levonter-petrosyan1Սիրելի հայրենակիցներ,

Անառարկելի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է։ Անկախ այն բանից, թե որոշ քաղաքական ուժեր, լրագրողներ ու վերլուծաբաններ ինչպես են գնահատում այդ գործընթացը, ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ, անցնցում կարգավորմանը, մանավանդ, երբ դա տեղի է ունենում ոչ թե փակ դռների ետեւում, այլ բաց, թափանցիկ բանակցությունների միջոցով։

Հայ Ազգային Կոնգրեսը բոլորովին չի կասկածում իր ընտրած ճանապարհի ճշմարտացիությանը եւ վստահ է, որ տեւական հակամարտությունից հետո երկխոսության մեջ մտնելով իշխանության հետ, հիմք է դնում մի նոր քաղաքական ավանդույթի, որը դառնալու է Հայոց պետականության մնայուն արժեքներից ու ազգային համերաշխության ապահովման ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը։ Եթե առայժմ ոմանք անկեղծաբար չեն հասկանում երկխոսության միջոցով ներքաղաքական ճգնաժամերի հաղթահարման կարեւորությունը, իսկ ոմանք էլ խանդի հողի վրա կամ այլ դրդապատճառներով չարամտորեն նսեմացնում են դրա արժեքը, նրանք եւս վաղ թե ուշ կհամոզվեն, որ այդ մեխանիզմը կոչված է սպասարկելու ոչ թե առանձին ուժերի, այլ պետության, ազգի եւ անձամբ իրենց շահերը։

Եւս մի անհրաժեշտ դիտարկում, որով եւ ուզում եմ ավարտել ելույթիս նախաբանը։ Բնականաբար, երկխոսությունը տեղի է ունենում Հայաստանի երկու գլխավոր քաղաքական ուժերի՝ կոալիցիոն իշխանության եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ, որոնցից առաջինը տիրապետում է երկրի ուժային, տնտեսական, ֆինանսական, վարչական եւ քարոզչական ռեսուրսներին, իսկ երկրորդը՝ վայելում է ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը։ Ուստի քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունեցող, հետեւաբար, քաղաքական գործոն չհանդիսացող տարրերը, երկխոսությունից դուրս մնալու համար, իրենցից բացի թող ոչ ոքի չմեղադրեն եւ վերջապես գիտակցեն, որ քաղաքական գործոն դառնում են ոչ թե խոսքով, այլ գործով։ Այդ տարրերին բարեկամաբար կհորդորեի զերծ մնալ երկխոսությանը խանգարելուց, որովհետեւ դրանով նրանք ոչ թե մեզ, այլ երկրին ու ժողովրդին են վնասում, ինչը կարող է պատճառ դառնալ նրանց վերջնական մարգինալացման։

Չէի ցանկանա եւս մեկ անգամ անդրադառնալ դավադրության, գործարքի կամ ներքին պայմանավորվածությունների մասին շարունակվող խոսակցություններին, որովհետեւ, բանակցություններն ուղիղ եթերով հեռարձակելու մեր պահանջի առկայությամբ եւ պատվիրակությունների բազմակուսակցական հանգամանքով, դրանք արդեն վերածվում են խեղկատակության, ողորմելի վիճակի մեջ դնելով դրանց հեղինակներին։ Եթե ավելացնենք նաեւ այն, որ գործարքի մեջ մեզ մեղադրողները զլանում են նշել, թե իշխանության բազմաթիվ զիջումների դիմաց ի՛նչ է վերջիվերջո զիջել Հայ Ազգային Կոնգրեսը, ապա խեղկատակությունը կատարյալ կդառնա, որովհետեւ գործարքը չի կարող միակողմանի լինել։

* * *

Երկխոսությունը՝ երկխոսություն, սակայն, անտարակույս, բոլորին հետաքրքրում է ոչ թե սոսկ նրա կայացման փաստը, այլ բուն բովանդակությունը։ Մենք բացեիբաց ու բազմիցս հայտարարել ենք, որ երկխոսությունից ընդամենը մեկ արդյունք ենք սպասում, այն է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման եւ երկիրը նորանոր կորուստներից փրկելու միակ միջոց, կարեւորելով մանավանդ ժամանակի գործոնը։ Այսինքն, իշխանության հետ ընթացող բանակցություններին մենք մասնակցում ենք երկրում կուտակված ծանրագույն խնդիրների լուծման կոնկրետ առաջարկով։ Եթե իշխանական պատվիրակությունն ունի այդ տիպի խնդիրներին, ինչպես օրինակ, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, տնտեսության առողջացմանը, կոռուպցիայի վերացմանը, արտագաղթի կանխմանը, մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, դատարանների անկախության ապահովմանը վերաբերող այլ լուծումներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք։ Դժբախտաբար, մինչ օրս կայացած հանդիպումների ընթացքում այդ պատվիրակությունը մեզ որեւէ այդպիսի լուծում չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ իշխանությունը վերոհիշյալ խնդիրները լուծելու ո՛չ մտադրություն, ո՛չ էլ կարողություն չունի։ Հետեւաբար, այլընտրանքի բացակայության պատճառով, այդ խնդիրների լուծման միակ հնարավորությունը մնում է արտահերթ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձեւավորումը։

Թեեւ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը ես հանգամանորեն հիմնավորել եմ իմ նախորդ ելույթներում, ավելորդ չեմ համարում կրկին անդրադառնալ դրան, այս անգամ, սակայն, խնդրին մոտենալով հակառակ կողմից, այսինքն ելակետ ընդունելով այն հարցը, թե ինչ տեղի կունենա, եթե մենք հասնենք հերթական ընտրությունների։ Ըստ էության, ոչինչ տեղի չի ունենա, կամ ավելի ճիշտ, ոչ մի բան չի փոխվի։ Պարզապես երկրի անցյալ կորուստներին կգումարվեն նոր կորուստներ. ավազակապետությունը եւս մի քանի միլիարդ դոլար կգողանա ժողովրդից, մանր ու միջին գործարարության դասը կդադարի գոյություն ունենալ, գյուղացիությունը կմոտենա վերացման եզրին, պետական պարտքը կհասնի ազգային անվտանգությանն սպառնացող չափերի, իշխանության վերնախավի ու քաղքենիական դասի երեխաները կսկսեն հաճախել նորաբաց օտարալեզու դպրոցներ, հայերենն, ինչպես ոչ վաղ անցյալում, կրկին կհայտնվի աղքատ ազգականի վիճակում, բարբարոսաբար կշարունակի այլանդակվել Երեւանի ճարտարապետական նկարագիրը եւ, որ ամենաաղետալին ու անշրջելին է, եւս 100–150 հազար մարդ կարտագաղթի Հայաստանից, չխոսած Ղարաբաղյան պատերազմի վերսկսման ու դրա հետ կապված բազմաթիվ նոր մարդկային կորուստների հնարավորության մասին։ Ահա այն գինը, որ հայ ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացիներից յուրաքանչյուրը վճարելու է՝ մեկ-երկու տարի եւս բռնապետական այս ռեժիմը հանդուրժելու եւ արտահերթ ընտրությունների կենսական անհրաժեշտությունը չըմբռնելու համար։

Հայ Ազգային Կոնգրեսն իր առջեւ խնդիր է դրել հասկացնել, որ դուք ստիպված չեք վճարելու այդ թանկ գինը եւ, անհրաժեշտ ճիգեր գործադրելու պարագայում, դուք կարող եք խուսափել դրանից։ Դրա համար ձեզանից մեծ զոհողություն չի պահանջվում, այլ ընդամենը որոշակի վճռականություն ու քաղաքացիական ակտիվություն՝ հանուն ձեր իսկ ապահովության, հանուն ձեր իսկ բարօրության եւ հանուն ձեր երեխաների ապագայի։ Ավազակապետական վարչախումբը, թեեւ զգալիորեն բարոյալքված, դեռ ուժեղ է, անշուշտ, որովհետեւ շարունակում է օգտվել միջազգային հանրության շահախնդիր հովանավորությունից, ժողովրդի մի զգալի մասի անտարբերությունից, մտավորականության կրավորական կեցվածքից, գործարար աշխարհի խոցելիությունից, պետական քարոզչության հսկայական հնարավորություններից, կողքից մեզ հարվածող պատեհապաշտ տարրերի ստորագույն ծառայությունից եւ այլն։ Հակառակ այս իրողություններին եւ հակառակ վերջին երեքուկես տարիների ընթացքում կրած դաժան հալածանքներին, Հայ Ազգային Կոնգրեսը վճռականորեն է տրամադրված, օրինականության շրջանակներում, անելու իրենից կախված ամեն ինչ՝ աշնանը ժողովրդի առավելագույն համախմբումն ապահովելու եւ զանգվածների ճնշման տակ իշխանությանը արտահերթ ընտրություններ պարտադրելու համար։

Ի դեպ, արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության հիմնավորման խնդրում, բազմաթիվ այլ փաստարկների շարքում, առկա է եւս մեկը, ընդ որում, թերեւս, ամենակարեւորը, որը, սակայն, չգիտես ինչու, մոռացության է մատնված։ Հանրության մոտ կարծիք է ձեւավորվել, թե իբր 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները եւ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չեն ճանաչել միայն Հայ Ազգային Կոնգրեսի կողմնակիցները։ Այնինչ հայտնի է, որ սկզբնապես այդ ընտրությունները կեղծված են համարել նաեւ Դաշնակցության եւ Օրինաց երկրի թեկնածուները, ինչն արձանագրված է, մասնավորապես, միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում։ ՕԵԿ-ի ներկայացուցիչն այդ մասին բարձրաձայնել է անգամ Համաժողովրդական շարժման տասնօրյա հետընտրական հանրահավաքներից մեկում։ Իսկ այն, որ Դաշնակցության եւ ՕԵԿ-ի թեկնածուները, հետագայում գործարք կնքելով Սերժ Սարգսյանի հետ, ընդգրկվեցին կոալիցիոն կառավարության կազմում, ոչնչով չի փոխում նրանց նախնական գնահատականը, որովհետեւ դա արդեն պատմական փաստ է, իսկ պատմական փաստերը փոփոխության ենթակա չեն։

Ես կասկածում եմ, որ բոլորը կամ թեկուզ շատերը հասկանում են, թե որն է օրինականության, արդար կառավարման, ժողովրդի հոգսերի նկատմամբ ներկա իշխանությունների դրսեւորած անսահմանորեն ցինիկ վերաբերմունքի պատճառը. արդյոք նրանց տգիտությո՞ւնը, գավառականությո՞ւնը, մասնագիտական անկարողությո՞ւնը, պարզ ընչաքաղցությո՞ւնը, թե՞ փառասիրությունը։ Այս ամենի առկայությամբ հանդերձ, իմ կարծիքով, հիմնական պատճառը կամ չարիքի արմատը կոռուպցիան է՝ անսահմանափակ, կատարելապես համակարգված, իշխանական ողջ բուրգը ախտահարած կոռուպցիան, որի շնորհիվ ազգային հարստության կեսից ավելին հայտնվել է մի քանի տասնյակ ընտանիքի ձեռքում։ Անցյալ տարվա իմ ծավալուն ելույթներից մեկը ես ամբողջությամբ նվիրել եմ կոռուպցիայի խնդրին (15.10.2010), ուստի կարծում եմ, այսօր կարիք չկա առանձնապես ծավալվելու դրա շուրջ։ Հարկ եմ համարում միայն նշել, որ Հայաստանի ներկայիս իրականության մնացյալ բոլոր արատները՝ ընտրությունների կեղծումը, օրենքների բռնաբարումը, ժողովրդավարության սահմանափակումը, մարդու իրավունքների ոտնահարումը, դատարանների անկախության բացակայությունը եւ այլն, այդ խնդրի ածանցյալն են։ Որովհետեւ, եթե վարչախումբը թաղված չլիներ կոռուպցիայի մեջ, նա չէր վախենա ո՛չ ժողովրդավարությունից, ո՛չ դատարանների անկախությունից, ո՛չ էլ օրինական ընտրությունների հետեւանքով իշխանությունը կորցնելու հեռանկարից։ Արտահերթ ընտրությունների մերժման եւ ընդհանրապես ընտրությունների կեղծման գլխավոր մոտիվացիան, հետեւաբար, կոռուպցիայի միջոցով կուտակած հարստությունից զրկվելու եւ քրեական պատասխանատվության ենթարկվելու վախն է, որի ներգործությամբ վարչախումբն ընդունակ է ցանկացած բռնության, ընդհուպ մինչեւ խաղաղ ցուցարարների սառնասիրտ գնդակոծումը, ինչի ականատեսը մենք եղանք 2008թ. մարտի 1-ին։

Այդ եղկելի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու ձգտումը իշխանությունն ամեն գնով պահպանելու եւ հերթական անգամ ընտրությունները կեղծելու մյուս կարեւոր մոտիվացիան է, ինչի նկատառումով էր, որ նախորդ ելույթում ես այդքան հանգամանորեն կանգ առա մարտի 1-ի սպանությունների բացահայտման անհրաժեշտության վրա, նշելով, մասնավորապես, որ այդ «սպանությունների բացահայտումն ու դրանց իրականացնողների դատական հետապնդումը ոչ միայն կամ ոչ այնքան արդարադատության, որքան քաղաքական խնդիր է՝ նման ոճրագործության կրկնությունը հիմնովին բացառելու նկատառումով։ Հակառակ դեպքում մենք որեւէ կերպ ապահովագրված չենք ապագայում նույնպիսի ողբերգության կամ ազգային խայտառակության առջեւ կանգնելու հավանականությունից» (30.06.2011)։

Ավելացնենք, որ որոշակի առումով այդ խնդրի լուծումից է կախված նաեւ հաջորդ ընտրությունների որակը։ Եթե գործը հասնի հերթական ընտրությունների, իսկ մինչ այդ սպանությունները բացահայտված, իսկ դրանց պատասխանատուները պատժված չլինեն, ապա մենք ականատես ենք դառնալու հերթական կեղծված ընտրությունների։ Որովհետեւ, մի բան է ընտրությունների գնալ սպանությունների բացահայտված եւ դրանց հեղինակների նկատմամբ արդարադատության կայացած լինելու պարագայում, բոլորովին մի այլ բան՝ հակառակ պարագայում, նկատի ունենալով, որ նախկինում կատարած հանցագործության համար չպատժված իշխանությունը, որպես կանոն, հաջորդ անգամ նույնկերպ կամ նույնիսկ ավելի լկտի է գործում։ Իսկ քանի որ ակնհայտ է, որ ներկա իշխանությունների օրոք այդ սպանությունները չեն բացահայտվելու եւ դրանց համար ոչ ոք պատասխան չի տալու, սա դառնում է մի լրացուցիչ ծանրակշիռ փաստարկ հօգուտ արտահերթ ընտրությունների անցկացման։ Բացի այդ, աքսիոմատիկ է, որ եթե որեւէ իշխանություն չի պատժում մարդասպաններին, ապա մարդասպանն ինքն է։ Ուստի զարմանում եմ, թե ինչու է ոստիկանությունն անտեղի զայրանում որոշ ցուցարարների «Սերժի՛կ մարդասպան» վանկարկումից, որի պատգամը շատ հստակ է. եթե մարդասպան չես, ապա բացահայտիր մարդասպաններին։ Ուրիշ ոչինչ։

Արդեն երկրորդ ելույթն է, որում ես այսքան հանգամանորեն կանգ եմ առնում մարտի 1-ի սպանությունների բացահայտման անհրաժեշտության վրա, որովհետեւ, անկախ իրավական ու քաղաքական նկատառումներից, սա ինձ համար, նախեւառաջ, ազգային արժանապատվության խնդիր է։ Մարտի 1-ի, ինչպես նաեւ հոկտեմբերի 27-ի նման ոճրագործությունների պարտակումը հանդուրժող ազգը արժանի չէ ազգ կոչվելու։ Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, «քաղբանտարկյալների եւ Ազատության հրապարակի հետ կապված խնդիրները վերջնականապես լուծված համարելով, այսուհետեւ մենք մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վրա»։ Այդ գործը մինչեւ վերջ հասցնելու համար, սակայն, Հայ Ազգային Կոնգրեսի ջանքերից բացի, անհրաժեշտ է ողջ հասարակության, մանավանդ, լրագրողների ակտիվությունը, որոնք պարտավոր են օրուգիշեր իրենց հարցադրումներով ուղղակի ռմբակոծել ՀՀ դատախազության եւ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին՝ նրանց գործողությունները ժողովրդի մշտական վերահսկողության տակ պահելու նպատակով։ Այս առումով ես ուզում եմ չափազանց բարձր գնահատել մարտի 1-ի զոհերի ընտանիքների բուռն եւ խիզախ գործունեությունը, որը չի կարող վերջիվերջո չտալ իր արդյունքը։ Նրանց սխրանքն արժանի է իրենց նահատակ զավակների պայծառ հիշատակին։

* * *

Վերադառնալով երկխոսության խնդրին, հիշեցնեմ, որ իշխանական պատվիրակության հետ սկսված բանակցություններում մենք բարձրացրել ենք ընդամենը օրակարգային մեկ հարց՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում, միաժամանակ ներկայացնելով ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների մի փաթեթ, որն ընդգրկում է հետեւյալ պահանջները.

  1. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովների ձեւավորումը պետության կողմից.
  2. Ազգային Ժողովի բոլոր 131 տեղերի համալրումը համամասնական ընտրակարգով.
  3. Քվեարկության մասնակիցների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակայնության ապահովումը.
  4. Բազմակի քվեարկության բացառման նպատակով քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը.
  5. Ընտրական տեղամասերում եւ նրանց մուտքի մոտ տեսախցիկների տեղադրումը.
  6. Յուրաքանչյուր տեղամասում, առավոտյան ժամը 8-ից մինչեւ քվեների հաշվարկի ավարտը, առնվազն մեկ միջազգային դիտորդի մշտական ներկայության ապահովումը եւ այլն։

Այս մեխանիզմների կիրառումն, անտարակույս, զգալիորեն կնվազեցնի ընտրությունների կեղծման հնարավորությունը, բայց միեւնույն է, դրանով հարցն ամբողջությամբ չի լուծվի, քանի որ իշխանության ձեռքում կա մի հզորագույն լծակ, որը կարող է ի չիք դարձնել նրանց արդյունավետությունը։ Խոսքը վերաբերում է ընտրողների ընդհանուր թվին, որն, իմ հաստատ համոզմամբ, վերջին մի քանի ընտրությունների ընթացքում (2003, 2007, 2008 թթ.) ուռճացվել է շուրջ 500 հազարով՝ Հայաստանից վաղուց հեռացած, բայց դեռեւս հաշվառումից դուրս չեկած քաղաքացիների հաշվին։ Այս իրողությունն ինձ հիմք է տալիս ամենայն պատասխանատվությամբ պնդելու, որ Հայաստանի բնակչության իրական թիվը շուրջ 2.500000 է, իսկ ընտրողների թիվը՝ շուրջ 1.900000։

Երկրից բացակա քաղաքացիների շուրջ 500000 քվեաթերթիկների շրջանառությունն, ի դեպ, կողմնակիորեն հաստատվում է նախորդ նախագահական ընտրությունների հետ կապված մի ուշագրավ փաստով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2008թ. փետրվարի 19-ի երեկոյան ժամը 7-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր շուրջ 1.100000 քաղաքացի։ Մեկ ժամ անց, սակայն, հայտարարվեց, որ քվեարկողների թիվը կազմել է 1.671000 մարդ։ Այսինքն՝ նախորդ տասնմեկ ժամերի ընթացքում քվեարկել է 1.100000, իսկ վերջին մեկ ժամում՝ 571000 մարդ, ինչը պարզապես անհնար է, քանի որ ո՛չ տեխնիկապես, ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ ժամանակաչափով (խրոնոմետրաժով) մեկ ժամում այդքան մարդ չէր կարող քվեարկել, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ գյուղական շուրջ 900 համայնքներում քվեարկությունն, ըստ էության, կեսօրին արդեն ավարտված էր, եւ հետեւաբար, մնացյալ շուրջ 1000 տեղամասերից յուրաքանչյուրին մեկ ժամի համար բաժին էր ընկնում 571 հոգի, որոնց ոչ մի ընտրատեղամաս ի վիճակի չէր սպասարկել այդքան կարճ ժամանակում։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ 500000 ավելորդ քվեաթերթիկների առկայությունը ցանկացած ընտրության ժամանակ իշխանության թեկնածուներին ավելի քան 20%-ի ստարտային, իսկ քվեարկության մասնակիցների հաշվով՝ շուրջ 40%-ի առավելություն է տալիս մյուս թեկնածուների նկատմամբ։ Այդ պայմաններում, բնականաբար, ոչ մի բարեփոխված ընտրական օրենսգիրք, ոչ մի զսպող մեխանիզմ, ոչ մի դիտորդ, ոչ մի վստահված անձ ի զորու չէ կանխել քվեարկության արդյունքների էական կեղծումը։ Ուստի քանի դեռ ընտրացուցակները չեն համապատասխանեցվել ընտրողների իրական թվին, Հայաստանում երբեւէ օրինական ընտրություններ չեն կարող տեղի ունենալ, եւ լեգիտիմ իշխանություն չի կարող ձեւավորվել։ Հարցերի հարցն, ըստ այդմ, ընտրացուցակների մաքրումն է շուրջ 500000 ավելորդ անուններից։ Եթե երկխոսության կամ բանակցությունների ներկա փուլում իշխանական պատվիրակությունը կարողանա լուծել թեկուզ այս մեկ հարցը, կհամարենք, որ արդեն իսկ մեծ գործ է կատարվել օրինականության վերականգնման ուղղությամբ։

(Փակագծում արժե նշել, որ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման ճանապարհին, բացի թվարկվածներից, առկա է նաեւ մի այլ, եթե կարելի է ասել, բանասիրական խոչընդոտ. դա լեգիտիմ, ոչ լեգիտիմ եւ լեգիտիմություն բառերի հայերեն համարժեքի բացակայությունն է։ Ուստի այդ խոչընդոտը հաղթահարելու համար առաջարկում եմ այսուհետեւ դրանց փոխարեն օգտագործել օրինակարգ (այսինքն՝ օրենքով կարգված), ոչ օրինակարգ եւ օրինակարգություն բառերը, որոնք լիովին համապատասխանում են հայոց լեզվի բառակազմական կանոններին եւ ճշգրտորեն արտահայտում լատինական այդ եզրույթների իմաստը։ Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես այսուհետեւ, լեգիտիմ, ոչ լեգիտիմ եւ լեգիտիմություն բառերի փոխարեն, հետեւողականորեն օգտագործելու եմ միայն օրինակարգ, ոչ օրինակարգ եւ օրինակարգություն բառերը)։

Վերջում ուզում եմ ձեզ հիշեցնել նախորդ հանրահավաքում արված իմ հետեւյալ հայտարարությունը, որն այսօր էլ ուժի մեջ է. եթե առաջիկա մեկ–երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։ Հարկ եմ համարում շեշտել, որ սա ոչ թե վերջնագիր է, այլ ընդամենը զգուշացում։ Թեեւ իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ հոխորտում են, թե մեզ թույլ չեն տա իրենց հետ վերջնագրերով խոսել, բայց վերջնագրի ժամանակն էլ կարող է գալ, որովհետեւ Սահմանադրությամբ դա արգելված չէ։ Ես չեմ սիրում թեժ աշուն, թեժ գարուն կամ նման այլ արտահայտությունները, բայց չեմ կասկածում, որ սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում  լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։

Հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 9-ին, եթե, իհարկե, մինչ այդ հրատապ արձագանք պահանջող որեւէ արտակարգ իրադարձություն չպատահի։

Pin It on Pinterest