա՞ն անուղղամիտ պետք է լինել այս պարզ շարադրանքից եզրակացնելու համար, այն էլ մի ահավոր դավադրություն բացահայտածի հրճվանքով, թե իբր Կոնգրեսը հրաժարվել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից եւ որոշել է գնալ հերթական ընտրությունների։ Այնինչ ասվածի իմաստը չափազանց հստակ է, եւ նրանում դավադրություն կամ կրիմինալ փնտրելու միտքը որեւէ առողջ ուղեղում հազիվ‑թե կարող է տեղավորվել։ Թեեւ դժվար է ավելի հստակ արտահայտվել, բայց հետագա նմանօրինակ ընկալումներից խուսափելու համար, այնուամենայնիվ, փորձեմ։ Երեքուկես տարի շարունակ մենք, այո՛, բոլոր հնարավոր միջոցներով պայքարել ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Այսուհետեւ եւս մենք, նույն համառությամբ ու հետեւողականությամբ, շարունակելու ենք ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար, որովհետեւ համարում ենք, որ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունները ոչ միայն ամենեւին չեն սպառվել, այլեւ, իշխանական ճամբարում առաջացած երկպառակությունների եւ սկանդալային պաշտոնանկությունների հետեւանքով, ավելի են մեծացել։ Բայց եթե, հակառակ մեր թափած բոլոր ջանքերին, արտահերթ ընտրություններ այդպես էլ տեղի չունենան, ինչը, ռեալիստ լինելով, հասկանում ենք, որ բացառված չէ, ապա մենք, բնականաբար, որպես ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, իրավունք չունենք չմասնակցել հերթական ընտրություններին։ Ահա եւ ձեզ՝ ողջ դավադրությունն ու կրիմինալը։
Հայ Ազգային Կոնգրեսը երեքուկես տարի շարունակ եղել եւ այսօր էլ մնում է երկրի քաղաքական կյանքում դրական տեղաշարժերի խթանման գլխավոր, եթե ոչ միակ, գործոնը։ Չունենալով իշխանական որեւէ լծակ, զուտ քաղաքական պայքարի ու ժողովրդական ճնշման միջոցներով, նա կարողացել է իշխանություններին հարկադրել կատարելու օգտակար որոշ քայլեր, որոնք ոչ մի այլ պարագայում նրանք չէին կատարի։ Հիշենք, թեկուզ, քաղբանտարկյալների ազատ արձակման, Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման իրավունքի վերականգնման եւ մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վերաբերյալ տրված պաշտոնական հավաստիացման փաստերը։ Կոնգրեսի մշակած տնտեսական ծրագրի որոշ կարեւոր առաջարկներ լռելյայն տեղ են գտել կառավարության ծրագրերում եւ օրենսդրական նախաձեռնություններում։ Կոնգրեսի համառ հարցապնդումներից հետո իշխանամետ ուժերի ներկայացուցիչները վերջապես սկսել են խոսել Ազգային Ժողովում գործարար-պատգամավորների առկայության անթույլատրելիության մասին (թեեւ ինչու այդ հարցն, ըստ նրանց, պետք է լուծվի ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ, անհասկանալի է)։ Կոնգրեսի կողմից կազմակերպված հոկտեմբերյան շուրջօրյա նստացույց-հանրահավաքի եւ մարտի 1-ի զոհերի հարազատների բողոքի միջոցառումների ճնշման տակ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հարկադրված եղավ էականորեն վերանայելու Հայաստանի վերաբերյալ բանաձեւի նախագիծը եւ խիստ պահանջներ դնելու Հայաստանի իշխանությունների առջեւ, եւս մեկ անգամ ցույց տալով միջազգային կազմակերպությունների որոշումների կախվածությունը համաժողովրդական շարժման ակտիվության աստիճանից։ Կոնգրեսի հետեւողական մերկացումների ու բացահայտումների շնորհիվ միջազգային հանրությունն ընդհանրապես վերջերս զգալիորեն փոխել է իր դիրքորոշումը եւ ավելի լուրջ մտահոգություններ է արտահայտում մեր երկրում մոլեգնող կոռուպցիայի, օրենքի գերակայության բացակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների անմխիթար վիճակի մասին։ Կոնգրեսի ակտիվ գործունեության հետեւանքով բարձրացել է ժողովրդի քաղաքացիական գիտակցությունը, եւ մեծացել ժողովրդավարության կայացման անհրաժեշտության նկատմամբ վերջինիս պահանջարկը։ Դա հաստատվում է, մասնավորապես, «Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի» վերջին զեկույցներից մեկով, որի համաձայն՝ 2006 թվականից հետո ժողովրդավարության կողմնակիցների թիվը Հայաստանում աճել է 28%-ով եւ հասել 80%-ի, մեր երկիրն այդ ցուցանիշով դասելով աշխարհի ամենաառաջատար երկրների շարքը («ՉԻ». 17.11.2011)։ Եթե կուզեք, աղմկահարույց պաշտոնանկություններն ու իշխանական ճամբարում առաջացած հակասությունները եւս մեծապես արդյունք են Կոնգրեսի գործոնի առկայության։ Եթե Կոնգրեսը չլիներ, ապա ո՛չ այդպիսի պաշտոնանկություններ, ո՛չ էլ իշխանական ճամբարում խաղեր տվողներ կլինեին։ Ինչպես նշված է մամուլի հրապարակումներից մեկում, այդ ցնցումներն իսկապես «համաժողովրդական շարժման գոյության եւ հարվածների արդյունք են» («ՀԱԿ» թռուցիկ-թերթոն, նոյեմբեր, 2011)։ Հավատացնում եմ, Կոնգրեսի՝ որպես երկրի քաղաքական կյանքում վճռորոշ դերակատարություն ունեցող գործոնի, վերը տրված գնահատականը շատ ավելի համեստ է, քան իրականում կա։
Հայ Ազգային Կոնգրեսի գործունեության եւ ժողովրդական զանգվածների գերհամախմբման կիզակետը դառնալու են առաջիկա փետրվար–մարտ ամիսները։ Այս պնդումը, կամ եթե կուզեք, համոզումը հիմնված է ոչ միայն ավազակապետության ներքին ցնցումների տենդենցի խորացման, աղմկահարույց պաշտոնանկությունների շարունակման անխուսափելիության եւ նախընտրական փուլին բնորոշ իրավիճակային ակտիվացման, այլ նաեւ այն ապացուցված իրողության վրա, որ Հայաստանում քաղաքական կյանքի ամենաբուռն շրջանը միշտ էլ եղել է գարունը, ինչը, բացի սեզոնային գործոններից, պայմանավորված է նաեւ որոշ սոցիալական հանգամանքներով, որոնք, բոլորիդ հայտնի լինելով, ավելորդ եմ համարում մանրամասնել։ Մինչեւ գարուն, ինչպես նախորդ հանրահավաքում ասվեց, Կոնգրեսն իր ջանքերը կենտրոնացնելու է գլխավորապես մարզերում տարվող աշխատանքի եւ տարածքային կառույցների գործունեության ակտիվացման վրա, եւ այդ գործն արդեն իսկ ընթացքի մեջ է։ Նկատի ունենալով ձմռանը հատուկ դժվարությունները (իսկ այս ձմեռն, ըստ երեւույթին, խիստ է լինելու), հաջորդ հանրահավաքը, բնականաբար, տեղի կունենա փետրվարին։ Նրա անցկացման կոնկրետ օրը, իրադարձությունների զարգացմանը համահունչ, ձեզ կհայտարարվի լրացուցիչ։ Բայց քանի որ, ինչպես արդեն նշել եմ, միապաղաղ թվացող իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի՝ կապված ոչ միայն հավանական, այլեւ բոլորովին անսպասելի որեւէ իրադարձության հետ, ուստի բացառված չէ, որ հաջորդ հանրահավաքը տեղի ունենա նույնիսկ ավելի վաղ։
Մաղթում եմ՝ լավ տրամադրությամբ դիմավորել Նոր տարին եւ Սուրբ ծնունդը, ձեզ ցանկանալով ամենայն բարիք։ 2012 թվականը թող դառնա հույսի ու արժանապատվության վերականգնման եւ ձեր բոլոր անձնական ու հավաքական իղձերի կատարման տարի։ «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան»։