Այսօր մենք պետք է արժանին մատուցենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը և արձանագրենք այդ ուղղությամբ առկա առաջընթացը։ Այս օրերին շատ է խոսվում, թե որն է լինելու մեր հետագա անելիքը։ Կարծում եմ ակնհայտ է, որ թե մեր անմեղ նահատակների հիշատակը հարգելու, թե մեր ազգային նպատակներն ու իղձերը իրականացնելու, թե մեր ժողովրդի հուսալի ապագան երաշխավորելու համար պետք է հզորացնենք մեր պետությունը, ամրապնդենք պետականությունը, Հայաստանը դարձնենք զարգացած, մրցունակ, ժողովրդավարական երկիր, որը պայմաններ կստեղծի իր քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար։ Իշխանությունը յուրացնելով և երկրի հարստությունը մի խումբ մարդկանց ձեռքում կենտրոնացնելով պետություն չես կառուցի։
Երկրում օրինականության և արդարության հաստատում, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալում և անպատժելիության վերացում, տնտեսության առողջացում և աշխատատեղերի ստեղծում, աղքատության հաղթահարում, արտագաղթի կասեցում։ Սրանք են այսօրվա առաջնահերթ խնդիրները։ Եվ այս խնդիրների լուծման համար ամենևին անհրաժեշտ չէ Սահմանադրությունը փոխել։ Ընդամենը պետք է Սահմանադրությանը համաձայն` ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորել։ Դա է երկրի բնականոն զարգացման նախապայմանը։ Առանց դրա թե կիսանախագահական և թե խորհրդարանական կառավարման մոդելների քողի տակ երկրում կարող է հաստատվել ֆեոդալական տիպի հասարակարգին բնորոշ ինչ որ համակարգ։
Այսպես շարունակել չի կարելի։ Երկրին անհրաժեշտ են իրական, արմատական փոփոխություններ, այնպիսի փոփոխություններ, որոնք կվերականգնեն մարդկանց հավատը մեր պետության և վաղվա օրվա նկատմամբ, առանց որի հնարավոր չէ ապահովել երկրի առաջընթացը։
Պետք է ճիշտ նպատակաուղղել ժողովրդին և պայմաններ ստեղծել նրա ներուժի լիարժեք դրսևորման համար։ Հապաղել չի կարելի։ Առանց այդ էլ ժամանակ շատ ենք կորցրել։
[youtube id=”e7LKRs5lu5M” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]