Մարտիմեկյան սպանդի զոհ Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի ելույթը Ազատության հրապարակում
«Այսօր լրացավ մեր երեխաների մահվան 7 տարին, թող Աստված իրենց հոգիները լուսավորի: Ուզում եմ ներկայացնել, թե այս 7 տարիների ընթացքում ինչ եղավ գործի ընթացքը:
7 տարի, եւ ոչ մի բացահայտում: Փոխվեց Գլխավոր դատախազը, եկավ նորը: Դիմեցինք նոր դատախազին՝ Գեւորգ Կոստանյանին, ասեցինք՝ դուք, որպես երիտասարդ դատախազ, բացահայտելո՞ւ եք այս գործը: Նա մեզ տղամարդու խոսք տվեց, ասեց՝ սայլը տեղից կշարժվի: Հետո ինչ-որ ճանապարհային քարտեզ մեզ ցույց տվեց: Ի՞նչ էր դա նշանակում, նա մեզ բացատրեց, որ մինչեւ հիմա 10 զոհերի գործերը գտնվել են մեկ քննիչի ձեռքում, եւ որ հիմա գործերը առանձին են քննվելու, այսինքն՝ նրանք, ովքեր զոհվել են ավտոմատից, նրանց գործը առանձին քննիչի մոտ, առանձին դատախազի մոտ, նրանք, ովքեր զոհվել են ատրճանակից, նրանց գործերը քննվելու են այլ դատախազի ու քննիչի մոտ, հատուկ միջոցներից զոհվածների գործով՝ մեկ այլ քննիչ ու դատախազ:
Անցավ մի քանի օր, եւ ինձ հրավիրեցին ՀՔԾ: Գնացի եւ տեսա նոր քննիչ՝ ընդհանրապես անծանոթ: Հարց տվեցի՝ պարոն քննիչ, բա մինչ այս արդեն երկու քննիչներ կային, ի՞նչ եղան նրանք, նա ասաց, որ նրանք այլեւս չեն աշխատում, եւ որ հիմա գործերը իր ձեռքում է: Ասացի՝ շատ բարի, չէ՞որ ես երկու անգամ ցուցմունք եմ տվել, կազմվել են արձանագրություններ, ո՞ւր ենք դրանք: Ասաց ՝բոլորը իմ ձեռքի տակ են, ասացի՝ բա հիմա ի՞նչ եք ուզում ինձանից, ասաց՝ նորից քննություն, ասում եմ՝ ի՞նչ եք քննելու, եւ հարցեր տվեց՝ ո՞ր թվին ես ծնվել, ո՞ր ամսին, քանի՞ տարեկան ես, տղադ ո՞ր թիվն էր, որ ժամին գնացիր, ո՞ւմ հետ, ինչի՞ համար:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ձեւի են քննություն տանում: Հասկացա, որ քննիչն ուղղակի ժամանակ է ձգում, այսպես քննիչներ փոխելով՝ մեր գործը կձգեն: Ես թելադրեցի իր տված հարցերի պատասխանները, նա գրեց, հետո տվեց իմ գրածները, եւ ի՞նչ էր գրած՝ վերեւի մասը, որը չէի թելադրել, ինքն էր գրել, ու գրել էր, որ ոստիկանները հատուկ միջոցները օգտագործել են անզգույշ: Ասում եմ՝ եթե չգիտեք ով է սպանել մեր երեխաներին, որտեղի՞ց գիտեք, որ զենքը անզգույշ են օգտագործել: Հարցիս չպատասխանեց, հարցրի՝ չէ՞ որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոյանը իր վերջին զեկույցում հայտարարել էր, որ հատուկ միջոցները արգելված զենք էին, ո՞վ հրամայեց այդ արգելված զենքը զորամասից դուրս հանեին, ինչո՞ւ ոչ մեկը չի պատժվել դրա համար: Էլի չպատասխանեց: Ասեցի՝ ես կստորագրեմ այն, ինչը ես թելադրել եմ, բայց ոչ դրա տակ: Դուրս գալուց ասացի՝ դատախազը տղամարդու խոսք է տվել, որ գործ բացահայտվելու է, էլի ոչինչ չպատասխանեց:
Կանցնի մի քանի ամիս՝ մենք կգնանք դատախազի մոտ եւ կասենք՝ ի՞նչ եղավ ձեր տղամարդու խոսքը: Իրականում, այս 7 տարում ոչ մի բան չի կատարվել եւ չի կատարվելու, հույսներս կտրել ենք եւ սպասում ենք միայն իշխանափոխության: Կլինի իշխանափոխություն՝ կլինի բացահայտոում»: