Ելույթ ՀԱԿ 3–րդ համագումարում
Սիրելի զինակիցներ, ժողովրդավարության, արդարության, Հայաստանում իրատեսական քաղաքական մտքի հաստատման, հայոց հզոր պետականության վերածնունդի եւ ամրապնդման պայքարի ծանր եւ փշե ճանապարհ անցած սիրելի ընկերներ
Այս համագումարն անցկացնում ենք Հայաստանի համար օրհասական օրերին։ Որ երբեւէ մենք կբախվեինք այսօրվա տխուր իրողություններին, հնարավոր չէր պատկերացնել իննսունականներին, երբ մենք ձեզ հետ միասին լծված էինք անկախ հայոց պետականության կայացման, Արցախի ազատագրման եւ աներեւակայելի ծանր պայմաններում տնտեսական զարգացման գործին։
Այդ հերոսական ժամանակներում, մեր Շարժման կառավարման արդյունքում՝ մենք ունեինք հաղթանակած եւ պատմության վերջին հազարամյակում հայոց աշխարհի եզրերն առաջին անգամ ընդարձակած մի երկիր, որը հաստատել էր իր անվիճելի ինքնիշխանությունը, ստեղծել էր Կովկասի տարածաշրջանի ամենահզոր բանակը, հաղթահարել էր հայ ազգի մոտ դարերով ձեւավորված զոհի հոգեբանությունը եւ ի վիճակի էր ուժի դիրքերից, նպաստավոր պայմաններով հաստատել Արցախի դե ֆակտո անկախությունը եւ երկարատեւ արժանապատիվ խաղաղությունը։
Մինչդեռ այն, ինչ ունենք այսօր, մի ահավոր ազգային ողբերգություն է. աղետալի պարտություն, մարդկային կյանքի կորուստ, ինքնիշխանության շեշտակի նվազում, շոկահարված, շփոթված, դառնացած եւ փախչող ժողովուրդ, ժանտախտի եւ փլուզման մեջ իշխանության համար կռիվ տվող զարհուրելի քաղաքական վերնախավ։ Շատ մեծ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ մեր պետությունը կանգնած է մահացու սպառնալիքների առջեւ։
Պետության թուլացումը հրավիրում է արտաքին ագրեսիա։ Իսկ մեր պետության թուլացման ավելի վառ ապացույց, քան այն, ինչ կատարվում է այս մի քանի օրվա մեջ, հնարավոր էլ չէ գտնել։ 250 ադրբեջանցի զինվոր կարող են զբոսնելով գրավել Հայաստանի Հանրապետության տարածք, իսկ Հայաստանի իշխանությունները էդպես էլ չկարողացան Ֆեյսբուքից դուրս գալ ռեալ կյանք եւ հոդաբաշխ դիմադրություն կազմակերպել ագրեսորի գործողությունների դեմ։ Պարզվեց, որ ոչ միայն սահմանապահներ եւ բանակ չունենք տեղում, այլ նաեւ՝ գոնե առաջին կուրսեցու գրագիտություն, որպեսզի, պատշաճ դիվանագիտական պրոտոկոլի համաձայն, դիմենք Ռուսաստանին եւ ՀԱՊԿ֊ին՝ փոխօգնության մեխանիզմները աշխատեցնելու համար։
Ինչո՞ւ այսպես եղավ։ Ինչո՞ւ ռազմավարական ճշգրիտ հաշվարկներով, բանակային եռանդուն շինարարությամբ եւ ոսկերչական արտաքին քաղաքականությամբ ձեռք բերված փայլուն հաղթանակների բարձունքից ազգովի գլորվեցինք պետության քայքայման այօրվա ճահիճը։ Քանի դեռ մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել կատարվածի համար, քանի դեռ այս հարցի պատասխանը չենք ձեւակերպել եւ չենք գիտակցել, մեր պետությունը ո՛չ վերածնվելու, ո՛չ էլ նոր հաղթանակներ արձանագրելու հեռանկար երբեւէ չի ունենալու։
Մինչդեռ այս ճակատագրական հարցի պատասխանը պարզից էլ պարզ է։ 1988–ի Ղարաբաղյան Շարժումը եւ նրա կողմից ստեղծված իշխանությունը հրաշքներ գործեցին, հաղթելով ե՛ւ տոտալիտար կոմունիստական ռեժիմին, ե՛ւ մեզ մի քանի անգամ բոլոր ռեսուրսներով գերազանցող Ադրբեջանին, որովհետեւ ի սկզբանե որդեգրել էին ճիշտ քաղաքական արժեհամակարգ. իրատեսություն, չափավորություն, սեփական ուժերին ապավինում, աշխարհաքաղաքական իրողությունների ճշգրիտ վերլուծություն, ազգային շահերի եւ իղձերի այնպիսի ձեւակերպում եւ իրականացում, որը համահունչ է ժամանակակից աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական աշխարհակարգի պահանջներին եւ նորմերին։
Պետք է վերջապես գիտակցել, որ մեր պետությունը բռնեց պարտության ճանապարհը, երբ շեղվեց 1988֊ի Շարժման սկզբունքներից, որդեգրեց «ոչմիթիզականության» արկածախնդրական դիրքորոշումը եւ՝ արբեցած ձեռք բերված հզորությունից՝ որոշեց աշխարհից ստանալ ավելին, քան աշխարհը կամենում էր մեզ տալ։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ձեւականորեն բանակցում էին հակամարտության կարգավորման համար, բայց այնպիսի անիրատեսական եւ առավելապաշտական պահանջներ էին ներկայացնում, որոնք երբեւէ խաղաղ կարգավորման հիմք դառնալու շանս չունեին։ Սակայն, արկածախնդրության եւ ոչմիթիզականության ճանապարհով հայոց ղեկավարներից ամենահեռուն գնաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ամբողջ աշխարհին իր դեմ հանեց բանակցությունները պայթեցնող «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությամբ, հրաժարվեց շարունակել բանակցությունները Մինսկի խմբում ձեւավորված ձեւաչափով, որոշեց, որ կարող է ամբողջ աշխարհին պարտադրել բանակցությունները՝ ի՛ր «սեփական կետից» սկսելու պահանջը, եւ, անմտորեն կուլ տալով Տավուշյան հուլիսյան դեպքերի հմտորեն մատուցված խայծը՝ Ալիեւի ձեռքերն արձակեց վաղուց նախապատրաստված ադրբեջանա֊թուրքական ագրեսիայի սանձազերծման համար։
Կարծում եմ, «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական կարգախոսը պետք է այլ կերպ հնչեր՝ «Ապագա կա՛ր»։ Ապագա իսկապես կար, եթե իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը գոնե մի քիչ խելամիտ լինեին, հասկանային ռազմական բալանսի եւ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները եւ, թեկուզեւ ուշացումով, ընդունեին 2019 թվականի հունիսին Մինսկի խմբի նախագահության կողմից պաշտոնապես առաջարկված խաղաղ կարգավորման պլանը, ըստ որի` հայկական կողմը պետք է վերադարձներ ընդամենը 5 շրջանը՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Կուբաթլին եւ Զանգելանը, թողնելով Լաչինի եւ Քելբաջարի վերադարձի հարցը, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշտումը (բնականաբար` Շուշին եւ Հադրութը ներառյալ) ապագա սերունդներին։ Խաղաղության պայմանագիրն ամրապնդվում էր այդ 5 շրջաններում խաղաղարար զորքերի տեղաբաշխմամբ եւ այդ նույն շրջանների ապառազմականացմամբ (ինչը նշանակում էր, որ ադրբեջանական զորքերը մի սանտիմետր անգամ առաջ չէին գա նախապատերազմական դիրքերից)։
Խելագարի համառությամբ, Նիկոլ Փաշինյանը, անտեսելով ադրբեջանա֊թուրքական ռազմական մեքենայի ջախջախիչ տեխնոլոգիական առավելությունը, մերժեց արժանապատիվ խաղաղության այդ պլանը 2019 թվականին, 2020 թվականի գարնանն ու ամռանը, պատերազմի նախօրեին, պատերազմի առաջին օրերին, գլորելով Արցախն ու Հայաստանը դեպի կործանարար պարտության անդունդը։ Այնպես որ, ինչքան է՛լ նա փորձի արդարանալ, ինչքան էլ փորձի իր կործանարար սխալների մեղքը բարդել զինված ուժերի վրա, դավաճանության, դասալքության եւ դավադրությունների վրա, միեւնույն է` չի ստացվելու։ Իրականում դրա՛նք չեն պարտության պատճառները։ Դրանք հետեւա՛նք են, կործանարար սխալների արդյունքում անխուսափելի պարտության հետեւանք։ Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն եւ մեղավորը, եթե կուզեք՝ գլխավոր ճարտարապետը, հենց Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը։
Միեւնույն ժամանակ ես հեռու եմ ամբողջ մեղքը բացառապես Փաշինյանի վրա բարդելու մտադրությունից։ Ինչ֊որ իմաստով նա ինքը զոհ է՝ հայոց աշխարհը պատած առավելապաշտական ոչմիթիզականության։ Նշեք, թե քանի՞ քաղաքական ուժ գիտեք Հայաստանում, որ Ղարաբաղի հարցը համարել են չլուծված, զգուշացրել են գալիք պատերազմի վտանգի մասին, խոսել են փոխզիջման հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, եղել է մե՛կ այդպիսի ուժ, եւ այդ մեկ ուժը հենց այն մարդիկ են, որոնք այսօր նստած են այս դահլիճում։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը լծված էին երկրում ոչմիթիզականության վակխանալիա ստեղծելու գործին, եւ Փաշինյանն ինքը՝ ընդամենը համազգային այդ անմտությանխրախճանքի արգասիքն է։
Ցանկանում եմ օգտվել առիթից եւ անդրադառնալ հայկական քաղաքական դաշտում խոր արմատներ թողած մի ցնդաբանությանը, ըստ որի` Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր֊Պետրոսյանի «հոգեզավակն է» եւ իրականացնում է Տեր֊Պետրոսյանի պլանը։ Պարզ վերլուծությունը ցույց է տալիս սակայն, որ իրականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եւ Արցախում իրականացրեց ուղիղ այն, ինչը Լեւոն Տեր֊Պետրոսյանի «պլանը» փորձում էր կանխել։ Նիկոլ Փաշինյանն իրականացրեց հենց ոչմիթիզականների պլանը, որովհետեւ նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող։ Այդ հողը նրանից գրավեցին ուժով, մեր հազարավոր զինվորների արյան հաշվին։ Եւ քանի որ նա իրականացրեց ոչմիթիզականների պլանը, ճիշտ կլիներ նրան համարել հենց նրանց՝ Քոչարյանի, Դաշնակցության, Սասնա Ծռերի հոգեզավակը։ Արդարության համար նշենք, որ 2008 թվականին Նիկոլը կիսում էր ղարաբաղյան հակամարտության Տեր֊Պետրոսյանի մոտեցումները, սակայն, 2012 թվականին՝ ՀԱԿ֊ի ցուցակով խորհրդարանում հայտնվելուն պես նա խզեց կապերը մեզ հետ, իսկ 2015 թվականին սկսեց բացահայտ քննադատել Տեր֊Պետրոսյանին «ոչմիթիզականության» դիրքերից։
Կարող է հարց ծագել, թե ի՛նչ առնչություն ունի իմ այս զեկույցը 2016 թվականի դեկտեմբերից ի վեր կուսակցության վարած քաղաքականության մասին հաշվետվության հետ (այսինքն` այն պահից, երբ տեղի ունեցավ մեր վերջին համագումարը)։ Կապն ավելի քան ուղիղ է։ Հայաստանի բոլոր պատասխանատու քաղաքական ուժերը պետք է հաշվետվություն տան առաջին հերթին սեփական ժողովրդին եւ պատասխանեն ամենակարեւոր հարցին. ի՞նչ են արել գլխավոր խնդրի՝ հայ ժողովրդին պատերազմական այս աղետից փրկելու համար։ 2017 թվականին մենք, լիովին գիտակցելով մեր վարկանիշին սպառնացող վնասները, այնուամենայնիվ որոշում ընդունեցինք հերթական անգամ մեր հանրությանը ներկայացնել դառը ճշմարտությունը եւ Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել Լեւոն Տեր֊Պետրոսյանի կողմից առաջ քաշած «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով, առաջարկելով ընդունել Մինսկի Խմբի խաղաղ կարգավորման փոխզիջումային պլանը։ Պատրաստվելով այս զեկույցին, ես նորից ծանոթացա մեր ընտրական քարոզարշավին։ Մենք այն ժամանակ բավականին ակտիվ ընտրարշավ ենք անցկացրել՝ բացատրելով մեր ժողովրդին վերահաս պատերազմի վտանգը, Ադրբեջանի սպառազինությունների սպառնալից աճը, խաղաղության անհրաժեշտությունը։ Դրա համար մենք դարձանք այլ քաղաքական ուժերի կողմից ծաղրի, ատելության, քարկոծման թիրախ։ Այսօր ցավով եմ արձանագրում, որ ոչմիթիզականության ժխորի եւ զանգվածային ընտրակեղծարարության պայմաններում մեզ այդպես էլ չհաջողվեց հասնել այն բանին, որ հանրությունը ճիշտ արձագանքեր վերահաս պատերազմական աղետի մասին մեր նախազգուշացումներին։
2017 թվականի ընտրություններից հետո, առաջնային համարելով վերահաս պատերազմի կանխումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ երկրում կայունության պահպանումը, կուսակցությունն ակտիվ մասնակցություն չունեցավ Փաշինյանի ծավալած քաղաքական գործողություններին, միեւնույն ժամանակ աջակցություն հայտնեց երկրում ժողովորդավարությունը վերականգնելու՝ հայ ժողովրդի ձգտմանը։
Հեղափոխությունից հետո նպաստեցինք երկրում հաստատված երկիշխանության հաղթահարմանը՝ արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով, սակայն հաշվի առնելով հեղափոխական գործընթացի յուրահատկությունները, կուսակցությունը աննպատակահարմար համարեց մասնակցությունը Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններին։
Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը անմասն չմնաց երկրում բարեփոխումների օրակարգի մշակման գործընթացից։ Մենք հանդես եկանք մարտիմեկյան գործով արդարադատության վերականգնման, Սահմանադրական դատարանի վերափոխման, ինչպես նաեւ երկրում անցումային արդարադատության իրականացման առաջարկություններով եւ ծրագրերով, ակտիվորեն մասնակցեցինք այդ հարցերով Ազգային Ժողովի լսումներին։ 2019 թվականին կուսակցությունը հրապարակեց երկրի սոցիալ֊տնտեսական զարգացման այլընտրանքային ծրագիրը, առաջարկեց վերականգնել Հայաստանում կիսանախագահական սահմանադրական կառավարման մոդելը, իսկ 2020 թվականի հանրության դատին հանձնեց «Տեղեկատվական եւ այլ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանն աջակցելու պետական ծրագրի հիմնադրույթները»։ Ցավոք սրտի, աստիճանաբար պարզ դարձավ, որ գործ ունենք ապաշնորհ, անկարող եւ դատարկախոս իշխանության հետ, որին այս խնդիրները երբեւէ չեն հետաքրքրել, եւ որի հետ որեւէ արդյունավետ համագործակցություն բացառվում է։
Եզրափակեմ ելույթս, իմ կարծիքով, մի նշանակալից հավաստիացմամբ։ 1988֊ից ի վեր, մեր Շարժման՝ այսօր Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ուժը եղել է այն, որ մենք երբեք չենք փորձել խաբել հայ ժողովրդին, չենք փորձել վարկանիշային միավորներ ձեռք բերել ամբոխահաճո սուտ խոստումներով։ Մեր գլխավոր քաղաքական զենքը եւ պետության հզորացման գործում հաջողության բանալին եղել է իրատեսությունը եւ ճշմարտությունը ներկայացնելու համարձակությունը։ Այդ գործելաոճին երբեք չդավաճանելու խոստում, այո՛, տալիս ենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության վերածնման եւ մեր ժողովրդի ապագայի։