levonter-petrosyan1Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեա­կանացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների  անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակա­պե­տու­թյունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պե­տա­կան պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտ­րական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թա­ղա­պետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանա­վորության տակ գործող փո­ղոցային բանդաները։

Որ մենք գործ ունենք ոչ թե պատահական երեւույթի, այլ հատուկ գործադրվող ծրագրի հետ, ապացուցվում է նրանով, որ քրեական տարրերն աստիճանաբար թափանցում են նաեւ բուն պետական համակարգեր։ Այսպես, գաղտնիք չէ, որ նոր օրենքի համաձայն պայմանագրային հիմունքների անցած ոստիկանության պարեկա-պահակային ծառայությունը համալրվում է հիմնականում այդպիսի տարրերով։ Բացի այդ, տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ քրեական համբավ ունեցող բազմաթիվ անձնավորություններ, մասնավորապես Արտաշատի շրջանից, վերջերս ընդունվել են Ազգային անվտանգության ծառայության շարքերը։ Խոսքն, այսպիսով, վերաբերում է վարչախմբի գլխավոր հենարանի վերածվող փողոցային բանդաների օրինականացմա­նը, ինչը նրանց հնարավորություն կտա գործելու ավելի սանձարձակ եւ օրենքի լիակատար պաշտպանության տակ։ Խոսքն, ավելի կարճ, վերաբերում է համազգեստա­վոր քիլերների ինստիտուտի ձեւավորմանը, որը վարչախմբին անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմության դեմ օգտագործելու, այլեւ սեփական ճամբարում ժամանակ առ ժամանակ հայտնվող անհնազանդներին պատժելու համար։ Այնպես որ, գալու է մի պահ, երբ նույնիսկ ավազակապետություն բառը եւֆիմիզմ է թվալու, քանի որ երկիրը կամաց-կամաց վերածվում է խուժանապետության։

* * *

Սերժ Սարգսյանի մտածելակերպի մասին ձեզ ամբողջական ու լիարժեք պատկե­րացում տալու համար ես ուզում եմ որոշ մեջբերումներ կատարել Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի առթիվ մայիսի 27-ին հրապարակած նրա շնորհավորա­կան ուղերձից. «Մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջեւ եւ ազգովին լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համա­ձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն։ …Մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում։ Բոլորիս ցավը հանդիսա­ցող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթա­նա­կում է չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերը»։

Այս հուզիչ տողերն ընթերցելիս, իմ առաջին տպավորությունն այն էր, որ լսում եմ Ձիթենյաց լեռան քարոզը, բայց դժբախտաբար ոչ թե Քրիստոսի, այլ Հուդայի շուրթերից։ Ներքին համաձայնության, փոխադարձ հարգանքի, մեծահոգության, ներողամտության, բարության եւ հանդուրժողականության մասին խոսում է մի մարդ, որը նախագահի գահին բազմել է ժողովրդի կամքի բռնի ոտնահարմամբ, սառնասրտորեն գնդակահարել տասը խաղաղ ցուցարարի, հարյուրավոր ազնիվ քաղաքացիների շինծու քրեական գործերով բանտ նետել՝ միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բողոքել վարչախմբի եւ անձամբ իր ապօրինությունների դեմ։

Իսկ երբ վերը նշված գեղեցիկ խոսքերն արտասանելուց ընդամենը չորս օր անց Սերժ Սարգսյանը կազմակերպեց Հայաստանի պատմության մեջ արձանագրված, թերեւս, ամենախայտառակ ընտրությունները, ապա հուդայականության մասին ակնարկն ամենեւին չափազանցություն չպետք է թվա։ Հատուկ ուշադրության է արժանի նաեւ «անհանդուրժողականություն» եւ «չարացածություն» բառերի սարգսյանական ընկալումը։ Ըստ նրա՝ իշխանություններն իրավունք ունեն կեղծել ընտրությունները, գնդակահարել խաղաղ ցուցարարներին, զնդանել անմեղ մարդկանց, թալանել երկիրը, ոչնչացնել ժողովրդավարական ազատությունները, իսկ երբ դրանց դեմ բողոքում են, ահա, դա համարել «անհանդուրժողականություն» եւ «չարացածություն»։ Էլ ի՞նչ անուն նա կարող էր տալ ճորտի բողոքի արտահայտություններին՝ ճորտի կամ ստրուկի, որպիսին նա համարում է մեր ժողովրդին։

Սարգսյանի ուղերձին կսազեր նաեւ «արդարամտություն» բառը, որը սխալմամբ նա չի օգտագործել, բայց որն իր լիարժեք մարմնավորումը պիտի ստանար Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու մասին նրա կարգադրության մեջ՝ կարգադրություն, որն, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարտի 1-ի ոճրագործու­թյան կոծկման բարձրագույն հրահանգ։ Զարմանալի հատկություն է դրսեւորում նրա «արդարամտությունը». այն տարածվում է միայն դահիճների, մարդասպանների, ընտ­րա­կեղ­ծարարների, ավազակների ու կաշառակերների վրա։ Ի դեպ, ձեռքի հետ Սերժ Սարգսյանը ոչնչացրեց կամ հիմնովին փչացրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտ­պանի ինստիտուտը՝ Փաստահավաք խմբի լուծարման տխրահռչակ գործն իրակա­նաց­նելով վերջինիս միջոցով։

«Ազգընտիրը» մոռացել է իր ուղերձում հիշատակել նաեւ «վեհանձնություն» բառը։ Բայց այս անգամ դա տեղի է ունեցել ոչ պատահաբար, ինչի գաղտնիքը բացահայտվում է համաներման հարցում նրա դրսեւորած անվայել պահվածքով։ Մարդը, կարծես-թե, բոլորովին անընդունակ է զգալու իր զբաղեցրած պաշտոնի վեհությունը, եւ ի վիճակի չէ կատարելու որեւէ լավ գործ, առանց դրա մեջ, իր լեզվով ասած, «մունդառություն» խառնելու։ Ավելի պատկերավոր, քան Պարսից շահերից մեկի հետ կապված հետեւյալ ավանդությունը, չի կարող լուսաբանել տվյալ երեւույթը։ Երբ շահը շրջագայում է իր երկրում, մի գյուղացի մոտենում է նրան ու խնդրում. «Փադիշահ, խեղճ, անտուն, տասն­երկու երեխայի տեր մարդ եմ, ինձ մի տուն նվիրիր»։ Շահը, ձիու վրայից նայելով ծնկաչոք գյուղացուն, ասում է. «Այս ամբողջ գյուղը քեզ»։ Այնժամ վեզիրը դառնում է շա­հին ու բողոքում. «Բայց, փադիշահ, նա ընդամենը մի տուն ուզեց»։ Շահը պա­տաս­խանում է. «Մարդն իր խեղճության գյորա խնդրեց, իսկ ես պարտավոր եմ իմ վեհության գյորա շնորհ անել»։ Ինչեւէ, Սերժ Սարգսյանի մտածելակերպի, կամ իր սիրած բառով՝ մենթալիտետի, քննությունը թողնենք հոգեվերլուծաբաններին ու առաջ անցնենք։

* * *

Իսկ այժմ դառնանք Սերժ Սարգսյանի հզոր հովանավորին կամ «կռիշային»՝ մեր սիրելի Արեւմուտքին։ Բայց մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ ձեզ ներկայացնել մի հետաքրքիր դրվագ՝ եւրոպացի դիվանագետներից մեկի հետ վերջերս ունեցած իմ զրույ­ցից։ Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրն անկեղծորեն շա­հա­գրգռ­ված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել՝ Հայաստան ասելով, նկատի ունի մեր երկրի իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։ Նա, անշուշտ, հասկացավ իմ ակ­նարկը, բայց դիվանագիտորեն ու մի փոքր նյարդայնացած կրկնեց, որ իր երկիրն ուզում է օգնած լինել Հայաստանին։

Ամբողջ խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրներին Արեւմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արեւ­մուտ­քի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացությունները գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի եւ տնտեսական շահերի տրամաբանությանը։ Երբ ռեժիմներն սպա­սար­կում են այդ տրամաբանությանը, նրանք ստանում են Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, անկախ այն բանից, թե ինչպիսի չարիքներ են գործում սեփական երկրներում։ Իսկ երբ այդ ռեժիմները խախտում են նշված տրամաբանությունը, նրանք Արեւմուտքի կողմից ենթարկվում են խստագույն պատիժների։ Դժբախտությունն այն է, սակայն, որ երկու դեպքում էլ գլխավորապես տուժում են ժողովուրդները։

Այն ամենն, ինչ ասվեց երրորդ աշխարհի երկրների ռեժիմների եւ ժողովուրդների մասին, հավասարապես տարածվում է նաեւ Հայաստանի վրա։ Արեւմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավա­զակ­ների եւ ընտրակեղծարարների բարեկամն է, եւ որպես այդպիսին, ուղղակի մեղ­սակ­ցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության եւ մար­դու իրավունքների ոտնահարման երեւույթների արմատավորման գործում։ Դա ապա­ցուցելու համար հեռուն գնալու կարիք չկա։ Բավական է հիշել վերջին մեկուկես տարվա ընթացքում Արեւմուտքի դրսեւորած վրդովեցուցիչ անտարբերությունը Հայաս­տանում տեղի ունեցող անօրինական ընտրությունների, ոստիկանական ու հարկային բռնությունների, քաղբանտարկյալների առկայության, ժողովրդավարական ազատու­թյուն­ների ոչնչացման աղաղակող փաստերի նկատմամբ, եւ դրա կողքին՝ նրա գորո­վա­լից ու հովանավորչական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հանդեպ։

Դա ի հայտ եկավ նաեւ վերջին, քաղաքապետարանական ընտրություններում։ Եւրոխորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի 15 հոգուց բաղ­կա­ցած խղճուկ առաքելությունը, քվեարկության օրը ժամերով կերուխում անելուց հետո, այդ ընտրությունները գնահատեց որպես եւրոպական չափանիշներին համա­պատաս­խան, եւ իր պարտքը կատարածի գոհունակությամբ հեռացավ Հայաստանից։ Քվեար­կու­թյան ընթացքը շատ ավելի ուշադիր դիտեցին Արեւմտյան երկրների երեւանյան դեսպա­նատների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք, սակայն, ի տարբերու­թյուն վերը նշված առաքելության, առայժմ չեն հրապարակել իրենց կարծիքը։ Տեղյակ ենք, որ վերջերս Հա­յաս­տանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր մոտ է հրավիրել Եւրո­միության երկրների դեսպաններին ու հորդորել, որ նրանք զերծ մնան ընտրու­թյուն­ների մասին բացասական գնահատական տալուց, որովհետեւ դա կապա­կա­յու­նաց­նի մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ կխոչընդոտի տարածաշրջա­նա­յին խա­ղաղության գործընթացին։ Նալբանդյանը միամիտ է, քանի որ առանց նրա հորդորի էլ դեսպանները խոհեմաբար լռելու էին՝ դա պատճառաբանելով Հայաստանի ներքին գործերին չխառնվելու իրենց պարտավորությամբ եւ տարածաշրջանային կայու­նության ու անվտանգության «վեհ» նկատառումներով։ Իսկ այդ «վեհ» նկատառումներն էլ, հասկանալի է, ոչ այլ ինչ են, եթե ոչ Ցեղասպանության ուրացման գնով ձեռքբերվելիք հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Ղարաբաղի հարցում Հայաս­տանից նոր զիջումներ կորզելու ակնկալիքը։ Հենց դա է, որ թափանցիկ կերպով ակ­նար­կել է Նալբանդյանը, հերթական անգամ բացահայտելով Հայաստանի հանցավոր վար­չա­խմբի դավաճանական մտադրությունները։

Որոշ արեւմտյան դիվանագետներ ու քաղաքական գործիչներ երբեմն մեր երեսով են տալիս, որ խստորեն քննադատելով Արեւմուտքին, մենք ոչ մի կծու խոսք չենք ասում Ռուսաստանի մասին։ Բացատրեմ, թե ինչու։ Թե՛ նախագահական, թե՛ քաղաքապե­տա­րա­նական ընտրությունների ընթացքում Ռուսաստանը բացարձակապես չի խառնվել մեր երկրի ներքին գործերին. Ռուսաստանն, ի տարբերություն Արեւմուտքի, երբեւէ չի ասել, որ Հայաստանն արժանի է Սերժ Սարգսյանի պես նախագահի. եւ վերջապես, Ռուսաստանը ոչ մի անգամ մեր երկրում ժողովրդավարության հաստատմանն աջակ­ցե­լու փարիսեցիական հավաստիացումներ չի տվել եւ իր մտադրությունները չի քողարկել «վեհ» նկատառումներով։ Հետեւաբար, մենք Ռուսաստանին չենք քննադա­տում ոչ թե նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու, այլ այն պատճառով, որ Հայաս­տա­նի պարագայում նրա խոսքի ու գործի միջեւ տարբերություն չենք նկատում։

Ոմանք նաեւ դժգոհում են, որ մենք երբեմն քննադատությունը տեղափոխում ենք բարոյական հարթություն եւ ժողովրդի մեջ կասկածներ սերմանում արեւմտյան երկրնե­րի քաղաքական գործիչների ազնվության նկատմամբ։ Բացատրեմ նաեւ սա։ Վերջերս պատահաբար Եւրոնյուզից տեղեկացա, որ սոցիոլոգիա­կան հարցումներից մեկի համա­ձայն՝ հարցվածների 86%-ը չի հավատում Եւրոմիության երկրների քաղաքական գոր­ծիչ­ների ազնվությանը։ Է՛հ, եթե իրենց ժողովուրդները չեն հավատում, մենք ինչու պիտի հավատանք։

Այս ամենն ասվում է ոչ թե Արեւմուտքի վարքագծի վրա ազդելու հավակնությամբ կամ նրանից ակնկալիքներ ունենալու մտքով։ Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ Արեւմուտքի հասցեին հնչող քննադատության զորությանը՝ մի ասպարեզ, որում ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։ Միեւնույն է, այդ քննադատությունից Արեւմուտքի վարքա­գիծը մազաչափ անգամ չի փոխվելու, եւ նա շարունակելու է անել այն, ինչը մինչեւ հիմա արել է։ Արեւմուտքի մասին իմ դատողությունները նորություն կամ հայտնագործություն չեն։ Վերը նշված իրողություններին շատ ավելի հիմնավոր կերպով անդրադարձել են թե՛ երրորդ աշխարհի երկրների հազարավոր ներկայացուցիչներ, թե՛ նաեւ եւրոպացի ու ամերիկացի բազմաթիվ անաչառ քաղաքագետներ, պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ։

Մեկ տարուց ավելի անդադար խոսելով Արեւմուտքի մասին, ես իմ առջեւ ոչ թե նրան դատապարտելու կամ խրատելու, այլ բոլորովին այլ խնդիրներ էի դրել, այն է՝

  1. որ հայ ժողովուրդը վերջնականապես թոթափի Արեւմուտքի «արդարամտու­թյան» հետ կապված սին պատրանքները.
  2. որ Արեւմուտքը հայ ժողովրդին ցածր ռասայի կամ ապուշի տեղ չդնի, ու իմանա, որ մենք ամեն ինչ հասկանում ենք.
  3. որ Արեւմուտքի հանդեպ թերահավատությունը չտարածվի արեւմտյան կամ համամարդկային արժեքների վրա, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը հավաստել է իր անսասան հավատարմությունը։

Ուստի ես ձեզ կառաջարկեի ո՛չ ակնկալիքներ ունենալ, ո՛չ էլ նեղանալ Արեւ­մուտ­քից, այլ ընդունել այն, ինչպես որ կա, եւ նույնիսկ հումորով վերաբերվել նրան։ Մխի­թար­վենք, թերեւս, այն իրականությամբ, որ իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամը գուցե ավելի խորն է Եւրոպայում, քան Հայաստանում, եւ դրանով ընդհան­րա­պես փակենք Արեւմուտքի թեման։ Իմ կողմից խոստանում եմ՝ այլեւս երբեք չանդրա­դառ­նալ այդ անհետաքրքիր թեմային։

* * *

Քաղաքապետի ընտրություններից հետո բավականին մոդայիկ են դարձել այն խոսակցությունները, որ Հայ Ազգային Կոնգրեսին անհրաժեշտ է ընդլայնել իր դաշ­նա­կից­ների շրջանակը եւ համագործակցության եզրեր որոնել մնացյալ ընդդիմադիր ուժերի հետ։ Գաղափարը միանգամայն ճիշտ է եւ վիճարկման ենթակա չէ։ Այնուամե­նայ­նիվ, կարծում եմ, այն որոշ պարզաբանումների կարիք ունի։

Նախ եւ առաջ, Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ ընդդիմադիր դաշտում ամբողջա­տի­րու­թյուն հաստատելու կամ մյուս քաղաքական ուժերին իր մեջ ձուլելու մտադրություն չի ունեցել եւ այսօր էլ չունի։ Գլխավորը մեզ համար եղել եւ մնում է ոչ թե կառուց­ված­քային միատարրությունը, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից երկրի եւ ազգի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծման անհրաժեշտության ընդհանուր գիտակցությունը։

Կոնգրեսը կամ նրան նախորդած Համաժողովրդական շարժումը երբեւէ չի հրա­ժար­վել ընդդիմադիր որեւէ ուժի հետ համագործակցությունից։ Ավելին, որպես կանոն, ինքն է եղել համագործակցության համարյա բոլոր փորձերի նախաձեռնողը։ Հի­շենք, թեկուզ, նախագահական ընտրությունների նախօրյակին մեր վարած բանակ­ցու­թյուն­­նե­րը Դաշնակցության, Օրինաց երկրի, Ազգային միաբանության, Ժառանգության, Նոր ժա­մա­­նակ­ների, ԱԺՄ-ի եւ քաղաքական այլ ուժերի հետ։ Անկախ արդյունքից, անժխտելի է, որ բանակցությունների փաստն ինքնին երկխոսության որոշ մթնոլորտ ստեղծեց եւ քաղա­քական մշակույթի նոր տարրեր մտցրեց երկրի կյանքում։

Թվարկված կուսակցություններից երկուսը՝ Ժառանգությունը եւ Նոր ժամանակ­նե­րը միացան Համաժողովրդական շարժմանը եւ նախագահական ընտրություններում սա­տարեցին նրա առաջադրած թեկնածուին։ Մնացյալները նախընտրեցին լքել ընդդի­մա­­դիր դաշտը եւ ապաստանել իշխանական ճամբարում։ Հետագայում, երբ ձեւավորվեց Հայ Ազգային Կոնգրեսը, Ժառանգությունը եւ Նոր ժամանակները հարմար չգտան ընդ­գրկ­վել նրա կազմում՝ շարունակելով իրենց անկախ ընդդիմադիր գործունեությունը։ Դրա­նով հանդերձ, Կոնգրեսի եւ Ժառանգության համագործակցությունն ամենեւին չդա­դա­րեց, ինչի ցայտուն վկայությունն են մասնավորապես նրանց բազմաթիվ համա­տեղ հայ­տա­րարությունները եւ Փաստահավաք խմբում ծավալած արդյունավետ գործունեու­թյունը։

Իսկ ընդհանրապես ամենեւին կարեւորություն չպետք է տալ համագործակցության ձեւական կողմին։ Երբ տարբեր ընդդիմադիր կուսակցություններ կամ քաղաքական ուժեր, ընդհանուր շահի գիտակցությամբ, թեկուզ իրարից անկախ, պայքարում են իշխանությունների դեմ, նրանք ինքնաբերաբար դառնում են բնական դաշնակիցներ եւ ուժեղացնում միմյանց։ Այդպես է, ահա, Հայ Ազգային Կոնգրեսի եւ Ժառանգության պա­րա­գայում։ Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, մասնավորապես Դաշ­նակ­ցությանը եւ Բարգավաճ Հայաստանին, ապա նրանք դեռ ընդդիմություն պիտի դառնան, որպեսզի նրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունից խոսվի։ Թեեւ հարկ է ճշտել, որ Դաշնակցությունը, կարծես-թե, արդեն բռնել է այդպիսին դառնալու ճանա­պար­հը, ինչն, անշուշտ, երկխոսության դուռ կարող է բացել։

Ինձ համար անհասկանալի է ընդդիմության դաշտում առաջացած հրմշտոցը։ Այդ դաշտն այնքան ընդարձակ է, որ կարող է տեղավորել բոլորին։ Վերջին հաշվով, քա­ղա­քա­կան որեւէ ուժի ետեւից գնալու որոշումը պատկանում է ժողովրդին։ Հայ Ազգա­յին Կոնգրեսը, կայացած փաստ լինելով, ինքնահաստատման խնդիր չունի։ Մենք պատ­րաստ ենք ընդդիմության դաշտում գրկաբաց ընդունել ցանկացած կուսակցու­թյուն՝ չվա­խենալով մրցակցությունից եւ բաց չթողնելով համագործակցության որեւէ առիթ։ Հասարակության մեջ վհատություն ու հուսահատություն սերմանողները կամ ընդ­դի­մու­թյան դաշտը պառակտել փորձողները՝ մի կողմից ակամա (չեմ ուզում կարծել՝ թե դիտավորյալ) ծառայություն են մատուցում իշխանություններին, մյուս կողմից՝ իրենց դատապարտում են մարգինալացման։ Կոնգրեսն իր պարտքն է համարում ամեն ինչ անել այդ պառակտումը թույլ չտալու համար եւ համագործակցության ձեռք է մեկնում բոլոր ընդդիմադիր ուժերին։

* * *

Ի՞նչ կարելի է ասել մայիսի 31-ին կայացած Երեւանի քաղաքապետի ընտրու­թյուն­նե­րի մասին։ Այսօր որոշ լրագրողներ, քաղաքագետներ ու նույնիսկ քաղաքական գոր­ծիչ­ներ լուրջ ջանքեր են գործադրում հանգամանալից վերլուծության ենթարկելու այդ ընտրությունների հրապարակված արդյունքները եւ հեռուն գնացող եզրակա­ցու­թյուն­ներ կատարելու քաղաքական դաշտի վերադասավորումների վերա­բեր­յալ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե իշխանական եւ իշխանամետ ճամբարից հնչող անհե­թե­թու­թյուններին, որոնք կարելի է ընդհանրապես հաշվի չառնել, այլ անկախ եւ ընդդիմադիր շրջանակներում արտահայտվող տրամադրություններին։ Ամենազավեշտականն այն է, որ փորձ է արվում բացահայտել ու մատնանշել տասնյակ պատճառներ, որոնք հանգեց­րել են ընտրությունների պաշտոնական արդյունքներին։

Իսկ դա զավեշտական ու միաժամանակ անիմաստ զբաղմունք է, առաջին հերթին, այն պատճառով, որ անհնար է տեղի ունեցածը որեւէ չափանիշով ընտրություն համա­րել։ Իրականությունը հիշեցնում է հայտնի միջնադարյան անեկդոտի բովանդակած իմաս­տությունը։ Երբ մի գյուղ այցելած եպիսկոպոսին հավուր պատշաճի, այսինքն՝ եկեղեցու զանգերի ղողանջյունով չեն դիմավորում, տեղի քահանան արդարանում է, ասելով, որ դրա համար քառասուն պատճառ կա։ Եպիսկոպոսի խնդրանքին՝ թվարկելու դրանք, քահանան պատասխանում է. «Նախ եւ առաջ զանգ չունենք»։ «Բավ է, որդյակս»,– ասում է եպիսկոպոսն ու անցնում առաջ։

Ըստ այդմ, ավելորդ է խոսել ընտրությունների արդյունքների, դրանց հանգեցրած պատճառների ու քաղաքական հետեւանքների մասին, քանի որ, ինչպես հիշված անեկդոտում, «Նախ եւ առաջ ընտրություն չի եղել»։ Ընտրությունը ոչ թե միջոցառում է, այլ ժողովրդի կամքի ազատ արտահայտություն։ Իսկ միայն խելագարը կամ բարոյա­զուրկ մարդը կարող է տեղի ունեցածը ընտրություն կամ ժողովրդի կամքի արտա­հայ­տու­թյուն համարել։ Տեղի ունեցածը Հայաստանի ավազակապետական վարչախմբի ձեռ­քով եւ Արեւմուտքի թողտվությամբ իրականացած կատարյալ բանդիտիզմ էր, որը եթե եւրո­պական չափանիշներով մի քայլ առաջ էր նախագահական ընտրությունների համե­մատ, ապա միայն նրանով, որ այս անգամ իշխանությունները տասը մարդ չգնդակա­հարեցին։

Հետեւաբար, չլինելով ժողովրդի կամքի ազատ արտահայտությունը, քաղաքա­պետի ընտրությունները չեն կարող հիմք տալ որեւէ եզրակացություն անելու ինչպես քաղաքական ուժերի իրական հարաբերակցության, այնպես էլ քաղաքական դաշտում սպասվող վերադասավորումների մասին։ Հապշտապ, հախուռն եզրակացություններն ու գնահատականները, բախվելով իրականությանը, կարող են անհարմար վիճակի մեջ դնել դրանց հեղինակներին ու վտանգել նրանց հեղինակությունը։ Ուստի մեր բոլոր համակիրներին ու ընդդիմադիր դաշտի գործիչներին ես կհորդորեի, շարունակելով հանդերձ ընտրությունների կեղծման եւ բռնությունների կիրառման փաստերի բացա­հայ­տումը, զերծ մնալ անիմաստ վերլուծություններից եւ չներքաշվել ավելորդ բանա­վեճե­րի մեջ, քանի որ դրանով նրանք կարող են կողմնակիորեն նպաստել այդ խայտա­ռակ ընտրությունները լեգիտիմացնելու գործին։

Ընդդիմությունը, ի մասնավորի Հայ Ազգային Կոնգրեսը, անհանգստանալու կամ մտահոգվելու տեղիք կունենար, եթե ընտրությունների արդյունքները որեւէ կապ ունե­նա­յին իրականության հետ։ Թող պարադոքսալ չհնչի, մենք այս ընտրություններից դուրս ենք եկել ավելի զորացած, քանի որ մեկամսյա քարոզարշավի ընթացքում մեզ հա­ջողվել է Շարժման գաղափարները տարածել հասարակության նորանոր շերտերում եւ ստեղծել նվիրյալ ակտիվիստների ավելի հզոր մի բանակ։ Առիթից օգտվելով, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոնգրեսը ներկայացնող բոլոր վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների անդամներին եւ հասարակական կազմակեր­պություն­ների դիտորդներին ու լրագրողներին՝ անհավասար պայքարում դրսեւորած գրագետ, սկզբուն­քային, մինչեւ իսկ հերոսական կեցվածքի համար։

Ավազակախումբը կարող է խրախճանքներ կազմակերպել ու տոնել սեփական ժողովրդի դեմ տարած իր հերթական հաղթանակը։ Իսկ հասարակությունը պարտավոր է գիտակցել, որ այդ հաղթանակը ձեռք է բերվել երկիրը հիմնովին քրեականացնելու, ժողովրդի զգալի մասին վերջնականապես ճորտացնելու եւ արտաքին մարտահրավեր­ների հանդեպ Հայաստանն ավելի խոցելի դարձնելու գնով։ Եւ շատ շուտով գալու է այդ գինը վճարելու ժամանակը, որից տուժելու է ոչ այնքան իշխանությունը, որքան նույն ինքը ժողովուրդը։

* * *

Ասվածից հետեւում է, որ չկայացած ընտրությունների պատճառով Հայ Ազգային Կոնգրեսն իր ծրագրերը, մեթոդները եւ գործելակերպը վերանայելու կամ էապես փո­խելու կարիք չունի։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ քաղաքական պայքարի սահմանադրական ուղուն, որն իրեն լրիվ արդարացրել է՝ մեկուկես տարվա ընթացքում Կոնգրեսը վերածելով լիովին կայացած, ինստիտուցիոնալ քաղաքական ուժի։ Եւ դա՝ հակառակ մարտի 1-ի ահավոր սպանդի, Համաժողովրդական շարժման դեմ կիրառված լայնածավալ բռնությունների ու մեր բազմաթիվ ընկերների բանտարկության։

Թե՛ Հայաստանի քրեական իշխանությունները, թե՛ ընդդիմության անհեռատես տարրերը, եւ թե՛ արեւմտյան որոշ շրջանակներ երջանիկ կլինեին, եթե մենք շեղվեինք պայքարի սահմանադրական եղանակներից ու բռնեինք բռնության եւ ապօրինի գոր­ծողությունների ճանապարհը։ Դա ոչ միայն չէր նպաստի քաղբանտարկյալների խնդրի լուծմանը, այլեւ կարդարացներ նրանց նկատմամբ գործվող ապօրինություններն ու կերկարաձգեր նրանց ազատազրկումը։ Դա նաեւ մեզ ամենեւին չէր մոտեցնի մեր գլխավոր նպատակի՝ ավազակապետության տապալման եւ սահմանադրական կարգի վերականգնման իրականացմանը։ Եւ վերջապես, դա կլիներ ընդդիմությունը ջախջա­խելու ամենակարճ ճանապարհը։

Այսպես կոչված վճռական գործողությունների, գրոհի կամ ապստամբության մասին մեր տեսակետը ես մանրամասն ներկայացրել եմ մարտի 1-ի հանրահավաքում ունեցած իմ ելույթում, որին ավելացնելու բան չունեմ։ Հոգեբանական ճնշումներով, անվճռականության մեջ մեղադրանքներով Կոնգրեսին հավասարակշռությունից հանել հնարավոր չէ։ Այլ կերպ մտածողները թող բարի լինեն՝ իրենք ցույց տան սեփական վճռականությունը եւ փորձեն ժողովրդին առաջնորդել իրենց նախընտրած ճանապար­հով։ Որեւէ մտավախություն չունեմ, որ ժողովուրդը կգնա արկածախնդիր­ների ետեւից, իսկ Կոնգրեսը կկորցնի զանգվածների վրա ունեցած իր ազդեցությունը։

Ավելի վճռական գործունեություն, քան օրինականության շրջանակներում մեկու­կես տարի շարու­նակ Կոնգրեսի մղած հետեւողական պայքարը, դժվար է պատկերաց­նել։ Եւ այդ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացել մեր բոլոր նպատակները, քանի դեռ ավազակապետությունը չի կազմաքանդվել, եւ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հեռացել Հայաստանից։ Քաղաքապետի ընտրությունների առթիվ իշխանությունների խրախճանքներն ու տոնախմբությունները շուտով կավարտ­վեն, եւ նրանք իրենց կգտնեն երկրի առջեւ ծառացած անլուծելի խնդիրների դառը իրա­կա­նու­թյան առջեւ։ Ընտրագողությունից ու բռնությունից բացի, նրանք չունեն իրենց դիր­քերն ամրապնդելու որեւէ այլ ռեսուրս եւ ի վիճակի չեն լուծելու առկա խնդիրներից ոչ մեկը՝ լինի դա տնտեսության, թե արտաքին քաղաքականության բնագավառում։ Որ ներ­կա իշխանությունը տապալվելու է եւ Սերժ Սարգսյանը չի դիմանալու մինչեւ իր պաշ­տո­նավարման ժամկետի ավարտը, կասկածից վեր է։ Այնպես որ, մենք շտապելու տեղ չունենք, քանի որ ժամանակն աշխատում է մեր օգտին։ Ուստի մեր հաջորդ հանրա­հա­վաքը մենք նախատեսում ենք անցկացնել սեպտեմբերի 18-ին, չբացառելով անշուշտ, անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահա­վաքներ ու այլ միջոցառումներ։

* * *

Ձեզ հրաժեշտ տալուց առաջ, սակայն, ուզում եմ եւս մեկ անգամ կարեւորել քաղաքական կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը եւ ան­առար­կայական չթվալու համար՝ ընդդիմադիր ուժերին առաջարկում եմ միավորվել հետեւյալ պլատֆորմի շուրջ.

 

  1. Վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը.
  2. Իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ Ղարաբաղյան հա­կա­մարտության կարգավորման գործում.
  3. Վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդա­պեշտյան գագաթնաժողովի սահմանած կարգավիճակով, Լեռնային Ղարա­բա­ղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.
  4. Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ հարկային տեռորի զոհ դար­ձած գործարարներին.
  5. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազ­գա­­յին հանձնաժողով, կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝նրա կազմը հա­մալրելով միջազգային փորձագետներով.
  6. Լիովին բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճ­րա­­գործու­թյան բուն մեղավորներին.
  7. Արմատապես վերափոխել ընտրական համակարգը՝ մասնավորապես, վերացնել բազ­մակուսակցական ընտրական հանձնաժողովները եւ ընտրությունների անց­կաց­­ման պատասխանատվությունը դնել Ոստիկանության կամ Արդարա­դա­տու­թյան նախարարության վրա. կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով այսու­հետեւ բոլոր ընտրություններում կիրառել մատների թանաքոտման պրակտիկան.
  8. Վերացնել տնտեսական մոնոպոլիաները եւ հարկային դաշտ բերել բոլոր խո­շոր ձեռնարկատերերին.
  9. Կատարել Եւրոդատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջը, եւ անհա­պաղ վերաբացել Ա1+ հեռուստակայանը.
  10. Դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ապօրինի խոչընդոտման հան­ցավոր պրակտիկան.
  11. Անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրու­թյուն­ներ.
  12. Պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։

 

Ահա այն պլատֆորմը, որի շուրջ Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է համա­գոր­ծակ­ցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Թյուրիմացություններից խուսա­փե­լու հա­մար ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի, այլ քաղաքական պլատ­ֆորմի կամ գործողությունների ծրագրի շուրջ միավորվելուն։ Ավելորդ է նշել, իհարկե, որ այս պլատֆորմը նախնական ու զուտ աշխատանքային է, որը, շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում, ենթակա է փոփոխություն­նե­րի ու լրացում­նե­րի։ Կարծում եմ, ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխա­տան­քը կատարելու համար։

Մինչ նոր հանդիպում։

Pin It on Pinterest