Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել Ilur.am կայքում` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին շրջանում ունեցած ելույթներին, որոնք, մասնավորապես, վերաբերում են նորանշանակ կառավարությանը, Մաքսային միությանն անդամակցությանը, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և Սահմանադրական փոփոխություններին: Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը ներկայացված է ստորև:
Խնդրո առարկա քարտեզն արտացոլված է Սերժ Սարգսյանի վերջին շրջանում ունեցած մի քանի «ծրագրային» ելույթներում (10.04.2014; 13.04.2014; 24.05.2014; 27.05.2014; 29.05.2014; 31.05.2014)։ Որքան էլ ամբոխահաճ կամ պոպուլիստական, որքան էլ չհամակարգված, դրանցում, ըստ էության, շոշափվում են հետևյալ չորս հիմնական թեմաները` ա. նորանշանակ կառավարության առջև դրված խնդիրները, բ. Մաքսային (Եվրասիական) միությանն անդամակցության գործընթացը, գ. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները և դ. Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումը։ Ստորև, առանց մանրամասների մեջ մտնելու, ես կփորձեմ առանձին-առանձին անդրադառնալ այս չորս թեմաներից յուրաքանչյուրին` խնդիր դնելով ոչ թե սոսկ մեկնաբանել Սերժ Սարգսյանի արտահայտած արտառոց մտքերն ու դատողությունները, այլ քողազերծել դրանցով պարուրված նրա բուն մտադրություններն ու հետապնդած նպատակները։ Եվ այսպես.
ա. Նորանշանակ կառավարության առջև դրված խնդիրները
Այս թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի արտահայտած բնորոշ մտքերից ես կառանձնացնեի հետևյալ երեքը.
1. «Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը» (13.04.2014)։ Եթե տվյալ գնահատականը հումորով չի հնչեցված, ապա այն լիակատար արհամարհանք է սեփական ժողովրդի նկատմամբ, որի մեծամասնությունը ակնհայտորեն բոլորովին հակառակ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ, չխոսած այլևս վերջինիս միջազգային համբավի մասին, որը պարզապես սպանիչ է։ Հայաստանում պաշտոնավարած ամերիկյան դիվանագետների զեկուցագրերը և ռուսական մամուլը այնպիսի անվայելուչ որակումներով են բնութագրում Աբրահամյանին, որ ես ինձ նվաստացած կզգամ, եթե այստեղ կրկնեմ իմ երկրի վարչապետին հասցեագրված այդ որակումները։ Ցանկացողները դրանց կարող են ծանոթանալ «Ի լուր» կայքի «Հովիկ Աբրահամյանի իմիջը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» (iLur.am. 28.04.2014) և «Հովիկ Աբրահամյանի իմիջը Ռուսաստանում» (iLur.am. 06.05.2014) վերնագրերը կրող հրապարակումներում։ Մի խոսքով, Հովիկ Աբրահամյանին որպես հրեշտակ ներկայացնելու Սերժ Սարգսյանի ջանքերը, համոզիչ չլինելուց առավել, միայն ծիծաղ կարող են առաջացնել։
2. «Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով» (13.04.2014)։ Ինչպես արդեն նկատել են լրագրողներից ու վերլուծաբաններից շատերը, սույն հրահանգով Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին խստիվ արգելում է բացահայտել Տիգրան Սարգսյանի գլխավորած նախորդ կառավարության թերացումները, չարաշահումներն ու ապօրինությունները։ Որքան էլ արտառոց, բայց մեր իրականության մեջ այսպիսի հրահանգի արձակումը միանգամայն հասկանալի է, քանի որ նման բացահայտումների պարագայում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու մի կողմից արդարանալ, թե ինչպես է վեց տարի շարունակ հանդուրժել այդ ամենը, իսկ մյուս կողմից` փարատել կառավարության թերացումներին, չարաշահումներին ու ապօրինություններին իր տեղյակ կամ մասնակից լինելու վերաբերյալ բնականաբար ծագելիք կասկածները։
3. «Կառավարության ծրագիրն… ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և արդար աշխատանքը խրախուսելուն։ … Պարոն Հովիկ Աբրահամյանն իր փորձով, կառավարման ունակություններով, աշխատաոճով արդեն հասցրել է բավականին դրական սպասումներ ձևավորել կառավարության գործունեության հանդեպ» (24.05.2014)։ Թե հիրավի՞ «Աբրահամյանը դրական սպասումներ է ձևավորել կառավարության գործունեության հանդեպ», դա միայն Սերժ Սարգսյանին է հայտնի, բայց որ Աբրահամյանի «ծրագիրն» ամենևին ուղղված չէ «արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և այլն», երևում է վերջինիս կատարած առաջին իսկ գործնական քայլերից։ Ընդամենը պաշտոնավարման մեկամսյա ընթացքում Աբրահամյանը օրենսդրական փոփոխությունների ու կառավարական որոշումների միջոցով կատարել է հետևյալ դարակազմիկ «բարեփոխումները».
– Միաձուլել է ֆինանսների նախարարությունն ու Պետեկամուտների կոմիտեն, ինչը թե՛ տեղական, թե՛ միջազգային փորձագետների տեսակետից՝ շահերի ակնհայտ բախում և հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում.
– Վերացրել է շքեղության հարկը, ինչից բնականաբար օգտվելու են ոչ թե փոքր ու միջին ձեռնարկատերերը, այլ բացառապես մեծահարուստ գործարարներն ու կոռումպացված պաշտոնյաները.
– Խոշոր ձեռնարկատերերին ազատել է պարտադիր աուդիտի անցկացման պարտավորությունից` դրանով խորացնելով տնտեսության ստվերայնությունը.
– 800 մլն դրամի արտոնյալ վարկ է տրամադրել Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատին պատկանող «Միկշին» ընկերությանը, որը նաև, այսպես կոչված, կարմիր գծերի սեփականատերն է.
– Երեք տարով հետաձգել է Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկի «Արմյանսկի ուրոժայ» ընկերության կողմից ԱԱՀ-ի վճարումը, որի հետևանքով պետական բյուջեն զրկվում է 732 մլն դրամի հարկային եկամուտից.
– Եվ վերջապես, զավեշտի ժանրից, շրջանառության մեջ է դրել Կուտակային կենսաթոշակային հիմնադրամի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» լինելուն վերաբերող իդիոտիզմը։
Ինչևէ, բոլորի համար ակնհայտ ու հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենևին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանը ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով։ Թալանի և ընտրակեղծարարության մասով Սարգսյանը կարող է ոչ մի մտավախություն չունենալ, որովհետև այդ գործերի կազմակերպման համար Աբրահամյանից ավելի հարմար թեկնածու դժվար-թե գտներ։ Ինչ վերաբերում է երրորդ նկատառմանը, ապա այստեղ Սերժի սպասումը չարդարացավ, քանի որ Ծառուկյանը հրաժարվեց կոալիցիա ձևավորել ՀՀԿ-ի հետ, թեև համաձայնելու պարագայում ԲՀԿ-ն կարող էր ստանալ 7–8 նախարարի և 4–5 մարզպետի պաշտոն։ Չհաջողելով այս հարցում, վստահաբար, Սերժ Սարգսյանը փորձելու է Ծառուկյանին ներքաշել համագործակցության մի այլ դաշտ` նրան մասնակից դարձնելով Սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ինչի մասին ստորև։
բ. Մաքսային (Եվրասիական) միությանն անդամակցության գործընթացը
Մայիսի 29-ին, Աստանայում կայացած Եվրասիական միության գագաթնաժողովի ժամանակ, Սերժ Սարգսյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Պետությունների հարգելի ղեկավարներ …, հաշվի առնելով, որ մնացել է 2–3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը։ Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2–3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին»։ Եթե «խնդրում եմ» բառի կողքին Սարգսյանը դներ նաև «աղերսում եմ, պաղատում եմ, աղաչում եմ, թախանձում եմ» հոմանիշները, ապա նրա ստորաքարշության, փութաջանության և շտապողականության պատկերը լիակատար կդառնար։ Ինչո՞վ բացատրել այս փութաջանությունն ու շտապողականությունը, ինչն ապշեցուցիչ է մանավանդ Կիրգիզստանի ղեկավարության որդերգրած զուսպ, արժանապատիվ և անփութկոտ դիրքորոշման համեմատությամբ։
Այս հարցին ես անդրադարձել եմ դեռևս ս.թ. մարտի 1-ի իմ ելույթում, որից մի հատված, հիշեցման կարգով, ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը. «Չորս տարի շարունակ եվրոասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները… այսօր այնքան երդվյալ ռուսամետ ու Մաքսային միության ջատագով են դարձել, որ իրենց անսահմանորեն շոյված են զգում, երբ ռուս պաշտոնյաները ոչ միայն զարմանում, այլ նաև հիանում են իրենց փութաջանությամբ, ինչպես նախկինում շոյվում էին Արևմուտքի շռայլած գովեստներից։ Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը, գավառամտության արտահայտություն լինելուց առավել, բացատրվում է այն պարզ իրողությամբ, որ եթե առաջ նրանք համարում էին, որ իրենց օրինակարգության (լեգիտիմության) ճանաչումը կախված է Արևմուտքից, ապա այսուհետև այն կախված է լինելու Ռուսաստանից։ Բայց սա, եթե կուզեք, սոսկ հարցի բարոյական կողմն է, որը նույնիսկ կարելի է զանց առնել։ Սրանից շատ ավելի կարևոր է, անշուշտ, հարցի մյուս` քաղաքական կողմը։ Խոսքը բոլորովին չի վերաբերում Եվրոմիության և Ռուսաստանի միջև կատարված ընտրությունը դրական կամ բացասական գահատելուն, այլ այն նվաստացուցիչ ու վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով»։
Սերժ Սարգսյանը, ըստ այդմ, պատրաստ է ցանկացած զիջման, պատրաստ է առանց առարկությունների ընդունել Ռուսաստանի կողմից առաջարկված ցանկացած փաստաթուղթ, պատրաստ է ենթարկվել ցանկացած նվաստացման` հնարավորինս արագ եվրասիական միությանն անդամագրվելու և նախագահ Պուտինի բարյացակամությանն արժանանալու համար։ Նա լռելյայն կուլ տվեց գազի ստրկացուցիչ պայմանագիրը, շաբաթների ընթացքում ընդունեց Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այդ միության շրջանակներում բազմիցս արժանացավ նվաստացումների, որոնցից վերջինը Ղարաբաղի կապակցությամբ Նազարբաևի կողմից Աստանայում արված հայատարարությունն էր։ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունից ուղղակի անակնկալի եկավ ու Նազարբաևին չպատասխանեց, թեև Հայաստանի պատասխանը վաղուց պետք է պատրաստ լիներ, քանի որ այդ հարցը նորություն չէր` նույն Նազարբաևի և Լուկաշենկոյի կողմից բարձրացված լինելով դեռևս 2013թ. հոկտեմբերի 25-ին, Մաքսային միության Մինսկում տեղի ունեցած գագաթնաժողովում։ Սարգսյանն իր կրած նվաստացումն ավելի խորացրեց և արդեն ծիծաղելի դրության մեջ ընկավ, երբ Աստանայից երկու օր անց, հեռու-հեռվից (Ծաղկաձորից) հոխորտաց Նազարբաևի դեմ` նրա հայտարարությունը գնահատելով «տհաճ» և «սխալ» բառերով (31.05.2014), ինչի մասին այդպես էլ չհամարձակվեց բարձրաձայնել հենց տեղում։ Թեև ցավալի է, բայց պետք է համակերպվել այն իրողությանը, որ քանի դեռ Հայաստանում իշխանության գլուխ է Սերժ Սարգսյանի ղեկավարած ավազակախումբը, մեր երկիրն այսուհետև ևս պարբերաբար ենթարկվելու է այսպիսի նվաստացումների։ Որքան էլ անախորժ, այնուամենայնիվ նվաստացումներից շատ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ Եվրասիական միության շրջանակներում Ղարաբաղյան խնդրի նման տիպի արծարծումը հօդս է ցնդեցնում Սերժ Սարգսյանի այն պնդումը, թե իբր Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը թելադրված է եղել բացառապես Ղարաբաղի անվտանգության նկատառումով, ինչը, սակայն, առանձին քննության առարկա է և դուրս է այս հոդվածի շրջանակից։
գ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները
Նշված հարցին Սերժ Սարգսյանը հանգամանորեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ս.թ. մայիսի 27-ին կայացած նիստում։ Դատելով այդ ելույթից, ինչպես նաև միջոցառումների փաթեթի նախագծից, որին ծանոթ եմ, Սարգսյանը խնդիր է դրել ոչ թե վերաիմաստավորելու և Հայոց պետականության շահերից բխող նոր մակարդակի բարձրացնելու Ցեղասպանության խնդրի արծարծումը, այլ 100-ամյակի առիթը վերածելու հայրենաբնակ քաղաքացիների և սփյուռքահայության հայրենասիրական զգացմունքների շահարկմամբ սեփական հեղինակությունը ամրապնդելուն միտված էժան շոուի։ Այնինչ Ցեղասպանության 100‑ամյակը լավագույն առիթն է ազգային կոնսոլիդացիայի մի նոր, բեկումնային բնագիծ նվաճելու, ինչի նախադեպը տեղի ունեցավ Մեծ եղեռնի 50-ամյակի կապակցությամբ, որը նշանավորվեց Երևանում տեղի ունեցած զանգվածային ցույցերով, ինչպես նաև սփյուռքահայ երիտասարդության խելահեղ մաքառման ծավալմամբ, ինչի շնորհիվ սկսվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Կորցնել այս բացառիկ առիթը, կնշանակի սպասել ևս 50 տարի, իսկ թե այդ ժամանակ մեր երկիրն ու հայությունը ինչպիսի վիճակում կլինեն, միայն Աստված գիտե։
Բացի ասվածից, Սերժ Սարգսյանի ելույթում առկա են նաև մի քանի այլ մտահոգիչ պահեր, որոնց չեմ կարող չանդրադառնալ։ Նախևառաջ, որոշ դադարից հետո բացահայտ փորձ է արվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը կրկին դարձնել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարը, ինչի վկայությունն է Սարգսյանի ելույթի հետևյալ հատվածը. «Հայոց ցեղասպանության 100‑րդ տարելիցի նախաշեմին մենք ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը` ճանաչել և դատապարտել այս աննախադեպ ոճիրը։ Մենք, որպես պետություն և որպես ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այնպես էլ աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության դեմ»։ Խիստ կասկածում եմ, որ այս դիրքորոշումը մինչև վերջ ճշգրտորեն հաշվարկված է հետապնդվող խնդրի արդյունավետության տեսակետից, մանավանդ նկատի ունենալով, որ ամենաշատ թվով պետություններ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունները զերծ են մնացել նման դիրքորոշումից։
Իր ելույթում Սերժ Սարգսյանը նաև տարօրինակ կերպով դժգոհություն է հայտնում այն առթիվ, որ «պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին», այնուհետև ծաղրի ենթարկելով ու անհեթեթ համարելով այդ պահանջը։ Դժգոհությունը տարօրինակ է այն առումով, որ հայկական կողմից առաջին անգամ, 2008թ. հունիսի 23‑ին, Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հենց ինքն է համաձայնել այդպիսի հանձնաժողովի ձևավորմանը, նշելով բառացիորեն հետևյալը. «Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը։ Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետություննների միջև»։ Հավանաբար զգալով, բայց քաջություն չունենալով խոստովանելու իր կատարած սխալը, Սարգսյանը մոռանում կամ ուզում է մոռացության տալ այն խայտառակ փաստը, որ ինքն է նաև համաձայնություն տվել խնդրո առարկա հանձնաժողովի մասին դրույթը հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրություններում ընդգրկելուն, և այսօր, անտեսելով այդ փաստը, արդեն հանդես է գալիս այդ հանձնաժողովի թունդ հակառակորդի դերում։ Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։
Ինչ վերաբերում է նույն ելույթի միջոցով հաջորդ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ Թուրքիայի նախագահին հղված հրավերին, ապա ես համակարծիք չեմ այն մարդկանց հետ, ովքեր դա Սերժ Սարգսյանի տղայամտությանն են վերագրում, ավելի հակված լինելով քչերի տեսակետին, որոնք այդ հրավերը Հայաստանի և Թուրքիայի միջև երրորդ կողմի միջնորդությամբ կայացած պայմանավորվածության արդյունք են համարում։ Ուստի չեմ բացառում, որ Թուրքիայի նախագահն իսկապես կարող է այցելել Հայաստան և նույնիսկ պսակ դնել Եղեռնի հուշարձանին։ Թուրքական կառավարությունը, թեև ուրանալով Ցեղասպանության իրողությունը, վարչապետ Էրդողանի շուրթերով ս.թ. ապրիլի 23-ին ընդունել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի այլ ազգերի շարքում նաև «բազմահազար» հայերի կոտորածի փաստը և նույնիսկ կարեկցանք հայտնել նրանց հարազատներին, հետևաբար այդ երկրի ղեկավարը դժվարություն չունի մասնակցելու պսակադրության արարողությանը։ Հայկական կողմը դա կարող է ընկալել որպես Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության մասնակի ճանաչման փաստ, իսկ թուրքական կողմը՝ որպես սեփական երկրի քաղաքացիների հիշատակին մատուցված հարգանքի տուրք։ Ավելորդ չէ նշել, որ այդ այցելությամբ ֆուտբոլային դիվանագիտության տապալումից հետո կսկսվի հայ-թուրքական հաշտեցման գործընթացի երկրորդ փուլը, եթե, իհարկե, Ցեղասպանության 100-ամյակի առթիվ անխուսափելիորեն ծավալվելիք երկուստեք քարոզչության-հակաքարոզչության ընթացքում կրքերն այնքան չբորբոքվեն, որ այդ այցելությունն անհնարին դառնա։
դ. Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումը
Մինչ այժմ ներկայացված մռայլ պատկերն առ ոչինչ կարելի է համարել Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության համեմատությամբ, որը միտված է պետականության հիմքերը վերջնականապես խարխլելուն։ Ի՞նչ անհրաժեշտություն կա, երկրում կուտակված և հրատապ լուծում պահանջող ահռելի խնդիրների առկայության պայմաններում, փոխել գործող Սահմանադրությունը։ Սարգսյանը դրա անհրաժեշտությունը փորձում է հիմնավորել ՀՀԿ 15-րդ համագումարում ունեցած իր ելույթում. «Մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքը կապված է նաև համակարգային փոփոխությունների հետ։ Այդ առումով էական նշանակություն կունենան հատկապես սահմանադրական բարեփոխումները։ Այդ բարեփոխումները որակական նոր փուլ կլինեն երկրում կայուն ժողովրդավարական համակարգ հաստատելու և իրավական պետություն կերտելու առաջնահերթ խնդիրներում» (24.05.2014)։ Հարց է առաջանում՝ գործող Սահմանադրությո՞ւնն է խանգարում, որ սոցիալ-տնտեսական վերելք ապահովվի, կայուն ժողովրդավարական համակարգ հաստատվի և իրավական պետություն կերտվի, գործող Սահմադրությո՞ւնն է թույլ տալիս անխնա կողոպտել սեփական ժողովրդին, նրան մղել զանգվածաբար բռնելու գաղթի ճանապարհը, վայրագաբար կեղծել անխտիր բոլոր ընտրությունները, սառնասրտորեն գնդակոծել խաղաղ ցուցարարներին, զնդանները նետել քաղաքական հակառակորդներին։ Հետևաբար, ի՞նչ երաշխիք կա, որ բարեփոխված Սահմանադրության պարագայում Սերժ Սարգսյանը կամ իր նմանակները նույնը չեն անելու։ Ո՞ւմ է նա հիմարի տեղ դրել, որպեսզի հավատացնի, թե սահմանադրական բաեփոխումները ձեռնարկում է բարի նպատակներով՝ պետության և ժողովրդի շահերից դրդված։
Որպեսզի միամիտներին համոզի, թե սահմանադրական բարեփոխումների հարցում ինքը ոչ մի անձնական շահագրգռություն չունի, Սերժ Սարգսյանն իր մի այլ ելույթում սեթևեթանքով հայտարարել է հետևյալը. «Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելի է։ …Ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով… և հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին» (10.04.2014)։ Այս հուզաթաթավ խոսքերի տակ սրատես վերլուծաբանները, որոնց աչքից գրեթե ոչինչ չի վրիպում անմիջապես հայտնաբերեցին ու ճշգրտորեն հաշվարկեցին, որ մտադրություն չունենալով զբաղեցնելու Հանրապետության նախագահի կամ վարչապետի պաշտոնը, Սարգսյանը համեստաբար բավարարվելու է Հանրապետական կուսակցության «Գենսեկի» իրավասությամբ Ազգային ժողովի նախագահի աթոռին բազմելու ու դրանով սեփական իշխանությունը հավերժացնելու ազգանվեր առաքելությամբ, ինչի համար հայ ժողովուրդը անսահմանորեն երախտապարտ պետք է լինի իրեն և իր արձանը կանգնեցնի Միկոյանի արձանի կողքին։ Սերժ Սարգսյանի մտահղացած սցենարն այնքան պարզունակ ու թափանցիկ է, որ իզուր է նա զարմանում, թե ինչու են այն քաղաքական ուժերն ու գործիչները, «որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, այսօր պնդում են, որ սահմանադրական փոփոխության կարիք ընդհանրապես չկա» (24.05.2014)։ Եթե Սարգսյանը կարծում է, որ այդ քաղաքական ուժերն ու գործիչները հիմար են ու ոչինչ չեն հասկանում, ապա չարաչար սխալվում է։
Բացի նշված ռազմավարական (ստրատեգիական) խնդրից, սահմանադրական բարեփոխումների ձեռնարկմամբ Սերժ Սարգսյանը փորձում է լուծել նաև մի քանի մարտավարական (տակտիկական) խնդիրներ, որոնք, թեև նույնպես նկատված են լրագրողների ու վերլուծաբանների կողմից, բայց նյութի ամբողջականության նկատառումով չեմ կարող այստեղ չկրկնել դրանցից ամենակարևորները.
1. Սահմանադրական փոփոխությունների խնդիրն առաջ քաշելով, Սերժ Սարգսյանը հույս է փայփայում քաղաքացիական շարժումներին ու քաղաքական կուսակցություններին, մասնավորապես Քառյակին, շեղել իրենց օրակարգից, նրանց ներքաշել սահմանադրության նոր նախագծերի անիմաստ քննարկումների մեջ՝ ներկայիս ներքաղաքական գերլարված իրավիճակից դուրս գալու, ժամանակ շահելու և սեփական դիրքերն ամրապնդելուց հետո իր ռազմավարական ծրագրի իրականացմանն անցնելու նպատակով։
2. Նկատի ունենալով, որ Քառյակի մաս կազմող որոշ ուժեր մշտապես կողմ են արտահայտվել կառավարման խորհրդարանական համակարգին, Սերժ Սարգսյանի կարծիքով, դա պետք է պառակտում առաջացներ Քառյակի ներսում, այդպիսով քայքայելով կամ գոնե թուլացնելով իր համար ուղղակի պատուհաս դարձած ընդդիմադիր դաշինքը։ Բայց այս հարցում, ինչպես արդեն ասվեց, Սարգսյանի հույսերն ի դերև ելան, քանի որ հասկանալով նրա բուն մտադրությունները, նույնիսկ այդ ուժերն այսօր դեմ են սահմանադրական փոփոխություններին։
3. Ավազակապետական համակարգի հուսալքությունն ու փլուզումը թույլ չտալու համար Սերժ Սարգսյանը ձգտում է սեփական թիմին, մասնավորապես պետական ապարատի վերնախավին ներշնչել, որ թեև գործող Սահմանադրության համաձայն, զրկված է երրորդ անգամ անընդմեջ ՀՀ նախագահի պաշտոնում «վերընտրվելու» իրավունքից, բայց սահմանադրական բարեփոխումների միջոցով պահպանելու է իր իշխանությունը, ուստի թիմը անհանգստանալու և իշխանական դիրքերն ու կուտակած հարստությունը կորցնելու մտավախություն չպետք է ունենա։
4. ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը երկու անգամ անդրադառնում է «դասական երկբևեռ քաղաքական համակարգի» ձևավորման գաղափարին (24.05.2014)։ Եթե ոմանց կարող է թվալ, թե այս գաղափարը Սարգսյանի ուղեղում ծնվել է քաղաքագիտության այբուբենի սերտման արդյունքում, ապա այդպես կարծողներին ես պետք է հիասթափեցնեմ։ Իմ խորին համոզմամբ, երկբևեռ կամ երկկուսակցական քաղաքական համակարգի գաղափարն ընդամենը ճղճիմ հաշվարկի վրա կառուցված թափանցիկ պատգամ (մեսիջ) է՝ հասցեագրված Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Դրանով Սերժ Սարգսյանը, ըստ էության, վերջիններիս ստորագույն քաղաքական գործարք է առաջարկում, այն է՝ թեկուզ միայն սահմանադրական բարեփոխումներին համաձայնություն տալու դիմաց ապագա ընտրություններում ՀՀԿ-ի հետ «ախպերավարի» կիսել խորհրդարանական մանդատները և հաշտ ու խաղաղ տիրել Հայաստանին, իհարկե, ԲՀԿ-ին վերապահելով կրտսեր գործընկերոջ կամ «կուճուր ախպոր» կարգավիճակը։ Բայց քանի որ թե՛ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն բազմիցս վճռականորեն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, վստահ եմ, որ նրանք ոչ մի պարագայում չեն կուլ տա այս խայծը։ Այլապես նրանք կկորցնեն վերջին երկու տարվա ընթացքում ձեռքբերած հեղինակությունն ու լուրջ քաղաքական գործոնի վաստակած համբավը։ Եվ ընդհանրապես, որևէ քաղաքական ուժ, որը կաջակցի սահմանադրական բարեփոխումների ձախորդ նախաձեռնությանը, կդառնա Հայաստանի գերեզմանափորների՝ Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած Հանրապետական կոչվող ավազակախմբի մեղսակիցը։
* * *
Ահա և Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը՝ իր բոլոր մանրամասներով։ Ինչպես տեսանք, թե՛ նոր կառավարության ձևավորման, թե՛ Եվրասիական միությանն անդամակցության, թե՛ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների անցկացման և թե՛ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցերում Սերժ Սարգսյանն առաջնորդվում է բացառապես իր և սեփական ավազակախմբի շահերով, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն պետության և ժողովրդի շահերի հետ, այլև խորապես հակասում են դրանց։ Ուստի պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից։ Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի և բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը։
Աղբյուր՝ civilnet.am