Այսօր քննարկում ենք «Կուսակցությունների մասին» օրենքը, բայց ես չեմ կարող մինչ բուն հարցի քննարկմանն անցնելը չհիշատակել այն ապօրինի միջամտությունները, որ կատարում են Ազգային ժողովի նիստերը վարողները, մասնավորապես երեկ Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ: Ես ուզում եմ նիստը վարողներին հիշեցնել, որ իրենց իրավունքները և պարտականությունները հստակորեն կանոնակարգվում են «Կանոնակարգի մասին» օրենքով, մասնավորապես 45-րդ հոդվածը Ազգային ժողովի նիստի վարման կարգը նախատեսում է վարողի կողմից ուրիշների ելույթների վերաբերյալ միայն հետևյալ միջամտությունները. 45-րդ հոդվածի Զ կետով նիստը վարողը կարգազանց պատգամավորի նկատմամբ ձեռնարկում  է զգուշացում՝ անունն ու ազգանունը հրապարակելով, իսկ Է կետով կարող է նաև ընդմիջել ելույթները՝ նիստի բնական ընթացքը վերականգնելու նպատակով: Սա նշանակում է, որ մեր ելույթներից հետո մեկնաբանություններ անելով նիստի վարողները սիստեմատիկաբար ու կոպտորեն խախտում են ԱԺ կանոնակարգի մասին օրենքը: Ընդ որում, սա հատկապես զարմանալի է Հերմինե Նաղդալյանի պարագայում: Ով՝ ով, բայց Հերմինե Նաղդալյանը 90-ական թվականներին վերաբերող որևէ իրողություն քննադատելու իրավունք ընդհանրապես չունի, որովհետև ես չգիտեմ որևէ այլ մարդ, որ այդ տարիներին այդքան համառորեն աջակցել, սատարել, նեցուկ է եղել Հայոց Համազգային Շարժման իշխանությանը և Առաջին նախագահին: Ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ցուցակում նա զբաղեցրել է 221-րդ տեղը, և երբ նա խոսում է այն մասին, որ այդ թվերին ՀՀՇ-ն «պոլի փետեր» էր նշանակում, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս զգույշ լինել արտահայտություններում, որովհետև այդպես ցանկացած արտահայտություն կարող է ուղղվել ասողի դեմ:

Եվ ընդհանրապես սա վերաբերում է հանրապետականներին, որովհետև եթե կա մի կուսակցություն, որն իրավունք չունի որևէ թթու խոսք ասել Առաջին նախագահի և ՀՀՇ-ի հասցեին, դա հենց Հանրապետական կուսակցությունն է, որովհետև ՀՀՇ-ի և Առաջին նախագահի կատարած բոլոր, այսպես կոչված, «հանցագործություններից» և սխալներից հետո ձեր կուսակցությունը և նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը, սատարել են Հայոց Համազգային Շարժմանը: Մի մեջբերում անեմ Աշոտ Նավասարդյանի խոսքից, երբ 96-ին նա իր աջակցությունը հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը 1996 թվականի ընտրություններին: Նա ասաց. «Լավագույն թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ իր գործունեության անցած շրջանում նրա կողմից իրականացվել են մեր կուսակցության ծրագրերին համապատասխան մի շարք այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են մեր բնօրրանը հանդիսացող տարածքների մի մասի հայկականացումը, մեր անկախության հռչակումը և բանակի ստեղծումը: Ազգային իղձերի իրականացման առումով ամենաառողջն ու ամենասթափը նա է»: Այս խոսքերը պատկանում են ձեր կուսակցության հիմնադիր լուսահոգի Աշոտ Նավասարդյանին: Այսքանից հետո, երբ բոլոր այն արարքները, որոնք դուք քննադատում եք, դրանցից հետո ձեր կուսակցությունը և ձեր լիդերը սատարել և աջակցել է ՀՀՇ-ին և Առաջին նախագահին, դուք իրավունք չունեք 90-ական թթ. վերաբերող իշխանության սխալներն ընդհանրապես քննադատել: 

Հիմա անցնեմ բուն խնդրին: Այո, մենք կունենանք արդյունավետ ժողովրդավարություն միայն այն դեպքում, եթե Հայաստանում լինեն մի քանի կուսակցություններ, որոնք կարող են փոխեփոխ ստանձնել երկրի կառավարումը: Ժողովրդավարությունը երկրում գործում է միայն այն դեպքում, երբ կա մրցակցություն կուսակցությունների միջև, և հասարակությունը որևէ վախ չունի, որ այդ մրցակցության արդյունքում, եթե որևէ կուսակցություն գալիս է երկրի կառավարմանը, այն կարող է շատ ադյունավետորեն կառավարել երկիրը և դրա համար պետք է բնականաբար ունենա համապատասխան պոտենցիալ: Ուրեմն չկա մեր երկրի համար ավելի կարևոր հարց կամ մեր երկրի ապագայի, արդյունավետ կառավարման տեսակետից ավելի կարևոր հարց, քան այդ կառավարման որակը, որը մեծապես կախված է ունակ կուսակցությունների առկայությունից:

Նորից անդրադառնանք հանրապետականների գործունեությանը այս տարիներին: Ի՞նչ եք դուք արել: Այս տարիների ընթացքում, ցավոք, ունեցել եք ընդամենը մեկ նպատակ՝ ստեղծել կառավարելի ժողովրդավարություն, ինչը միակուսակցական համակարգ է: Այդ նպատակով դուք, առաջինը, իշխանության լծակները մշտապես օգտագործել եք իշխող կուսակցության համալրման և ամրապնդման համար, որի վերջին չարաբաստիկ օրինակն այն էր, ինչ կատարվեց ձեր համագումարի ժամանակ, երբ մեծագույն հպարտությամբ հայտարարվեց այն մասին, որ 7000 մարդ անդամակցել է Հանրապետական կուսակցությանը, մինչդեռ ամբողջ հանրապետությունն է քննարկում այն հանգամանքը, որ գազի և էլեկտրականության համակարգերում գործ ունեցող մարդկանց բռնի ձևով ստիպում են անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: Սա ընդամենը վերջին օրինակն է:

Երկրորդը քանդել եք իրական ընդդիմությունը՝ խախտելով այն ընդդիմության ֆինանսավորումը, որը չի տեղավորվում ձեր պատկերացումների մեջ, անկաշկանդ է, հնազանդ չէ: Ամեն ինչ արել եք, որ գործարարները չկարողանան ֆինանսավորել իրական ընդդիմությանը: Դրա օրինակները բազմազան են: Կարող եք հիշել միայն «Բջնիի» պատմությունը. անգամ տնտեսությանը վնաս հասցնելու գնով պատրաստ եք ամրապնդել ձեր կուսակցության դիրքերը և վնասել ընդդիմությանը:

Եվ երրորդը` զբաղված եք եղել կեղծ ընդդիմություն աճեցնելով, Ֆինանսավորելով այն, ձեզ ենթակա հեռուստաընկերություններով «ռասկրուտկա» անելով այդ ընդդիմությունը: Այսինքն` արել եք ամեն ինչ, որ Հայաստանում հաստատվի միակուսակցական համակարգ: Մինչդեռ եթե իսկապես ցանկանում եք ինչ-որ մի բան անել, որ Հայաստանում կայանա կուսակցական համակարգը, պետք է լուծեք ընդամենը մեկ հարց. «Կուսակցությունների մասին» օրենքը շատ լիբերալ, նորմալ օրենք է, մեծ առարկություններ չկան, Ստեփան Դեմիրճյանն էլ խոսեց մեր առաջարկների մասին, բայց մեկ կարևոր հարց լուծված չէ, որի լուծումով Հայաստանում իսկապես կարելի է զարգացնել կուսակցական համակարգը: Դա կուսակցությունների պետական ֆինանսավորման համակարգն է:

Դեմոկրատական զարգացած աշխարհում կուսակցությունները ստանում են պետական ֆինանսավորում՝ Լեհաստանում, Անգլիայում, Դանիայում: Լեհաստանում, օրինակ, երեք տոկոսն անցած բոլոր կուսակցությունները ստանում են ֆինանսական պետական աջակցություն: Օրինակ, Անգլիայում նախորդ ընտրություններում հավաքված ամեն ձայնի համար այդ կուսակցությունը ստանում է կոնկրետ գումար, և գոյություն ունի կուսակցությունների պետական աջակցման ֆոնդ: Մենք առաջարկում ենք, որ լուծեք այդ հարցը: Հայաստանում գոնե այս վիճակում գոնե մեկ մլրդ դրամ ավելի մեծ գումար կասեի, բայց հաշվի ենք առնում ծանրությունները, գոնե մեկ մլրդ դրամ տարեկան հատկացրեք կուսակցությունների ֆինանսավորման համար: Եթե այդ հարցը լուծեք, նշանակում է հիմք եք դնում Հայաստանում իսկապես անկախ կուսակցական համակարգի համար, բայց քանի որ վստահ եմ, որ ձեր նպատակները լրիվ այլ են, ես որևէ հույս չեմ տածում, որ դուք նման քայլ կիրականացնեք: Ամեն դեպքում, այս առաջարկը անում ենք, այսինքն` թույլ ենք տալիս ձեզ, եթե իսկապես ձեր նպատակների մեջ ուզում եք ցույց տալ, որ ազնիվ եք կատարել քայլ այդ ուղղությամբ: Այդ հնարավորությունը տալիս ենք, ուզում եք օգտվեք, ուզում եք` ոչ:

Pin It on Pinterest