ՀԱԿ ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում

Գյուղատնտեսության խթանմանն ուղղված
հրատապ միջոցառումներ

Գյուղատնտեսության վիճակը, թերեւս, ամենաբարդն է Հայաստանում։ 2007–2011 թթ. նույնիսկ ՀՀ ԱՎԾ կեղծված տվյալներով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ինդեքսը կազմել է 8.9% (+9.6%, +1.3%, -0.5%, -13.6% եւ +14.1%)։ Եւ սա այն դեպքում, երբ ՀՀ գյուղնախարարությունը (որն ի դեպ կատարում է գյուղատնտեսական արտադրանքի հաշվառումը ԱՎԾ փոխարեն) տարեցտարի 1.7–2.0 անգամ ավելացնում է գյուղատնտեսական առանձին մթերքների ֆիզիկական ծավալները։ Նկատի ունենալով այն, որ 2001թ. անհաջող հողային օրենսգրքի ընդունումից հետո պահուստային հողերի մեծ մասը “վաճառվեց” քաղաքային օլիգարխներին, որոնց տեսակակար կշիռը գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում մենք գնահատում ենք շուրջ 20%, 2007-2011 թթ. գյուղացիական տնտեսությունների արտադրանքը նվազել է առնվազն 11.1%։ Այստեղից էլ պատահական չէ, որ հենց գյուղն է արտաքին ու ներքին միգրացիայի հիմնական աղբյուրը։ Դեպի Ռուսաստան ու դեպի Երեւան միգրացիայի պատճառով ՀՀ 850 գյուղական բնակավայրերից 370-ը կանգնած են իսպառ վերացման վտանգի առաջ։ Այս պրոցեսները խրախուսվեցին 2001թ. հողային օրենսգրքի ընդունումից հետո, երբ քաղաքային օլիգարխները գյուղերում ստացան ավելի մեծ իրավունքներ, քան գյուղացիները։ Այո, կյանքն իր խոշորացումը կբերի։ Բայց հայկական գյուղում 80–120 հազ գյուղացիական տնտեսությունների առկայությունը պարտադիր է։ Իսկ մի քանի հարյուր կամ մի քանի հազար հեկտար հող ունեցողների խավը պետք է բացառվի։ Կառվարության պատկերացումները պարզապես վնասակար են։ Նույնիսկ երբ գյուղացին “ինքնակամ” վաճառում է հողը եւ գնում ամսական աշխատավարձով բատրակություն անելու խոշորի մոտ, պետությունն ամեն ինչ պետք է անի այդ պրոցեսները դանդաղեցնելու, ձգձգելու եւ խափանելու համար։ Որովհետեւ դեպքերի ավելի քան 90%-ի պարագայում, ընդամենը 1-2 տարի հետո նույն գյուղացին փոշմանում է, լքում հանրապետությունը կամ գնում Երեւան։ Չպետք է մոռանանք, որ գյուղն ազգային ավանդույթների, ժողովրդագրական աճի, հայրենի սահմանների պաշտպանության, մշակույթի պահպանման շտեմարանն է։ Հայրենիքը, նախեւառաջ, հողն է, գյուղն է։ Չկա գյուղ, չկա հայրենիք։

Ստորեւ շարադրած ՀԱԿ գյուղատնտեսության զարգացման ծրագրի առանցքը մրցունակ գյուղատնտեսության, դինամիկ գյուղացիական տնտեսությունների գեներացման քաղաքականությունն է։

1. Գյուղատնտեսական մթերքների արտադրության սուբսիդավորում

Գյուղատնտեսության հետագա զարգացումը, մշակվող հողերի տեսակարար կշռի բարձրացումը կապված է գյուղատնտեսական արտադրանքի մի մասի պետական միջնաժամկետ սուբսիդավորման եւ գյուղմթերքների արտահանման խրախուսման հետ։ Պետք է պետական աջակցություն ցույց տալ գյուղատնտեսությանը։ Մասնավորապես, ամեն տարի ՀՀ բյուջեում պետք է առանձին հավելվածով նշվեն այն մթերքների եւ գյուղական բնակավայրերի (հատկապես լեռնային ու ծայրամասային գյուղերի) անունները, որոնց նկատմամբ տվյալ բյուջետային տարում սուբսիդիաներ են նախատեսվում։ Մթերման համապատասխան փաստի դիմաց գյուղացին պետք է ստանա սուբսիդիա յուրաքանչյուր միավոր արտադրված մթերքի դիմաց։

Սուբսիդիաների քաղաքականությունն առանձին դեպքերում (լեռնային գյուղական բնակավայրեր) պետք է զուգակցել երաշխավորված գների քաղաքականության հետ։ Պետք է միանշանակորեն հրաժարվել արտադրողներին ու մատակարարներին սուբսիդավորելու քաղաքականությունից, ինչպես ներկայումս դա արվում է սերմացուի, դիզելային վառելիքի, պարարտանյութի եւ այլն, պարագայում։ Պետությունը փողը պետք է տա գյուղացուն, նա էլ կորոշի ումից ինչ գնի։ Մատակարարներին սուբսիդավորելը կապված է բացահայտ կոռուպցիոն ռիսկերի, քաղաքական շահարկումների եւ բյուրոկրատական քաշքշուկների հետ։ Բացի այդ այն դեմ է շուկայական տնտեսության տրամաբանությանը։

2. Փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում

Գյուղատնտեսության ոլորտում ստեղծված ծայրագույն վատ վիճակը ստիպում է այս ոլորտում տարվող տնտեսական քաղաքականությանը վերաբերվել հրատապ կարգով։ Ներկա իշխանությունների տվյալներով 1990-2011 թթ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 2,11 անգամ։ Վերջին տարիներին, սակայն, իրադարձությունները զարգանում են այնպես, որ գյուղացին հողազրկվում է, բատրակ դառնում։ Այդ պայմաններում ՀՀ-ում անկախ, իր հողի վրա աշխատող, բարեկեցիկ ֆերմերների կամ գյուղացիների դաս չի կարող ձեւավորվել, ինչը կատարված ռեֆորմի հիմնական նպատակն էր։ Այսպես, վերլուծությունը ցույց է տալիս, որ 2001թ. նոր հողային օրենսգրքի ընդունումով ներկայիս իշխանությունները նպատակ ունեն ոչ թե շարունակել սկսած բարեփոխումները, այլ հողը հանձնել խոշոր օլիգարխներին, բյուրոկրատներին, բարձրաստիճան պետական պաշտոնյաներին եւ նրանց թիկնապահներին։ Մասնավորապես, սրանց հասան այդ շրջանում սեփականաշնորհված 20% պահուստային հողերը։ Բացի դա նրանք մասսայաբար չնչին գներով գյուղացիներից գնում են սեփականաշնորհված հողակտորները։ Հողի նկատմամբ սեփականության գյուղական համայնքի անդամների առաջնային իրավունքի անտեսումը հանգեցրեց քաղաքից եկած խոշոր հողատերերի գերիշխանությանը։ Գյուղում արագորեն ձեւավորվել է դասակարգային հակամարտություն։ Խոշոր հողատերերին է ուղղված իշխանությունների ուշադրությունը (մեծ հաշվով իշխանության ներկայացուցիչներն են այդ հողատերերը), նրանց գործունեությունը օրեցօր սնանկացնում ու տնտեսապես անիմաստ է դարձնում գյուղացիական տնտեսությունների գոյությունը։ Վերջինները մասսյաբար լքում են իրենց հողակտորները, հնարավորության դեպքում վաճառում դրանք, դառնում բատրակներ, գալիս են քաղաքներ կամ էլ լքում են հանրապետությունը։ 2007–2009 թթ. առավել ցայտուն դրսեւորում ստացան վարելահողերի մշակումից հրաժարվելու դեպքերը։ Հետեւապես, խոշոր հողատիրության դեմ պայքարը, օրենսդրորեն եւ գործնականում մանր գյուղացիական տնտեսությունների խրախուսումը, վարելահողերի սեփականության նկատմամբ տվյալ համայնքի գյուղացիների առաջնային իրավունքների վերականգնումը գյուղում տնտեսական քաղաքականության առանցքային խնդիր է։

3. Մեծածախ շուկաների ստեղծում

1998թ. ՀՀ իշխանությունները հրաժարվեցին Մեծածախ շուկաների ծրագրից։ Վերջինս Եւրոբանկի միջոցների հաշվին իրականացվող մի ծրագիր էր, որի համաձայն հանրապետության մի քանի վայրերում պետք է պետության մասնակցությամբ շուկաներ ստեղծվեին, ուր գյուղացին հնարավորություն կունենար իրացնելու արտադրած բարիքները։ Ներկայումս, ոչխարների մասսայական արտահանման պարագայում կառավարության ներկայացուցիչները փորձում են արդարանալ, ի՞նչ կարող ենք անել, եթե գյուղացիներն ինքնակամ վաճառում են իրենց ոչխարները օտարներին։ Եթե մեծածախ շուկաների ծրագիրը չձախողվեր, գյուղացիներն ու հանրապետությունը նման վիճակում չէին հայտնվի։ Այդ ժամանակ յուրաքանչյուր մթերքի գծով պահանջարկն ու առաջարկը կհավասարակշռվեին այն կետում, երբ կարտահանվեր միայն ավելցուկային արտադրանքը։ Այսպիսով, պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ շուկաների ծրագիրը անհետաձգելի խնդիր է։ Դրանց բացակայության պայմաններում գյուղացիները չեն կարողանում մրցակցել խոշոր տնտեսությունների հետ պետական գնումների հարցում։ Մասնավորապես, պարենամթերքի մի զգալի մասը գնելով խոշոր հողատերերից ՀՀ պաշտնախը, մյուս խոշոր բյուջետային սպառողները գործնականում քայքայում են գյուղացիությունն ու գյուղատնտեսությունը։

4. Գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնում

1999–2005 թթ. իշխանություններն առանց իրենց հաշիվ տալու օտարեցին Երեւանի կոլտնտեսային շուկաները։ Զավեշտալին այն է, որ դրանք երբեք պետական չէին էլ եղել։ Դրանք պատկանում էին կոլտնտեսություններին։ Պետությունը պետք է փոխեր դրանց կազմա-իրավական ձեւը եւ ստեղծեր մանրածախ շուկաներ գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ։ Ի վերջո այդ շուկաներն անցան գյուղի հետ կապ չունեցող մարդկանց ձեռքը։ Շուտով դա հանգեցրեց նրան, որ գյուղմթերքների մանրածախ գինը բարձրացավ, մեծածախը ոչ։ Ներկայումս մթերքների ճնշող մեծամասնության նկատմամբ մեծածախ գինը կազմում է մանրածախի միայն 25-30%-ը։ Նման բան աշխարհում չկա։ Գյուղացու աշխատանքի 70-80%-ը հասնում է շուկաների տերերին։ Քաղաքներում գյուղացիական տնտեսությունների կողմից հիմնված շուկաների վերականգնումն ու նորերի բացումը գյուղատնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու հիմնական ուղիներից է։ Շաբաթ-կիրակի բոլոր քաղաքների բոլոր բակերում գյուղմթերքներ վաճառելու գյուղացիների իրավունքը պետք է պարտադիր կերպով կատարվի բոլոր քաղաքապետերի կողմից։ Որեւէ հարկ, որեւէ վճարում, տեղեկանք, կտրոն կամ ՀԴՄ գյուղացին չպետք է տա։

5. Գյուղացիական տնտեսության վարկային պարտքերի դուրս գրում կամ մասնակի մարում

Գյուղատնտեսական վարկերը Հայաստանում 2011թ. եղել են 74.6 մլրդ դրամ 1337 մլրդ դրամ ընդհանուր վարկային ներդրումներից (5.5%)։ 31.12.2010թ. գյուղատնտեսական վարկերը (55 մլրդ դրամ) կազմել են բոլոր վարկերի (890 մլրդ դրամ) 6.2%-ը։ Մինչդեռ գյուղատնտեսությունը կազմում է ՀՀ ՀՆԱ 18.1%-ը (2010թ.)։ Բանկերի վարկային պլատֆորմում դրանք գտնվում են 6-րդ տեղում արդյունաբերության, շինարարական, առեւտրային, սպառողական ե հիպոթեքային վարկերից հետո։ Ըստ ԿԲ կանխատեսումների, գյուղատնտեսական վարկերը թեեւ 2013-ին կաճեն (մինչեւ 95 մլրդ դրամ) այնուամենայնիվ բանկերի վարկային պորտֆելում կիջնեն 7-րդ տեղը եւ կլինեն շուրջ 5 տոկոսի սահմաններում։ Այսպիսով, գյուղացիները պարզապես ստիպված են հրաժարվել վարկավորումից։ Լինելով տնտեսության 18%-ը գյուղատնտեսությունը սպառում է վարկերի սոսկ 5 տոկոսը։ Սա նշանակում է, որ գյուղատնտեսության վիճակը գործող իշխանությունների օրոք շարունակելու է վատանալ (այդպես արդեն պլանավորված է)։ Հետաքրքիր է այն փաստը, որ ժամկետանց վարկերի ամենաբարձր տեսակարար կշիռը հենց գյուղատնտեսական վարկերն ունեն։ Առանձնակի խնդիրներ կան ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի հետ, որին բաժին է ընկնում գյուղատնտեսական վարկերի գրեթե կեսը։ ՀԱԿ–ը գտնում է, որ գյուղատնտեսության վարկավորման խնդրին համակողմանի լուծում պետք է տալ։ Նախ, պետք է հրաժարվել ունիվերսալ բանկային համակարգից եւ անցնել մասնագիտացված համակարգի։ Երկրորդ, գյուղատնտեսական վարկերի գծով կարգավորման տնտեսական նորմատիվները պետք է ցածր լինեն, ինչը թույլ կտա մինչեւ 50% էժանացնել վարկերի տոկոսադրույքը։ Առավելեւս, որ դրանք փոքր ու սեպարատ վարկեր են եւ լուրջ ճգնաժամ, չվճարումների շղթա չեն կարող առաջացնել։ Երրորդ, ԿԲ պետք է հետեւի առեւտրային բանկերի քաղաքականությանը, վարկի մնացորդի նկատմամբ պահանջները, վարկային քարտերի գները, գումարների կանխիկացման անտրամաբանական տոկոսները նույնիսկ կառավարության կողմից վարկերի սուբսիդավորման պարագայում անհնարին են դարձնում դրանց օգտակարությունը գյուղացիների համար։ Չորրորդ, առկա վարկային պարտքերի մարումը, որոնց մեծ մասը գոյացել է վարկատու բանկերի կողմից վաշխառուական անընդունելի պայմանների պատճառով պետք է կատարվի հետեւյալ սխեմայով, առ 01.04.2012 բոլոր վարկերի (74 մլրդ դրամ) տոկոսադրույքները սառեցվում են, գյուղացիները մարում են մայր գումարը առանց տոկոսի; տոկոսադրույքների մարումը կիսով չափ իր վրա է վերցնում ՀՀ կառավարությունը, իսկ մյուս կեսը դուրս է գրվում ի հաշիվ գյուղատնտեսական վարկերի նկատմամբ կիրառվող ցածրացված տնտեսական նորմատիվների։

6. Սերմացուի, թունաքիմիկատների, պարարտանյութերի նկատմամբ տարբերակված ԱԱՀ կիրառում

Պետք է վերացնել ներմուծվող սերմացուի համար գանձվող ԱԱՀ-ը, այլապես այն միջնորդավորված փաստորեն գործում է գյուղացու նկատմամբ։ Գյուղատնտեսական որոշ ապրանքների նկատմամբ (թունաքիմիկատներ, պարարտանյութեր եւ այլն) պետք է գործի տարբերակված ԱԱՀ սխեման։

7. Ոռոգման, ագրոսերվիսի, գյուղմթերքների իրացման ու գյուղատնտեսական աշխատանքների ֆինանսավորման ոլորտներում գյուղատնտեսական փոխօգնության կոոպերատիվների ստեղծում

Գյուղատնտեսությունը հայտնվել է ծանրագույն իրավիճակում։ Հողային բարեփոխումներից հետո գյուղացու համար նոր ոչինչ չի արվել։ Գյուղատնտեսությունում իրերի վիճակը փրկելու համար անհրաժեշտ է լայնորեն ծավալել կոոպերացիան ու գյուղփոխօգնությունը։ Մասնավորապես, պետք է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ ու փոխօգնության միավորներ (ՓԿ) ոռոգման, ագրոսերվիսի, գյուղմթերքների իրացման ու գյուղատնտեսական աշխատանքների ֆինանսավորման գործում։

8. Ոռոգման համակարգի բարեփոխում

Մնալով իր հողի տերը գյուղացին, օրինակ, կստանա փայ ոռոգման համակարգից, որը կտրվի այդ համակարգը կառավարող գյուղացիական կոոպերատիվին։ Վեջինիս մասնակիցները պետք է լինեն միայն գյուղացիները, ում հողերը այդ համակարգից պետք է ոռոգվեն։ ՓԿ-երը կնշանակեն ոռոգման ջրի գինը։ ՓԿ-ի անդամ գյուղացիները աշխատանքային մասնակցություն հանդես կբերեն ոռոգման գործում։ Գյուղացին պետք է եկամուտ ստանա ինչպես իր հողից, այնպես էլ ոռոգման ՓԿ-ում մասնակցություն հադես բերելուց։

9. Փոխօգնության կոոպերատիվների տարածում

ՓԿ-երում օրենքով պետք է արգելվի գյուղացիական տնտեսություն չունեցող քաղաքացիների մասնակցությունը։ Ոռոգման համակարգերի կոոպերատիվներին բնորոշ մեխանիզմը պետք է կիրարկվի նաեւ արտադրանքի նախնական մշակման ու վաճառքի, ագրոսպասարկման եւ փոխօգնության հիմնադրամների ստեղծման պարագայում։ Հանրապետությունով մեկ պետք է ստեղծվեն 1200-1500 նման ՓԿ-եր, ուր իրենց աշխատանքային մասնակցությունը կբերեն մինչեւ 150000 գյուղացիական տնտեսություններ:

10. Փոքր ու միջին, էլիտար ու էկոլոգիապես մաքուր մթերքներ արտադրող գյուղացիական տնտեսությունների գործունեության պետական աջակցություն

Նշված միջոցառումները թույլ կտան նոր շունչ տալ փոքր գյուղացիական տնտեսություններին հիմնված ընտանեկան ու փոխօգնության միջոցով ներգրավված աշխատանքային ռեսուրսների վրա։ Ի վերջո գերակշռող տեսակը կլինեն 5-10 հա (առավելագույնը) չափեր ունեցող եւ առավելապես ընտանեկան աշխատուժն ու փոխօգնությամբ մյուս գյուղացիների աշխատանքն օգտագործող տնտեսությունները։ Կարճ ժամկետում հանրապետության գյուղատնտեսությունը կարող է մասնագիտանալ էլիտար, էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրության եւ արտահանման գործում։

11. Գյուղացիների համար մասնագիտական պետական դասընթացների կազմակերպում

Հանրապետությունում պետք է բացվեն տասնյակ դպրոցներ, ուր գյուղացիները պետության հաշվին կստանան հիմնական գյուղատնտեսական ու տնտեսագիտական գիտելիքներ։

12. Թունդ խմիչքների ակցիզների բարձրացում

Պետք է բարձրացվեն օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, իսկ գինու ակցիզն իջեցվի։ Մյուս ակցիզային հարկերը պետք է խմբագրել այն հաշվով, որպեսզի ներքին արտադրողները չգտնվեն ավելի վատ պայմաններում, քան ներկրողները։

13. Գյուղմթերքների թափոնների պետական հաշվառում

Գյուղմթերքներ մթերող ձեռնարկությունները իրենց թափոնները հաշվառման պետք է հանձնեն հարկային մարմիններին։ Թափոնների միջոցով արտադրության իրական ծավալները հարկային մարմինների կողմից պետք է վերահսկվեն նաեւ հանքա-հումքային ձեռնարկություններում։

 

29 Մարտ 2012

Pin It on Pinterest