Այսօր չորս քաղաքական ուժերով ընդունեցինք 12 կետից բաղկացած հայտարարություն, որոնք որպես հրատապ պահանջներ պետք է ներկայացնենք իշխանություններին։ Այդ մասին այսօր շուրջ չորս ժամ տևած խորհրդարանական ոչ իշխանական քառյակի նսիտից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ բոլորի կողմից ընդունված հայտարարության տեքստը պատրաստ է, որոշ խմբագրական աշխատանքներ կան անելու և առաջիկա քառօրյայի ժամանակ համատեղ մամուլի ասուլիսում կներկայացնեն։ «Հիմնականում մեր պահանջները վերաբերում են ներքին քաղաքականությանը։ Առանձին դրույթներ կան, որոնք վերաբերում ենք կառավարությանը, կան նաև կետեր, որոնք վերաբերում են ամբողջական իշխանափոխությանը»,- ասաց Հակոբյանը։
Այնուհետև նա տեղեկացրեց, որ քառյակը հանրահավաք կանցկացնի աշնանը, դրա մասին ևս կա հայտարարության տեքստում և շատ հասկանալի պատճառով է նշանակված աշնանը։ «Հայտարարությամբ մենք արդեն նշել ենք՝ աշնանը կանենք հանրահավաք, որտեղ գնահատական կտանք, թե որքանով են կատարվել մեր պահանջները:
Կան որոշակի պահանջներ, որոնք օրենսդրական փոփոխություններով են պայմանավորված և որոշակի ժամկետ է պետք՝ այդ փոփոխությունները կատարելու համար»,- ասաց պատգամավորը: Նա նաև ասաց, որ 12 կետերը և՛ քաղաքական են, և՛ տնտեսական, կան կետեր, որոնց վերաբերյալ շատ առողջ բանավեճ կար։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հարցին, ապա Հակոբյանն ասաց, որ իրենց օրակագում այդ հարցը չկա, քանի որ տարբեր քաղաքական ուժեր, տարբեր դիրքորոշումներ ունեն։
Ռուբիկ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ կետերից մեկը 100 տոկոս համամասնական ընտրակարգի մասին է։ Իսկ մյուս կետերը, Հակոբյանի խոսքով, կետեր են, որոնք արմատական փոփոխություններ կմտցնեն մեր երկրի տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտում: