Մշակութային մանիֆեստ
Հայ ազգային կոնգրեսի մշակութային հանձնաժողովի կողմից առաջարկվող Մշակութային քաղաքականության հայեցակարգը
Համազգային շարժմամբ և անկախությամբ սկզբնավորված մշակույթի ազատականացումը ավելի քան տասը տարի խեղաթյուրվում է: Ինչպես ազատ տնտեսություն, այնպես էլ ազատ մշակույթ ստեղծելու միտումները ճնշվում են` վերածվելով պարզունակ տնտեսության և մշակույթի:
Բռնապետական համակարգը հավակնում է իր քաղաքական, տնտեսական, արժեքային հարթություններում արտադրել ինքն իր մեջ մշակույթ, այնուհետև այն թելադրել վերևից ներքև: Նման համակարգի առաջին թշնամին ազատությունն ու բազմազանությունն է բոլոր ոլորտներում` թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային:
Մարդու իրավունքների վրա հիմնված հասարակության կառուցումը միակ երաշխիքն է և ժողովրդավարական պետության, և քաղաքացիական հասարակության կայացման, և հանրային բարօրության համար: Այդ սկզբունքի իրականացումը Շարժման առաքելությունն ու գերագույն նպատակն է:
ժողովրդավարական հասարակությունն ու պետությունը ստեղծվում են անհատների և ազատ միավորումների միջոցով: Պետության դերն է պաշտպանել յուրաքանչյուրի իրավունքներն ու ազատությունները, ամրագրել հասարակության ազատ կամքով ստեղծված համակեցության կանոնները:
Մշակութային քաղաքականությունը հասարակության միջանձնային և հանրությունների միջև հարաբերությունների սահմանումներն են: Սահմանադրությունը այդ հարաբերությունների և ստեղծագործական ինքնադրսևորումների մշակութային հիմնարար արժեքն է ու ազատության, երաշխավորը:
2008 թվականին սահմանադրական կարգի վերականգնման պահանջով սկսված իրադարձություններն ու գործընթացը ձևավորում են մի նոր`սահմանադրական մշակույթ, որը ձգտում է հասարակական հարաբերություններում իրավահավասարության սկզբունքի արմատավորմանն ու հաստատմանը, սեփական և ուրիշի իրավունքների գիտակցմանն և ճանաչմանը, որտեղ օրինական պայմանագրային հարաբերությունները հասարակական նորմ են դառնում:
Հասարակական գիտակցության մեջ ընթացող արմատական փոփոխությունները սահմանադրական-մշակութային հեղափոխություն է, որի առանցքային գործոնը` սահմանադրությունը, ձևավորվում է հասարակության ուղղակի մասնակցությամբ:
Մեր նպատակը Քաղաքացու ստեղծագործական ազատությունների ապահովմամբ ու երաշխավորմամբ քաղաքացիական հասարակության ստեղծումն է, որտեղ ապահովված կլինեն քաղաքացու ազատ ինքնադրսևորումը, մասնակցությունը մշակութային գործընթացներին, թե որպես ստեղծագործողի և, թե որպես ստեղծագործական արդյունքներին հաղորդակցվողի:
Մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքները պետք է լինեն` մշակութային բազմազանությունը, ստեղծագործական նախաձեռնություններին աջակցելը, ինքնությունների ողջունումը և միջմշակութային հաղորդակցության քաջալերումը:
Ապակենտրոնացում
Արդյունավետ մշակութային քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է վարչահրամայական համակարգից արմատապես հրաժարվելը և անցնելը նոր` տարբերակված, ապակենտրոնացված համակարգի, որտեղ կապահովվի մշակութային հաստատությունների և ստեղծագործական նախաձեռնությունների, սեփականության, ղեկավարման, ֆինանսավորման ձևերի բազազանությունը:
Պետական ֆինանսական միջոցները պետք է տրամադրվեն ա). ենթակառուցվածքներին` պետական գույքի և մշակութային ժառանգության պահպանման համար, բ). ստեղծագործական նախաձեռնություններին` բացառապես ծրագրային նախագծերի իրականացման համար մասնագիտացված հիմնադրամների բաց մրցույթների միջոցով:
Մշակույթի կրթական ենթակառուցվածքների պետական ֆինանսավորումը, ինչպես և ցանկացած այլ կրթական հաստատություններինը (առողջապահություն, ոստիկնություն և այլն), պետք է փոխանցվի կրթության և գիտության ոլորտ:
Պետությունը պետք է օրենսդրության կարգավորմամբ խթանի մշակութային ինքնակազմակերպման մեխանիզմների ստեղծումը և բացառի վարչական միջամտությունը ստեղծագործական գործընթացներին:
Քաղաքացու ստեղծագործական ազատության երաշխավորմամբ պետք է ապահովվի մշակութային քաղաքականության մեջ բազմաձև մասնակցության հնարավորություններ, ինչպես անհատական, այնպես էլ հասարակական, համայնքային և այլ բնույթի նախաձեռնությունների տեսքով:
Պետությունը պետք է հրաժարվի կոչումներ և մրցանակներ շնորհելու պրակտիկայից:
Հաղորդակցություն
Մշակույթի քաղաքականության արդիականացման հիմնական սկզբունքը համընդհանուր հաղորդակցությունն ու մատչելիությունն է, որն իրականացվում է մշակութային թարգմանությամբ:
Թարգմանություն ասելով պետք է նկատի ունենալ մշակութային առնչությունների ու միջմշակութային հարաբերությունների, նոր տեխնոլոգիաների, համաշխարհային մշակույթին և համամարդկային արժեքներին հաղորդակցումն ու դրանց տեղայնացումը, մշակութային հետազոտոտությունները, վերլուծություններն ու մեկնաբանությունները:
Թարգմանությունը քաղաքացիների և սոցիալական խմբերի միջև մշակութային հաղորդակցման հնարավորությունների անհավասարության, մեկ կենտրոնից կախվածության և կարծրատիպերի հաղթահարման միջոց է:
Մշակութային քաղաքականությունը պետք է նպաստի ինչպես պատմամշակութային ժառանգության ներկայացմանն ու տարածմանը, այնպես էլ համամարդկային արժեքների ներգրավմանը հայաստանյան միջավայր:
Պետք է վերականգնել հայոց լեզվի հայերենի սահմանադրական` պետական լեզվի կարգավիճակը, դիտելով այն որպես ինքնիշխանության, մշակութային շարունակականության, քաղաքացիների իրավահավսարության երաշխիք:
Ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը պետք է լինի պետության հոգածության ներքո, և այն պետք է դիտարկել որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ:
Ժառանգություն
Մշակութային ժառանգության հոգևոր և նյութական արժեքները պետք է լինեն պետության հոգածության ներքո:
Մշակութային ժառանգության` հատկապես պատմա-ճարտարապետական և բնության հուշարձանների ցանկը պետք է հաստատվի Ազգային Ժողովի կողմից և օրենքի ուժ ունենա:
Բացառիկ մշակութային ժառանգություն պահպանող հաստատություններին և պատմաճարտարապետական արգելոցներին օրենսդրորեն պետք է տալ պետական հատուկ կարգավիճակ, ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը:
Նույն կերպ պետք է վերաբերվել քաղաքաշինական- մշակութային միջավայրերի, հանրային և կանաչ տարածքների պահպանմանը: Այդ տարածքների սահմանումն ու ցանկը պետք է հաստատել օրենքով, իսկ հնարավորության դեպքում վերականգնել արդեն իսկ ավերված պատմամշակությին արժեքներն ու միջավայրերը:
Պետական, որևէ այլ շահ չի կարող գերակա լինել քան մշակութային կամ բնության հուշարձանի պահպանությունն է: Պետության հիմնական գործառույթներից ու պարտավորություններից պետք է լինի հանրային տարածքների ստեղծման ու պահպանման համար համապատասխան պայմանների ապահովումը:
Տնտեսություն
Պետության կողմից մշակույթի ֆինանսավորումը պետք է իրականացվի միայն մրցույթների միջոցով: Հասցեատերերը պետք է լինեն համայնքների, հասարակական կազմակերպությունների և ստեղծագործական նախաձեռնությունների նախագծերը:
Մշակութային արժեքի գնահատումը պետք է իրականացվի անկախ փորձագիտության, վարչական, մասնավոր և ազատ շուկայական փոխհարաբերությունների միջոցով:
Յուրաքանչյուր ծրագրի իրականացումից առաջ պետք է լուսաբանվեն մրցույթային պայմանները, ծրագրի իրականացման մեխանիզմները, իսկ ծրագրերի իրականացումից հետո` արդյունքները:
Պետական ֆինանսավորումը, դրամաշնորհներն ու վարկերը պետք է վերահսկվեն ինչպես պետության, այնպես էլ հանրային, անկախ և միջազգային փորձագիտական կազմակերպությունների կողմից:
* * *
Այսօր ՀՀ քաղաքացին վերստին իր իրավունքների, պետականության և նրա ապագայի տերն ու զարգացման մասնակիցն է դառնում:
Քաղաքացիական նախաձեռնությունների, հրապարակային ընդվզման, սահմանադրական կարգի վերականգնաման և իրավունքների պաշտպանության համար հասարակական-քաղաքական շարժումներին զուգընթաց, հասարակության մեջ տեղի են ունենում աշխարհայացքային, խորքային փոփոխություններ, որը այլ կերպ չես անվանի քան սահմանադրական-մշակութային հեղափոխություն:
ՀԱԿ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
27 Դեկտեմբեր 2011