ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի պնդմամբ, ՀՀ պետական բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, հետեւաբար՝ պետք է առաջարկի քաղաքական լուծումներ: Մինչդեռ, ըստ նրա, 2017թ. բյուջեի նախագիծը համարժեք չէ այսօրվա իրավիճակին: «Դուք ՀՀ տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում, չեք արտասանում ոչ կոռուպցիա, ոչ մենաշնորհ, ոչ տնտեսական մրցակցություն, դուք ինչո՞վ եք տարբերվում նախորդ կառավարությունից, նախորդի նախորդից»,- ԱԺ-ում 2017թ. պետական բյուջեի վերջնական քննարկումների ժամանակ հարցրեց նա: Թեեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ «բյուջեն գործիք է՝ մակրոտնտեսական կառավարման համար», պատասխանը չբավարարեց պարոն Մանուկյանին. «Դուք մեր հիվանդ, քայքայվող տնտեսությանը տալիս եք երկար՝ 50 տարվա բուժող համակարգ եւ նրան տալիս եք մրսածության դեղեր, բայց համակարգը փտախտի մեջ է, ուղղակի քայքայվում է: Ձեր արած քայլերը, լինելով անգամ ճիշտ, ադեկվատ չեն մեր քայքայվող տնտեսությանը: Ռադիկալ քայլեր են պետք: Մի երկիր, որտեղ պաշտոնապես 40 տոկոս ստվեր կա՝ դրա մասին բան չեք ասում: Մեր երկրում առնվազն 5 Թրամփից հարուստ միլիարդատերեր կան, էդ ո՞նց է առաջացել, չէ որ դա համակարգային հիվանդության արդյունք է, մրսածության արդյունք չի: Դուք այդ ռակը թողած՝ մրսածության կաթիլներ եք տալիս: Դրանով այս երկիրը ուշքի չի գա»,- նշեց նա:

Նյութի աղբյուրը` Hayastan24.com

Pin It on Pinterest