[youtube id=”Ccb-32bs1yM” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի քառօրյա նիստում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ներկայացրեց իրենց խմբակցության տեսակետը: Նա մասնավորապես նշեց.

«Առաջին ընթերցման ժամանակ ասվեց, որ միջնաժամկետ 2017-2019թթ. պլանով նախատեսված զարգացման թվերը չեն ապահովում աճող պարտքի բեռից դուրս գալու անհրաժեշտ տեմպերը, որոնք ձեր իսկ գնահատականով կազմում են 5 տոկոս, իսկ իրականում առնվազն 7 տոկոս են: Մինչեւ 2019 թվականը ձեր պլանավորած աճի տոկոսները մեր տնտեսությունը տանում են դեպի դեֆոլտ եւ կոլապս: Օրինագծի առաջին ընթերցումը նոյեմբերի 18-ին էր: Ընդամենը մի քանի օր անց Bloomberg-ին տված նոյեմբերի 21-ի հարցազրույցում պարզվեց, որ վարչապետը համաձայն է այդ գնահատականին. «Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5.8 մլրդ այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար, եւ 2017թ. 3.2 տոկոս աճը չի կարող ապահովել կենսամակարդակի նշանակալի բարելավում: Մենք ունենք նաեւ արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն եւ մեր ստացած եկամուտները»:

Հիմա, եթե դուք սա հասկանալով այնուամենայնիվ ցանկանում եք, որ մենք հաստատենք այս թվերը, որոնց համաձայն մենք գնում ենք անդունդ՝ ասելով, որ գրել եք իրատեսական թվեր` դուք, ըստ էության, ասում եք, որ իրականում չունենք երկրի կառավարման ծրագիր, այլ միայն ցանկանում ենք, որ մենք ձեզ հետ միասին կիսենք երկիրը աղետի տանելու ծրագիրը: Բնականաբար աղետի պլանի օգտին մենք չենք քվեարկի:

Առավել եւս պարզվում է՝ իրական թվերն ավելի վատ են, քան այն, ինչ դուք կանխատեսել եք, այսինքն՝ 2.4%: ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով` այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 3.4 տոկոս աճ:

Այս տվյալներով ու թվերով դուք ոչ թե պետք է գնայիք ընտրությունների, այլ պիտի միանգամից հրաժարական տայիք՝ ճանապարհ բացելով այն քաղաքական ուժի համար, որն ի վիճակի է վերցնել կառավարման ղեկը, հայտարարել այն իրատեսական ծրագրի մասին, որը կապահովի զարգացման անհրաժեշտ տեմպերը: Դուք չունեք երկրի զարգացման բանալին:

Մենք ասում ենք, որ ունենք այդ բանալին, որը թույլ կտա երկիրը զարգացնել անհրաժեշտ տարեկան առնվազն 7 տոկոսով: Ի՞նչ է պետք դրա համար անել: Պետք է ավելի լավ կառավարում ստեղծել, քան Վրաստանում, ուր այսօր հոսում է հայկական գործարարական կապիտալը: Սա ոչ մի կապ չունի եվրոասոցացման հետ (Ուկրաինա, Մոլդովա), այլ միայն ժողովրդավարության, սեփականության ինստիտուտի պաշտպանության հետ:

Պետք է.

  • կազմաքանդել ներքին լայն սպառման ապրանքների շուկայում մենաշնորհները,
  • նվազեցնել գազի եւ էլեկտրականության գինը 25 տոկոսով,
  • թողնել ընդամենը 5 հարկատեսակ` ինչպես Վրաստանում,
  • պաշտպանել սեփականությունը եւ ներդրումները, այլ ոչ թե հիսուն տոկոսով մտնել,
  • ներդրման գնացող շահույթները ազատել շահութահարկից,
  • ձեռնարկված միջոցների շնորհիվ հանել տնտեսությունը ստվերից,
  • ապահովել կապիտալի ներհոսք Հայաստան,
  • ստանալ ընդլայնված հարկային բազա,
  • բյուջեի ավելացված եկամուտներն ուղղել այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են ռազմական բարձր տեխնոլոգիաների հետ կապված պատվերները, գյուղացիական վարկերի կուտակված տույժ եւ տուգանքների ամնիստիան, կենսաթոշակների բարձրացումը` սպառողական զամբյուղից բարձր, ինչը կխթանի ե’ւ ներդրումները, ե’ւ սպառումը՝ խթանելով տնտեսական աճը:

Սա այն ծրագիրն է, որ կիրագործի Կոնգրեսը՝ հաղթելով ընտրություններում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Pin It on Pinterest